Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ



Մեր՝ Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 եւ Կիչանի՝ զոհված ազատամարտիկ Կարեն Առաքելյանի անվան կրթօջախները քույր դպրոցներ են: Մենք մի անգամ արդեն այցելել ենք նրանց եւ հասցրել մտերմանալ: Այս վերջին օրերին, երբ սահմանային գոտիներում լարված իրավիճակ էր, մեր դպրոցի աշակերտական խորհուրդը նախաձեռնեց գրքեր, գրենական պիտույքներ եւ հագուստ ուղարկել հեռու սահմանում ապրող մեր հասակակից ընկերներին: Դպրոցում այս նախաձեռնությունը լայն արձագանք գտավ, իսկ մեծերը ողջունեցին եւ քաջալերեցին մեր որոշումը:

Գուցե նվերներն այնքան էլ մեծ ու արժեքավոր չէին, գուցե մեր արածը չնչին եւ շատ փոքրիկ մի բան էր, բայց անսահման մեծ էր մեր ցանկությունը սահմանին ապրող հայրենակիցներին ուրախացնելու եւ հաճելի անակնկալ մատուցելու: Ուզում ենք ասել՝ որքան էլ հեռու ենք միմյանցից, բայց, մեկ է, հազար թելերով կապված ենք իրար՝ ապրում ենք նույն ցավով ու նույն մտահոգությամբ: Մենք բոլորս մի տան զավակներ ենք, ու այդ տան անունն է Մայր Հայրենիք:

Մեր միասնությամբ ենք մենք ուժեղ՝ իրար օգնելով, սատարելով, աջակցելով: Մեկտեղենք մեր ուժերը, մեր գիտելիքը՝ հանուն մեր երկրի հզորության: Վաղը մենք նույնպիսի վճռականությամբ կկանգնենք սահմանին՝ պաշտպանելու մեր երկրի խաղաղությունը: Մենք բոլորս մեր հայրենիքի զինվորն ենք ու տերը:

Ռուբեն Միրոյանի անվան
թիվ 77 դպրոցի աշակերտներ

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Բանակ և հասարակություն


19/03/2015