ԽՂՃԻ ՈՒ ՀՈԳՈՒ ՄՏՈՔ…
Քրոջս՝ Ալլա Բարսեղյանի ծննդյան օրն է: Գուցե չարժե զուտ ընտանեկան նշանակության մի տարեթիվ ներկայացնել նրան չճանաչող հանրությանը: Բայց նրա կենսագրությունը և ազգանվեր աշխատանքը կարծես հորդորում են ինձ քրոջս մասին պատմելու… Գրելու և՛ս մի պատճառ կա. դեռ մանկության տարիներին մենք Թիֆլիսում լսել էինք «Դիփ հայերը իրար բարեկամ են» տարածված արտահայտությունը: Մենք այդ համոզումով էլ մեծացել ենք: Ուրեմն՝ իմ քույրը նաև ձեր ընկերն ու բարեկամն է… Քույրս` Ալլան, քառասուն տարի որպես բուժքույր է աշխատում: Սովետի ժամանակ այդ հիվանդանոցը պատկանել է Երկաթգծի վարչությանը: Քսան տարի աշխատել է անբասիր, մարդուն բուժելու գիտելիք ու փորձ է ձեռք բերել բանիմաց բժիշկներից: Մարդու հանդեպ ուշադրություն, սեր ու հարգանք դրսևորելու համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի: Անկախությունից հետո հիվանդանոցը վերածվեց զինվորական հոսպիտալի… Ահա՛ այդ օրվանից կարծես փոխվեց նաև իմ քրոջ կյանքի կենսակերպը… Իննսունականների ազատամարտի տարիներին հոսպիտալը դարձել էր կյանքի ու մահվան այն խաչմերուկը: Վիրավոր շատ զինվորներ ու սպաներ կմնային կես ճանապարհին, եթե չլինեին հոսպիտալի բանիմաց, բարի ու անշահախնդիր բժիշկներն ու բուժքույրերը….
Թվում է՝ այդ տարիների ցուրտը, մութը, սուգը պիտի կարծրացնեին մարդկանց հոգիները… Բայց Աստված մարդուն ստեղծելիս նրա մեջ նախ ՍԵՐԸ բնակեցրեց, ապա ԽԻՂճԸ և հորդորեց ու պատգամեց նրան սիրել աշխարհն ու իր նմանին, գթալ նրան և բժշկել նրա հոգու և մարմնի վերքերը… Քույրս պատմում էր՝ երբ վիրավոր զինվորներ էին բերում, մինչև վիրաբուժական բաժանմունք բարձրացնելը, նայում էին լուսամուտից ու լաց լինում: Այդ ժամանակ մոտենում էր բաժնի վարիչը, վաղամեռիկ Սերգեյ Իվանիչը (ազգանունը չեմ հիշում) և սթափեցնում էր բոլորին՝ ասելով. «Բուժաշխատողը լաց լինելու իրավունք չունի, դուք ձեր գթասրտությունը բուժելիս դրսևորեք»: Ցավոք, այդ հրաշալի մարդն ու վիրաբույժը զոհվեց ուղղաթիռի կործանման ժամանակ, երբ բժիշկների խմբով թռչում էին Արցախ՝ զինվորի կյանք փրկելու: Մենք՝ մեր ընտանիքների բոլոր անդամները, գիտեինք ծանր վիրավոր զինվորների և՛ անունները, և՛ նրանց վերքերի ու բուժման ընթացքի մանրամասները. քույրս երբ տուն էր գնում, հեռախոսով պատմում էր այդ օրվա անցուդարձի մասին, կամ էլ նախորդ օրվա արտակարգ դեպքերի, զինվորների ու սպաների ծանր վերքերի, բժիշկների՝ մահվան դեմ նշտարով կռիվ տալու և հաղթելու մասին: Քույրս պատմում էր՝ փղձուկը կոկորդում, մենք էլ հեռախոսի մյուս ծայրում անձայն արտասվելով լսում էինք, լսում… Քանի՜-քանի՜ ծանր վերքեր ստացած զինվոր է քրոջս հոգատար, տեղին ու ժամանակին կատարած բուժօգնության եւ զուտ մայրական վերաբերմունքի համար ասել. «Կարելի՞ է Ձեզ մամա ասել…»: Ինչո՞ւ եմ ես այս ամենի մասին պատմում… որպեսզի իմանանք, հիշենք, որ մեր կողքին կան, ապրում են սովորական հայ մարդիկ, հայուհիներ, ովքեր իրենց խղճի ու հոգու մտոք են ապրում… որ նրանց համար չկա՝ իմ և ուրիշի զավակ, իմ եւ ուրիշի ցավ, այլ կա մարդ, կա հայրենիքի համար կռվող, ծառայող հայ զինվոր ու սպա և նրանց հարազատները….
Թող խաղաղ լինի Հայոց երկիրը:
Շնորհավոր տարեդարձդ, քո՛ւյրս, բուժքույրս…
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ
Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Բանակ և հասարակություն