Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է



2009 թ. մարտ ամսին ստեղծվեց ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչությունը: Երկրի անվտանգության համակարգում այդ՝ համեմատաբար երիտասարդ կառույցի խնդիրների, անցած ավելի քան վեց տարիների ընթացքում կատարված աշխատանքների, զարգացման հեռանկարների մասին է մեր հատուկ թղթակից, փոխգնդապետ Արամ Ներսիսյանի հարցազրույցը վարչության պետ, գեներալ-մայոր ԳԵՆԱԴԻ ՏԱՎԱՐԱԾՅԱՆԻ հետ:

-Պարոն գեներալ, խնդրում եմ՝ ասեք՝ ինչպե՞ս ստեղծվեց ռազմավարական պլանավորման վարչությունը, ներկայացրեք ուսումնասիրության առարկա ուղղությունները:

-Վարչությունը կազմավորվել է վեց տարի առաջ, մարտ ամսին: Ես այդ ժամանակ սովորում էի ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիայում: Օգոստոս ամսին ավարտելով ուսումս՝ վերադարձա և նշանակվեցի վարչության պետի պաշտոնում: Ասեմ, որ մեր թվով ոչ մեծ անձնակազմը համալրված է փորձառու մասնագետներով, սպաներով, որոնք ժամանակին ծառայել են զորքերում:

Խնդիրները, որոնք դրված են վարչության առջև, արդեն իսկ խոսում են երկրի անվտանգության համար ԶՈւ համակարգում այսպիսի կառույց ունենալու անհրաժեշտության մասին: Մեր գլխավոր առաջադրանքը երկրի պաշտպանունակության ռազմավարական վերանայումն է` տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության գնահատումը, ժամանակակից պատերազմների բնութագրական վերլուծությունները և դրանցից բխող մեր ԶՈւ զարգացման համար հետևություններ անելը: Մենք որոշում ենք, թե մեզ համար որ ուղղությունների զարգացումն է առավել նպատակահարմար և առաջարկությունները ներկայացնում ենք ԳՇ պետին ու պաշտպանության նախարարին: Եթե այդ առաջարկներն ընդունվում են, մենք սկսում ենք մանրամասն պլանավորման աշխատանքները:

Այսպիսով՝ մենք պատրաստում ենք ԶՈւ զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, որոնք իրենց մեջ ներառում են ամեն ինչ. կառուցվածք, հաստիքակազմ, ռազմական տեխնիկա և այլն: Այս պլանները հաստատում է ՀՀ Նախագահը, իսկ կատարումը դրվում է կառավարության վրա: Պետական բյուջեից ամեն տարի համապատասխան գումարներ են հատկացվում նախատեսված ծրագրերն իրականացնելու համար: Ասեմ նաեւ, որ զարգացման պլանի մեջ են մտնում երկրի տարածքի օպերատիվ միջոցները. դրանք են` երկրի ռազմական նշանակության ճանապարհները, նյութական միջոցների պահպանման պահեստները, ղեկավարման համակարգերը, կետերը, կապի միջոցները, ջրանցքները, խողովակաշարերը և այլն: Այսինքն` մեր ենթակառուցվածքները պետք է ապահովեն զորքերի կենսագործունեությունը:

Ուսումնասիրելով ժամանակակից պատերազմների բնույթը՝ կատարում ենք նաև հայեցակարգային մշակումներ: Օրինակ՝ դրանցից մեկը, որ արժանացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավանությանը և ներառվել է զորքերի մարտական պատրաստության ծրագրերում՝ հրամանատրում առաջադրանքի միջոցով հայեցակարգն է: Պատերազմական իրավիճակի արագ զարգացումը, իր վատ և լավ կողմերով, բերում է կենտրոնացված կառավարման կորստի, իսկ այս հայեցակարգը կրտսեր հրամանատարին ծայրահեղ, անկանխատեսելի իրավիճակներում ինքնուրույն որոշումներ ընդունելու և արագ գործելու, ընդհանուր խնդիրներն ու անհետաձգելի առաջադրանքներն իրականացնելու հնարավորություն է տալիս:

-Պարոն գեներալ, եթե հանկարծ կրտսեր հրամանատարն ինքնուրույն գործի, բայց հաջողության չհասնի, այդ դեպքում նրան չե՞ն մեղադրի ինքնագլուխ որոշումներ ընդունելու համար:

-Հենց այդ պատճառով է, որ հայեցակարգն ընդգրկվել է ուսումնական ծրագրերում: Հարկավոր է շատ մարզվել, պարապել, նպատակային օգտագործել խաղաղ ժամանակվա ընձեռած բացառիկ հնարավորությունները: Ի վերջո, մեկը միշտ էլ կարող է ձախողվել, բայց մյուսները անպայման կհասնեն հաջողության: Պատերազմում ամեն ինչ հնարավոր է, եթե հնարավոր ձախողումից զգուշանանք, առաջընթաց չենք ունենա, կդոփենք տեղում:

-Կպատմե՞ք Ձեր մշակած, պլանավորած և իրականացրած ծրագրերի մասին, բնականաբար հարցս կարճաժամկետ ծրագրերին է վերաբերում:

-Կարճաժամկետ ծրագրի իրականացման առաջին փորձը կատարվել է 2010 թվականին, որը մեզ համար առաջին փորձն էր: Ասել, թե ամեն ինչ լավ էր ստացվել, կարծում եմ, ճիշտ չէ, բայց, ընդհանուր առմամբ, հաջողված էր: Դեռ այն ժամանակ մենք ներկայացրել էինք, թե ինչպիսին են լինելու պատերազմները տասը տարի անց, և ինչպես պետք է դրան պատրաստվենք, ինչպիսի զենքեր պետք է ունենանք: Մենք պարբերաբար ուսումնասիրում ենք մեր իսկ կատարած աշխատանքները, վեր ենք հանում մեր սխալները, վրիպումները:

-Կառավարությունում կա՞ այնպիսի բաժին, կա՞ն մասնագետներ, որոնց հետ Դուք աշխատում եք, որոնք օգնում են Ձեզ:

-Լավ հարց է: Ասեմ՝ արդեն չորս տարի է սերտորեն աշխատում ենք կառավարության բոլոր կառույցների, նախարարությունների հետ, հիմնականում՝ փոխնախարարների մակարդակով: Նրանց հետ համատեղ կազմակերպում ենք մեկ կամ երկշաբաթյա հավաքներ: Պարապմունքներ ենք անցկացնում ռազմավարության, պլանավորման, տարածքային պաշտպանության թեմաներով: Քննարկում ենք հարցեր, որոնց բախվել ենք պատերազմի ընթացքում: Հարցեր, որոնք քննարկումների առաջին շրջանում նրանց համար տարբեր պատճառներով հասկանալի չէին, բայց ժամանակի հետ ամեն ինչ փոխվեց: Եվ այժմ բոլոր միջոցառումները մասնագիտական բարձր մակարդակով են անցկացվում: Տարին երկու անգամ նրանց ընդգրկում ենք մարտավարական զորավարժություններում: Կանոնավոր են դարձել շտաբային մարզումները: Հաստատված պլանով վարժանքներ են անցկացվում նախարարությունների, մարզերի, տեղական ինքնակառավարման մյուս մարմինների հետ: Անցած տարի մեր անցկացրած «Արձագանք» զորավարժությանը մասնակցեցին բոլոր նախարարությունները, գերատեսչությունները: Մարդիկ երեք-չորս օր հրամանատարական կետերում աշխատում, մարտական խնդիրներ էին կատարում: Այս տարվա զորավարժությունների ծավալներն ավելի մեծ կլինեն, կմասնակցեն նաև ոստիկանության, տարածքային կառավարման եւ այլ մարմինների ստորաբաժանումները:

Այս ամենը նախապես համաձայնեցվում է ՀՀ Նախագահի հետ և, իմ կարծիքով, ռազմական գործի պատրաստության նման ծավալուն գործընթացը մեր երկրի կարևոր ձեռքբերումներից է:

Համագործակցության մի առանձին ուղղություն էլ զորահավաքային կարողությունների ճշտմանն ու պլանավորմանն է վերաբերում, որը նույնպես մշտական գործընթաց է: Առանց ԶՈւ ԳՇ պետի համաձայնության որևէ նախարարության կամ մարզի զորահավաքային պլան չի կարող հաստատվել: Միաժամանակ ԳՇ պետը կարող է ստուգել տվյալ պատասխանատու կառույցներից յուրաքանչյուրի կատարած աշխատանքները:

– ԳՇ վարչություններն ու բաժինները համագործակցո՞ւմ են Ձեզ հետ, մասնակցո՞ւմ են պլանների մշակմանն ու կազմմանը:

-Իհարկե, անհնար է պլանավորումը կատարել առանց զորատեսակների անմիջական մասնակցության: Հենց իրենք են որոշում, թե ինչ կամ ինչեր են իրենց անհրաժեշտ: Իրենք գիտեն, թե ինչպե՞ս է հնարավոր տվյալ համալրումը, ի՞նչ միջոցներով, ի՞նչ ձևերով: Բոլոր տվյալներն իրենց մոտ կան: Մենք կանոնակարգում ենք մոտեցումները և ներկայացնում պաշտպանության նախարարին ու ԳՇ պետին:

-Պարոն գեներալ, հետաքրքիր է իմանալ ժողովրդագրական հաշվարկներ արվո՞ւմ են, թե՞ ոչ, այսինքն` մոտավորապես ճշտվո՞ւմ է, թե հինգ կամ տասը տարի հետո որքան ծնունդ կլինի, որքան զինվոր, զորահավաքային ռեսուրս կունենանք:

-Այդ ուղղությամբ վիճակագրական հետազոտություններ կառավարությունում, ավելի որոշակի՝ սոցապնախարարությունում կատարվում են: Մենք հաշվարկներ ենք կատարում նաեւ կարճ ժամանակահատվածի համար. օրինակ՝ մոտավորապես գիտենք, թե որքան ծնունդ կլինի 2018, 2019, 2020 թթ.-ին: Այդպիսի կանխատեսումներ ունենք:

-Իսկ ռազմավարական պլանավորման մեջ արտացոլվո՞ւմ են համագործակցության եզրերը գործընկեր ռազմաքաղաքական կառույցների՝ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի հետ:

-Անպայման: Օրինակ՝ ՀԱՊԿ անդամ երկրների հետ մենք ունենք ամուր կապեր, համագործակցության եզրեր: Մենք հաճախ ենք հանդիպում, անցկացնում քննարկումներ, կազմում պլաններ, փորձի փոխանակում իրականացնում: Մեր մասնագետների բարձր որակավորումը թույլ է տալիս հավասարը հավասարի հետ քննարկումներ ծավալել ռուս, բելառուս, ղազախ բարձրաստիճան սպաների, գեներալների հետ: Նույն հարաբերություններն են ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ: Միասին ենք քննարկել ռազմավարական վերանայման ծրագիրը: Հաճախ ենք շփվում անգլիացի, ամերիկացի գեներալների հետ: Ուրիշ հարց է, որ մեր և նրանց ԶՈւ անձնակազմերի պայմանները հիմնովին տարբերվում են: Մեր զինվորների մի զգալի մասը գտնվում է առաջնագծում, նրանցը՝ մշտական տեղակայման վայրերում, զորանոցներում, որտեղ նրանց վտանգ չի սպառնում: Եվ եթե նրանք այսօր մի տեղ սխալվեն, վաղը կուղղեն, իսկ մերոնց սխալը կարող է ճակատագրական լինել:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանի ԶՈւ հավասարակշռված քաղաքականությունը ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ գնահատվո՞ւմ է վերջիններիս կողմից:

-Աշխատանքային հանդիպումների ժամանակ երկուստեք քաղաքական հարցեր չենք շոշափում: Հաշվի առնելով հարաբերությունների անկեղծությունը, պարզությունը, կարծում եմ, գնահատվում է:

-Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարների մասին:

-Մենք հաճախ ենք հանդիպում ռազմարդյունաբերության բնագավառի ղեկավարների հետ, քննարկում տարբեր հարցեր, և կարող եմ հավաստիացնել, որ ոլորտը զարգացման մեծ ներուժ, հեռանկար ունի: Ամեն ինչ կազմակերպելու հմտության մեջ է:

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/03/2015