ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ
2014 թվականի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահպանել է երկրորդ տեղն աշխարհում զենքի արտահանման ցուցանիշով` զիջելով միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Այնինչ այս տարի այդ ցուցանիշը նվազել է, որի մասին տեղեկանում ենք Կոլորադո նահանգում հիմնված HIS միջազգային խորհրդատվական ընկերության վերջերս հրապարակած զեկույցից:
Ըստ այդ տվյալների՝ ռուսական զենքի արտահանումն անցած տարի հասել է 10 մլրդ դոլարի, ինչը 2013 թվականի համեմատությամբ 9 տոկոսով ավելի է: Ռուսական պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման հիմնական ուղղությունը 2014 թվականին եղել է Չինաստանը (2,3 միլիարդ դոլար), հաջորդը Հնդկաստանն է (1,7 մլրդ դոլար), ապա եւ՝ Վենեսուելան և Վիետնամը (1մլրդ դոլար): HIS-ի վերլուծաբանները նախազգուշացնում են, որ նավթի գների անկումը և ռուսական զենք արտահանողների նկատմամբ միջազգային պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան եւ կհանգեցնեն դժվար կացության: «2015 թվականին նախատեսվում է արտահանման անկում, քանի որ խոշորագույն ծրագրերը մոտ են կասեցման, և այս միտումը, ամենայն հավանականությամբ, կարող է խորանալ պատժամիջոցների պատճառով»,-ասվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները կանխատեսում են դժվարություններ նաև ռուսական զենքի հիմնական սպառողների համար: «Նավթի գների անկումը բացասական հետեւանքներ կունենա նավթի ցածր գների նկատմամբ զգայուն «հաճախորդների» համար, ինչպիսիք են Վենեսուելան և Իրանը: Այս խնդիրը կբարդանա նաեւ այն պատճառով, որ չինական արդյունաբերությունը կթուլացնի կախվածությունը ռուսական տեխնոլոգիաներից», – ասվում է ուսումնասիրության մեջ:
2014 թվականին չի փոխվել զենքի համաշխարհային արտահանողների լավագույն տասնյակը: Ռուսաստանին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաջորդում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Իսրայելը, Չինաստանը, Իսպանիան և Կանադան: Եթե հաշվի առնենք իրավիճակը ըստ առանձին արտահանող ընկերությունների, ապա ցուցակում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ամերիկյան կորպորացիաները՝ BOEING, LOCKHEED MARTIN և RAYTHEON: Ռուսաստանն առաջին տասնյակում ներկայացնում են «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգը և «Միացյալ ավիաշինարարական կորպորացիան»: Զեկույցի համաձայն` 2014 թվականին աշխարհի խոշորագույն ներմուծողը դարձել է Սաուդյան Արաբիան՝ իր ցուցանիշով գերազանցելով Հնդկաստանին: Թագավորությունը անցած տարի գնել է 54%-ով ավելի զենք, քան 2013 թվականին: Հաշվի առնելով 2015 թվականին նախատեսվող ձեռքբերումների ծավալի աճը, ներմուծման ցուցանիշներն այս տարվա վերջին պետք է հասնեն 9,8 մլրդ դոլարի: Ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ զենքի մատակարարման համար առավել գրավիչ վայր, որի ծավալները, ըստ HIS-ի փորձագետների, առաջիկա տարիներին գնահատվում են 110 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Համեմատության համար նշենք, որ զենքի առևտրի ընդհանուր ծավալը 2014 թվականին կազմել է 64,4 մլրդ դոլար ( 56,8 մլրդ դոլար մեկ տարի առաջ): 2014 թվականին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն միասին ձեռք են բերել 8,6 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական համակարգեր, ինչն ավելին է, քան ամբողջ Արևմտյան Եվրոպայի երկրներինը միասին վերցրած:
Տվյալ տարածաշրջանում անցած տարվա ընթացքում ամենաշատ զենք արտահանել է ԱՄՆ-ն՝ 8,4 մլրդ դոլար: Նրան հաջորդում է Մեծ Բրիտանիան (1,9 մլրդ դոլար), Ռուսաստանը (1,5 մլրդ դոլար), Ֆրանսիան (1,3 մլրդ դոլար ) և Գերմանիան (1մլրդ դոլար ): Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջատար դերը պատկանում է Չինաստանին, որը ունենալով արագ աճող ռազմական բյուջե, անցած տարի աշխարհի զենք ներկրող խոշորագույն երկրների ցուցակում հինգերորդից տեղափոխվել է երրորդ հորիզոնական: 2014 թվականին աշխարհի առաջատար զենք կրողների ցուցակը տարածաշրջանում այսպիսին էր՝ Սաուդյան Արաբիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄԷ, Թայվան, Ավստրալիա, Հարավային Կորեա, Ինդոնեզիա, Թուրքիա, Պակիստան:
Թարգմանեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Ռազմական