Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՋ «ՁՈՒԿԸ»



Զինակիցները Արմենին Ձուկ էին ասում: Կարողանում էր ձկան նման լողալ կրակների միջով ու ողջ մնալ: Արմենը անընդհատ շարժման մեջ էր: 16-ը նոր-նոր էր բոլորել, իսկ նա հոր հետ արդեն իր ապագա տան քարն էր տեղափոխում: Սկսեց իր տունը կառուցել: Հաճախ էր սրտնեղում. «Շենքի պատերում ոնց որ կալանավոր լինեմ»: Սիրահարված էր, երազում էր Թամարային իր ձեռքերով ու քրտինքով կառուցած տան մեջ կին բերել: Փող էր հավաքել, տվել քրոջն ու ասել. «Քո՛ւյրս, այս գումարը պահի, հենց կռվից գամ` կտաս, Թամարին ոսկե շղթա եմ առնելու»: Բայց չէր համբերել, բանակից մի քանի օրով եկել էր, քրոջից փողը վերցրել, ոսկե վզնոց գնել ու սիրած աղջկա վիզը գցել: …1991թ. տարեվերջն էր: Արմեն Իսահակյանը զորակոչվում է բանակ եւ ծառայության անցնում: Այդ օրվա մասին հիշում է մայրը` տիկին Սրբուհին. «Մենք չէինք սպասում, որ ինքը կարող է այդպիսի անսպասելի քայլի դիմել: Գնացել էր զինկոմիսարիատ և խնդրել, որ իրեն էլ զորակոչեն: Այնտեղ ասել էին, որ դեռ իր ժամանակը չէ: Սուս ու փուս տուն եկավ, ոչ մեկիս հետ չէր խոսում, ոչինչ չէր ասում, թե ինչ էր մտածում` միայն ինքը գիտեր: Մի օր հայրն ասաց, թե՝ «Արմե՛ն ջան, դեռ քո ժամանակը չէ, աշունն էլ սարերի հետևում չէ, աշունը կգա` կգնաս բանակ»: Բայց ինչ իմանայինք, որ Արմենն իր անելիքը ծրագրել էր արդեն: Նորից գնաց զինկոմիսարիատ, թղթերը ներկայացրեց ու խնդրեց, որ իրեն էլ իր ընկերների հետ զորակոչեն: Երբ ամուսինս իմացավ, զայրացավ, ասաց. «Ի՞նչ ես ջուր չտեսած՝ բոբիկացել, ասացի՝ կգա ժամանակդ, կգնաս»: Զարմանալի էր, բայց նա հակադարձում է հորը` «Պետք է գնամ, ես իմ ընկերներից հետ չեմ մնա, որտեղ իրենք ` էնտեղ էլ ես»: Ինքնասածի տղա էր, որոշեց ու գնաց:

1993թ.-ին արդեն Ֆիզուլիում էր: Ծառայության ընթացքում վիրահատության էր ենթարկվել, և լիովին ապաքինվելու համար երկու ամսով թույլ էին տվել տուն գալ: Այդ ընթացքում հասցրեց քրոջ հարսանիքին ներկա լինել, իսկ հաջորդ օրը մեկնեց ծառայության: Երբ մայրը խնդրել էր մի քանի օր էլ մնալ, փեսայի հետ մոտիկից ծանոթանալ, Արմենը պատասխանել էր. «Դեռ կհասցնեմ, տղերքը մենակ են, գնամ նրանց հասնեմ»:

«Շատ ընկերասեր էր, ամեն տեղ առաջինն էր,- հիշում է Արմենի զինակից ընկերը` Արման Սիմոնյանը. թեև վարորդ էր, սակայն միայն վարորդություն չէր անում: Հետներս դիրքեր էր բարձրանում, հաց էր պետք` հաց էր բերում, զենք-զինամթերք էր հասցնում: Համարձակ ու քաջ տղա էր, առանց չափազանցության՝ ընկերոջ համար կյանքը կզոհեր»:

Պատմում են, որ անգամ կռվի ժամանակ Արմենը չի դադարել խենթություններ անել: Մի օր՝ հերթապահության ժամանակ նա դիմում է ընկերոջը, ասելով՝ «Կուզե՞ս՝ գնամ թուրքի գլխից գլխարկը հանեմ բերեմ: Ընկերը հանդիմանում է՝ ասելով. «Էլի գժվեցի՞ր. խելքդ հացի հետ ես կերել…»: Մեկ ժամ էլ չանցած՝ Արմենը վերադառնում է` թուրք դիրքապահի գլխարկը ձեռքին: Բոլորը մնում են զարմացած:

Մի օր տագնապի ազդանշանը ոտքի է հանում ողջ գումարտակը: Թեպետ Արմենը, լինելով վարորդ, կարող էր չգնալ դիրքեր, սակայն միանում է ընկերներին: Ձմեռ էր, սառնամանիք, ձյան շերտն այնքան հաստ էր, որ շարժվելը գրեթե դարձել էր անհնարին: Այդ օրը՝ մարտի ժամանակ, երբ վիրավորվում է նրա ընկերը, Արմենն ընկերոջն առնում է ուսերին, փորձում հեռացնել դիրքերից, սակայն կես ճանապարհին թշնամու դարանակալ դիպուկահարը ներքև փութացող տղաների թիկունքից երկրորդ անգամ է խոցում վիրավոր ընկերոջը…

…Մարտյան մի օր «Ձուկը» ասես կանխազգաց իր մոտալուտ մահը եւ լճում լողանալիս, դիմելով ընկերներին, ասաց. «Լուսանկարեք, տղե՛րք, որովհետև ինձ վերջին անգամ եք տեսնում: Հենց վաղը կռվի գնանք, հաստատ գիտեմ` զոհվելու եմ»: Հաջորդ օրը մի տարօրինակ բան պատահեց: Գիշեր էր, մութ, Արմենը հանկարծ նկատեց, որ մի սև թռչուն թառել է իր «Ուրալի» ետնամասում: Քշում է, բայց թռչունը նորից գալիս, նստում է նույն տեղում:

-Էս ի՞նչ է նշանակում,- անհավատորեն հետաքրքրվում են ընկերներն իրարից:

-Ի՞նչ պիտի նշանակի, թռչունը հասկացնում է` լավ կլինի, որ վաղը չելնեմ մարտի:

Մարտի 4-ի լուսաբացին թշնամին սկսում է մեր դիրքերի հրետակոծությունը: Խնայելով փամփուշտները՝ տղաները կրակում են մեկը մյուսին հերթ տալով: Գալիս է Արմենի հերթը: Երբ նա բարձրանում է իր բաժին փամփուշտը արձակելու, նույն պահին թշնամու դիպուկահարի արձակած գնդակը խոցում է նրան…

…Միայն հաջորդ օրը տղաներին հաջողվեց դուրս բերել Արմենի դին: Սրբուհին՝ մայրը, չէր ճանաչել որդուն, քանի որ նրան չէր տեսել չսափրված (Արմենը երդվել էր չսափրվել մինչև հաղթանակը): Որդեկորույս մայրը մինչ օրս թանկագին մասունքի պես պահում է որդու մոտ եղած այն պարկուճը, որի մեջ ամփոփված է եղել. թղթի մի կտոր՝ վրան հազիվ կարդացվող մեկ հատիկ բառ` «Ձուկ»:

Գայանե ԾԱՏՈՒՐՅԱՆ

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Ճակատագրեր


19/03/2015