Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԶՐՈՒՅՑԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ



Զորամասում առողջ և կուռ անձնակազմ ձևավորելու, ինչպես նաև ոչ կանոնադրական հարաբերությունները բացառելու, փողոցային բարքերի ներթափանցումը կանխելու գործում խիստ կարևոր է նորակոչիկների հետ ուսումնական ստորաբաժանումների հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների աշխատանքը: Անհատական վերաբերմունքը, ծնողների և հարազատների հետ համագործակցությունը, ինչպես նաև բացասական վարքագծի և դրսևորումների ի հայտ գալը կանխարգելելն այն կարևոր գործոններից են, որոնք կարող են շրջադարձային դառնալ ոչ միայն ապագա զինվորի կայացման գործում, այլ նաև բացառել արատավոր երևույթների ներթափանցումը զինված ուժեր:

Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասն ամեն զորակոչի համալրվում է նորակոչիկներով: Այստեղ անցկացվում են նաեւ սերժանտների պատրաստման դասընթացներ: Ուսումնական ծրագրերի ճիշտ եւ արդյունավետ իրականացումը մեծապես կախված է կուրսանտների հետ անմիջական աշխատանք տանող սպաներից, նրանց փորձառությունից եւ հմտությունից: Կապիտան Հմայակ Աշոտյանը ուսումնական ականանետային մարտկոցի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է, եւ նա մեծ պատասխանատվությամբ է իրականացնում իր ծառայությունը, որն սկսվում է զորամաս նորակոչիկի կամ կուրսանտի ժամանելու առաջին իսկ րոպեից: Արդեն մի քանի տարի է, ինչ նա կատարում է ուսումնական ստորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պարտականությունները եւ ունի աշխատանքի իր գործելակերպը, որը համահունչ է զինպատրաստության ընդհանուր դրույթներին:

-Նորակոչիկի հետ զրուցելիս փորձում եմ բացահայտել նրա անձնական-անհատական հատկանիշները, նրա պատրաստվածության աստիճանը: Առավել մեծ ուշադրություն եմ դարձնում զինվորի ընտանեկան եւ սոցիալական վիճակին, փորձում եմ տեղեկանալ անձնական խնդիրներին: Նման մեթոդիկան շատ կարեւոր է զինծառայողի վարքագիծը ճանաչելու համար: Անհատական զրույցների ժամանակ բացահայտվում է զինծառայողի ներաշխարհը, իսկ որոշակի խնդիրների առկայության դեպքում փորձում ենք աջակցել նրան: Ճանաչողական զրույցների ժամանակ նորեկներին ծանոթացնում եմ նաեւ զորամասի ընդհանուր վիճակը, տարածքը, տիրող բարքերն եւ ավանդույթները, – նշում է կապիտան Աշոտյանը:

Զորամասում մեծ ուշադրություն է դարձվում նորակոչիկների հոգեվիճակին, որպեսզի ավելորդ ընկճվածության եւ նյարդայնության առիթ չլինի:

Առօրյայում կապիտան Աշոտյանի համար կարեւորվում է անգամ նորակոչիկի բառապաշարը զինակիցների հետ շփվելիս, հաղորդակցվելու եղանակը, որոնք շատ անհրաժեշտ գործոններ են կոլեկտիվում ինտեգրվելու համար: Նրա կարծիքով՝ նորակոչիկի կամ կուրսանտի վրա փողոցի ազդեցությունն իրեն զգացնել է տալիս առաջին իսկ պահից…

– Մենք փորձում ենք հենց սկզբից փոխել զինծառայողի բառապաշարը եւ այն զինվորական դարձնել: Ամենօրյա աշխատանքների ընթացքում ուղղում, ներդնում եմ կանոնակարգով հաստատված բառապաշարը, փորձում վերացնել օգտագործվող գռեհկաբանությունն ու ժարգոնը: Դա եւս մի կարեւոր եւ անհրաժեշտ միջոց է՝ արգելափակելու փողոցային բարքերի ներթափանցումը զորամաս: Բայց, բնական է, որ Հայաստանի տարբեր մարզերից զորակոչված զինծառայողները երբեմն խոսում են իրենց բնակատեղիին հատուկ բարբառով: Եվ այդ տեսանկյունից յուրաքանչյուրն ունի իր բառապաշարը, խոսվածքը: Փորձում ենք գրական հայերենով խոսելու միջավայր, մշակույթ ստեղծել, – ասում է սպան:

Զինծառայողների տարածքային պատկանելությունը եւս ազդում է զինծառայողների փոխհարաբերությունների ձեւավորման վրա: Կապիտան Աշոտյանի կարծիքով՝ հայրենակցությունն ունի իր առանձնահատկությունները եւ կարող է նույնիսկ դրական ազդեցություն ունենալ նորակոչիկի կամ նորեկ կուրսանտի հոգեբանության վրա, երբ ավագ ընկերներն օգնում են հաստատվել, հարմարվել ուսումնական գործընթացում եւ նոր միջավայրում:

– Որեւէ շրջանից լինելը, տարածքային ծագումնաբանությունը չի կարող որեւէ մեկի համար առավելություն կամ թերություն լինել, մանավանդ միեւնույն անձնակազմում հարաբերվելիս: Այսպես ասած՝ «զեմլյակների» այս խմբերը մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում, եւ եթե նկատում ենք, որ արդեն խմբավորումներ են կազմավորվում, կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում:

ԱՀՏԱ գծով տեղակալը սկզբունքային է նաեւ զորամասում աղանդավորական գաղափարների տարածումը կանխելու հարցում: Այստեղ նրան օգնում են նաեւ հասարակական ակտիվները: Եթե զրույցների ընթացքում պարզվում է, որ նորակոչիկը որեւէ աղանդավորական շարժման հետեւորդ է, այդ մասին զեկուցվում է վերադաս հրամանատարությանը, փորձում են զրուցել զինվորի, նրա ծնողների հետ: Եվ եթե զինվորի կրոնական ու գաղափարական համոզմունքները չեն հակադրվում զինապարտության մասին օրենքին, որեւէ քայլեր չեն ձեռնարկվում:

Մեր զորամասում դեռ չեն եղել դեպքեր, երբ զինվորականը լինի բացահայտ աղանդավորական կամ հրաժարվի ծառայությունից: Անհրաժեշտության դեպքում անհատական զրույցներ է վարում մեր զորամասի հոգեւոր սպասավորը: Պատահել է՝ զինվորը չի հարմարվել ծառայությանը, բայց հետո ամեն ինչ կարգավորվել է, երբ զորամաս են հրավիրվել ծնողները, եւ նրանց մասնակցությամբ համապատասխան բացատրական աշխատանք է տարվել,- նշում է կապիտան Աշոտյանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ազգային բանակ


12/03/2015