Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐ ՍՈՒՎՈՐՈՎԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ



Նշանավոր զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի (1730-1800) անվան հետ են կապված 18-րդ դարի երկրորդ կեսի ռուսական զենքի բազմաթիվ հաղթանակները:

Նա պատմության մեջ, ամենից առաջ, մտել է որպես պարտություն չկրած տաղանդավոր զորահրամանատար ու մեծարվել «Գեներալ առաջ» պատվանունով:

Դեռ կենդանության օրոք նրա սխրանքների և մարդկային նկարագրի՝ մարդասիրության, հոգատարության, հավատի մասին հյուսվել են բազմաթիվ լեգենդներ ու զրույցներ:

Ահա այդ պատմություններից մի քանիսը:

«ԱՄԵՆԱՎԱՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ Է ԲԱՐԻ ԿՌՎԻՑ»

Սուվորովի ներկայությամբ մի անգամ խոսակցություն եղավ ռազմական գործողությունների մասին: Զրուցակիցներից մեկը, ցանկանալով շոյել Սուվորովի ինքնասիրությունը, ասաց.

– Ձերդ պայծառափայլությունը, ինչ խոսք, պատերազմի բուռն տենչ ունի…

– Ի սեր Աստծո, – առարկեց Սուվորովը, – Աստված հեռու պահի նման «մոլությունից»: Իմ նպատակն է պատերազմը հասցնել խաղաղության, այլ ոչ թե խախտել խաղաղությունը պատերազմի համար…

Ամենավատ խաղաղությունը լավ է բարի կռվից:

ԻՏԱԼԱԿԱՆ ԱՊՈՒՐ

Հաղթական մի մարտանցից հետո Իտալիայում զինվորները գետափին նստոտեցին երթադադարի: Մոտները, սակայն, չկար ո՛չ պաքսիմատ, ո՛չ էլ որեւէ այլ նպարեղեն: Խիստ քաղցած ու հոգնատանջ մարտիկները «հնարը» գտան. պայուսակներից հանեցին գդալներն ու սկսեցին ջուր կոնծել…

Այդ պահին անսպասելիորեն նրանց մոտեցավ Սուվորովն ու ասաց.

– Ողջու՜յն, տղանե՛ր: Այդ ի՞նչ եք անում:

– Իտալական ապուր ենք ուտում, Ձերդ պայծառափայլություն:

– Հրաշալի՜ է, – ասաց եւ ինքն էլ տեղավորվեց զինվորների կողքին:

Գետից «ախորժակով» մի քանի գդալ ջուր ըմպելուց հետո զորավարը բացականչեց.

– Փառավո՜ր ապուր էր, ուղղակի փառավո՜ր… Ահա ձեր ֆելդմարշալը նույնպես այժմ կուշտ է…

Իտալական «ճաշկերույթը» իսկապես ոգեւորեց վհատված զինվորներին:

«ՈՐՔԱ՞Ն ԿԼԻՆԻ ԱՅՍՏԵՂԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԿԻՆՔ»

Սուվորովը բնավ չէր սիրում, երբ նրա հարցերին պատասխանում էին՝ «Չեմ կարող իմանալ»: Նա տանել չէր կարողանում այդպիսի «չեմկարողիմանալությունը» եւ իր ենթականերից պահանջում էր ճշգրիտ եւ արագ պատասխաններ:

Մի անգամ զորավարն իր բարձրահասակ զինվորներից մեկին հարցրեց.

– Որքա՞ն կլինի այստեղից մինչեւ երկինք…

– Սուվորովյան երկու մարտանցում, – արագ-արագ պատասխանեց հնարագետ զինվորը:

Եվ Սուվորովը շատ գոհ մնաց այս պատասխանից:

ԶՈՐԱՎԱՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ

Բազմամարդ շքախմբով շրջապատված Եկատերինա 2-րդին մոտեցավ փոշու մեջ կորած Սուվորովը: Նա արագ թռավ ձիուց եւ կրկնակի խոնարհվեց:

– Ձեզ ինչո՞վ պարգեւատրեմ, – հարցրեց կայսրուհին:

– Ոչինչ հարկավոր չէ, տիրուհի՛, – ասաց նա, – տուր նրանց, ովքեր խնդրում են:

– Բայց ես ուզում եմ ձեզ պարգեւատրել, գեներա՛լ, կրկնեց Եկատերինան:

– Եթե այդպես է, տիրուհի՛, փրկիր եւ ողորմա՛, հրամայիր բնակարանիս համար վճարել տանտիրոջս:

ԳԱԼԻՔ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Եկատերինա 2-րդի հետ մի զբոսանքի ժամանակ, երբ նավակը նոր էր մոտեցել ափին, Սուվորովը ճարպկորեն թռավ ափ:

– Է՛հ, Ալեքսանդր Վասիլեւիչ, ա՜յ թե ինչ կտրիճն եք դուք:

– Ի՞նչ կտրիճ, տիրուհի՛, չէ՞ որ ասում են, թե ես իբր հաշմանդամ եմ:

– Հազիվ թե հաշմանդամ լինի նա, որ այդպիսի սալտո-մորտալե է կատարում, – ծիծաղեց տիրուհին:

-Սպասի՛ր, տիրուհի՛, մենք դեռ այսպես չենք թռչի Թուրքիայում:

ԱՌԱՆՑ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Եկատերինա 2-րդը մի շքեղ սամույրե մուշտակ ուղարկեց Սուվորովին, տանողին պատվիրելով հաղորդել, որ անպայման հագնի:

– Ինչպե՞ս, – զարմացավ նա, – զինվորին հաստիքով մուշտակ չի նախատեսված:

Պատրաստեց՝
Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Ճակատագրեր


19/03/2015