Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ



Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդատու-վերլուծական կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից» գիրքը: Հեղինակն այն նվիրել է Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ ականավոր ցեղասպանագետը մոտ կես դար է, ինչ ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տարբեր երկրներում XX-XXI դարերում տեղի ունեցած ցեղասպանությունների հիմնահարցերը: Դոկտոր Հովհաննիսյանը, մանրազնին վերլուծելով կուտակված վիթխարի քանակությամբ սկզբնաղբյուրները, պաշտոնական փաստաթղթերը և այլ նյութեր, վերանայում է այդ բնագավառում տիրապետող մի շարք հնացած տեսակետները՝ առաջարկելով հայեցակարգային-ռազմավարական նոր մոտեցումներ 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության գնահատման հարցում:

Այդ հիման վրա նա հանգում է հետևյալ եզրակացությունների.

* Հայոց ցեղասպանությունն արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է՝ հաստատված միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից:

* Օսմանյան կայսրությունը ոչ միայն առաջին պետությունն է, որ իրագործել է XX դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, այլև առաջին պետությունը, որ ճանաչել է դա 1919 թ.՝ ըստ օսմանյան Ռազմական արտակարգ ատյանի դատավճռի:

* Թուրքիան ցեղասպանության ժխտման ինդուստրիայի հիմնադիրն է:

* Սկսվել է նոր շրջան՝ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման փուլից անցում ծանր հետևանքների վերացման և հատուցման փուլին:

«Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից» գիրքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, կազմված է 175 էջից, արծարծվող խնդիրն ընթերցողին առավել պատկերավոր ներկայացնելու համար այն հագեցված է գունազարդ քարտեզներով: Գիրքը լույս է տեսել «Գուրգեն Մելիքյան հիմնադրամի» հոգածության շնորհիվ և հրատարակվել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Հոգևոր-մշակութային


19/03/2015