ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ
Հաղթանակի 70-ամյակին ընդառաջ՝ Հայաստանի վետերանները կրկին բարձրաձայնում են Հայրենական Մեծ պատերազմի մասին ճշմարտությունը խեղաթյուրելու և նենգափոխելու մասին: Մարտի 13-ին ՀՀ վետերանների միավորման խորհրդի նիստում քննարկվել են ոչ միայն 70-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները, այլ նաև վետերաններին վերաբերող այլ հարցեր:
ՀՀ վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն իր զեկույցում խիստ կարևորել է Հայրենական Մեծ պատերազմի մասին ճշմարտությունը խեղաթյուրողների և նենգափոխողների դեմ պայքարում պետական մարմինների, հանրության լայն խավերի հետ աշխատանքը՝ անթույլատրելի համարելով անհերքելի իրականությունն ուրանալը: Նա մտահոգություն է հայտնել, որ նման գործելաոճն այսօր բերել է ազգայնամոլության, ֆաշիզմի վերածնման, որի ականատեսը կարող ենք լինել Ուկրաինայում և մի քանի այլ երկրներում: Այդ տեսակետից նա նպատակահարմար է համարում աշխուժություն և հաստատակամություն ցուցաբերել Մեծ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու աշխատանքներում, հիմք ընդունելով նաև, որ 2015 թվականը հայտարարված է «Հայրենական Մեծ պատերազմի վետերանի տարի»:
-Մեզ համար այս տարեդարձը և նրա հետ կապված միջոցառումներն ու գործունեությունն ավելի պատասխանատու են, քանի որ այս տարի նշում ենք նաև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, – շեշտում է նա:
Այս շրջանակներում խորհուրդը որոշում է կայացրել աշխուժացնել ռազմահայրենասիրական միջոցառումները՝ ընդգրկելով երիտասարդության լայն շրջանակներ, ամենուրեք վճռական պայքար մղել Մեծ հայրենական պատերազմի խեղաթյուրողների յուրաքանչյուր քայլի դեմ, ֆաշիզմի դեմ տարած պայքարում հայազգի հերոսների օրինակով նոր սերունդների մոտ դաստիարակել հպարտության և հայրենասիրության զգացմունքներ: Մեծ կարևորություն է տրվելու նաև զինվորական գերեզմանների, հուշարձանների, հուշատախտակների պահպանմանը և բարեկարգմանը: 70-ամյակի միջոցառումների շրջանակներում միավորումը մտադիր է կազմակերպել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին «Հաղթանակի 70-ամյակի» պատվո շքանշանով և հոբելյանական մեդալով պարգևատրման գործընթացը, միաժամանակ, լիարժեք ճշտելով Հայրենական Մեծ պատերազմի հայ մասնակիցների անվանացուցակն ըստ ՀՀ տարածքների:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև վետերանների սոցիալական պաշտպանվածության հետ կապված հարցեր. կարևորվել է միավորման աշխատանքը վետերանների, թիկունքայինների կյանքի բարելավման ու սոցիալական իրավունքների պահպանման ուղղությամբ: Մասնավորապես՝ վետերանները մտադիր են տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կառույցների հետ համագործակցելով՝ ազատվել կոմունալ վճարումներից, անցնել ամենամյա բժշկական հետազոտություններ, ապահովվել անհրաժեշտ դեղորայքով: Խորհուրդը մտադիր է ՏԻՄ-երի հետ միասին կազմակերպել պատերազմի, զինվորական ծառայության և աշխատանքի վետերանների, թիկունքայինների կյանքի պայմանների սոցիալական հետազոտություններ՝ օգնություն ցուցաբերելով կարիքավորներին: Այդ նպատակով վետերանների միավորումը դիմելու է նաև ՀՀ կառավարությանը՝ 1941-1945 թթ. պատերազմի թիկունքի աշխատողների արտոնությունները Հայրենական Մեծ պատերազմի վետերանների արտոնություններին հավասարեցնելու ուղղությամբ:
Խորհրդի անդամները բարձրացրել են նաև պատերազմի երեխաներին աջակցելու ֆոնդի նպատակային տնօրինման և ծախսման հարցերը: Վետերաններին մտահոգում է նաև այն, որ վերացած են ՀՀ տարածքում միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձի նախկին արտոնությունները:
Վետերանների միավորման խորհրդի անդամների հարցադրումներն անպատասխան չեն մնացել: Խորհրդի նիստին ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը վստահեցրել է, որ այս տարի նախարարությունը առավել մեծ ուշադրություն կդարձնի վետերանների հետ կապված բոլոր խնդիրներին, և ներկայումս կառավարությանն է ներկայացվել միջոցառումների հատուկ ծրագիրը, որը միտված է բարելավելու նրանց սոցիալ-կենցաղային վիճակը, կշարունակվի նաև բուժման և հանգստի ուղեգիրների հատկացման գործընթացը:
Իր հերթին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրեց, որ այս տարի մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են վետերաններին արտոնություններ տրամադրել բնակելի տարածքների գույքահարկի հարցում:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ