Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻ՛ ԺԽՏԻՐ»



«Եվրատեսիլ-2015» միջազգային փառատոնին Հայաստանը կներկայանա «Don’t deny»՝ «Մի՛ ժխտիր» երգով, որը կկատարի «Genealogy» խումբը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: Խումբը խորհրդանշում է անմոռուկը, եւ ներկայացված են բոլոր 5 աշխարհամասերը:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև` առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ:

Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915 թ.-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:

«Don’t deny» երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ո՛չ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»: Ցուցադրվել է նաև երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները: Տեսահոլովակում որպես կապող օղակ ստեղծագործական խումբն օգտագործել է հայկական մանրանկարչության զարդանախշի ասեղնագործության ընթացքը: Խաղաղության, ազատության ու բարի լուրի խորհրդանիշ թռչունը բերանում պահում է ծառի ճյուղ, ինչն էլ զուգակցվում է գերդաստանում` աշխարհում, խաղաղության ու ավետիսի տարածման, ազգերի միասնության ու պահպանման գաղափարի հետ: Տեսահոլովակում աշխարհը խորհրդանշող գերդաստանի անդամների դերում նկարահանվել են նաև հայտնի դերասաններ, արվեստագետներ:

Եվրոպա աշխարհամասը ներկայացնելու է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆրիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան` Մերի – Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը: Հայաստանը ներկայացնում է ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանը:

ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ֆրանսաhայ երգիչ է, նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Ունենալով հայկական ծագում և արմատներ՝ Եսային ապրել և իր երաժշտական առաջին քայլերն է կատարել Ֆրանսիայում: Նրա տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից Հայոց ցեղասպանության ժամանակ: Հինգ տարեկանում նրա պապը՝ Նշանը, փախել է Դեր Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են իր մորն ու քույրերին: Նրան գտել են արաբ վերաբնակները անապատում և որոշել են խնամել: 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին և տեղափոխվել Ֆրանսիա՝ ապրելու ջարդից փրկված մյուս ազգականների հետ: Ֆրանսիայում նա հանդիպել է Եսայու ապագա տատին, սովորել է ֆրանսերեն և հաստատվել այնտեղ: Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր և 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը: Գիրքը կոչվում է «Անապատի երեխան» (The Child of the Desert): Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է խոսելու և երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին:

Եսայուն իսկապես շատ մտահոգում են իր պապի պատմությունները և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, նա ստեղծել է «Je n’oublie pas / Chem Morana» երգը՝ ի հիշատակ 1915 թվականին սպանված 1,5 միլիոն հայերի:

ԹԱՄԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հայտնի որպես Թամար Կապրելյան, ծնվել է 1986թ.-ին, ԱՄՆ-ում: Նա աներևա-կայելիորեն հպարտ է իր ծագումով և ցանկանում է, որ բոլորն էլ իմանան իր հայ լինելը։ Նրա ապուպապերը պատմական Հայաստանից են։ Մորական պապը՝ Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ նրա կինը՝ Հասմիկ Կապրելյանը՝ Մոսուլում։ Նրանք հանդիպել են Իրաքում, որտեղ երգչուհու պապը տնօրինում էր Մերձավոր Արևելքի ամենանշանավոր տեքստիլ արդյունաբերություններից մեկը։ Հորական պապը՝ Ջորջ Մարտիրոսյանը, ծնվել է Երուսաղեմում, իսկ նրա կինը՝ Վիկտորիա Էվինը՝ Լիվերպուլում։ Վերջիններս հանդիպել են Եգիպտոսում, ապա տեղափոխվել են Մանչեսթր, որտեղ հիմնել են հայկական հյուրանոց-ռեստորան։ Նրա ծնողները՝ Ավետիս և Սիլվա Մարտիրոսյանները, հանդիպել են Մանչեսթրում, որտեղից արդեն տեղափոխվել են Սկոտսդեյլ՝ մեծացնելով երգչուհուն և նրա եղբորը։

ՎԱՀԵ ԹԻԼԲՅԱՆԸ ճանաչված արվեստագետ է: Նա հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական և լատինական երաժշտություն: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող:

Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են: Նրա հայրական պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերից է, որին ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: Նրա մայրական ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբներին:

ՍՏԵՖԱՆԻ ԹՈՓԱԼՅԱՆԸ երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Երգչուհին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեև Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի մասին: Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում:

Genealogy խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի ՄԵՐԻ-ՋԻՆ Օ’ԴՈՀԵՐԹԻ Վասմաթզյանն է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը: Նա ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Մերին հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի և մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական երաժշտությանը, ոգեշնչվել Կոմիտասով, ֆլեյտա նվագել սովորել: Մերի -Ջինը սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստագիտության բաժնում՝ վոկալի ու ֆլեյտայի դասարաններում, իսկ հետագայում նաև ստացել հոգեբանության բակալավրի աստիճան:

Նա 2007 թվականին հաղթել է ավստրալական «ABC Symphony» երիտասարդ վոկալիստների մրցույթում, իսկ Սիդնեյում 2008 թվականին աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանի ղեկավարությամբ երգեցողություն սովորելով՝ Մերի-Ջինն առաջինն էր, որն արժանացել է հատուկ կրթաթոշակի՝ Քարդիֆի միջազգային ակադեմիայում Դենիս Օ’Նեյլի գլխավորությամբ ուսանելու նպատակով: Երգչուհին զբաղեցրել է առաջին տեղը Փարիզի օպերային մրցույթում, ինչպես նաև հաղթել «The Mathy» մրցանակաբաշխությունում:

Հայաստանից կրկին «Եվրատեսիլի» բեմ կբարձրանա ՀՀ վաստակավոր արտիստ ԻՆԳԱ ԱՐՇԱԿՅԱՆԸ, այս անգամ արդեն՝ առանց իր քրոջ՝ Անուշի: Քույրերը մասնակցել են 2009 թվականի մրցույթին՝ «Ջան-ջան» երգով հասնելով մրցույթի եզրափակիչ փուլ: Ինգա Արշակյանը ծնվել է 1982 թվականին, Երևանում, ավարտել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը և Բաբաջանյանի անվան քոլեջը։ Ուսման հետ համատեղ աշխատել է Աճեմյանի անվան ջութակահարների համույթում։ 2000 թվականին Ինգան միանում է իր քրոջը, և նրանք սկսում են հանդես գալ միասին։ 2002 թվականին Ինգան ավարտում է երաժշտական քոլեջը և ընդունվում է կոնսերվատորիա։

Genealogy խումբը ելույթ կունենա մայիսի 19-ին, կիսաեզրափակիչում, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին: Մրցույթին այս տարի կմասնակցի 40 պետություն:

Բ.ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հ.Գ. Մարտի 16-ին ՀՀ Հանրային հեռուստաալիքը Հայաստանի ներկայությունը փառատոնին չքաղաքականացնելու նպատակով որոշել է Genealogy խմբի երգն անվանափոխել «Face the shadow», թարգմանաբար՝ «Առերեսվի՛ր ստվերին»:

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


19/03/2015