ԲԱՐԻ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ՓԱՓՈՒԿ ԳԵՆԵՐԱԼԸ
Անցած տարեվերջին ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց ՀՀ գլխավոր ռազմական տեսչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Կյանքի 75 տարին բոլորած գեներալն անցավ վաստակած հանգստի: Օրեր անց պաշտպանության նախարարության վարչական համալիրում կոլեգիայի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց գեներալին երկարամյա բարեխիղճ ծառայության համար, ապա արժանին մատուցելով նրա վաստակին՝ պարգեւատրեց թանկարժեք նվերով: Նախարարը համոզմունք հայտնեց, որ ամբողջ կյանքը բանակին նվիրաբերած զինվորականը կշարունակի աջակցություն ցուցաբերել հայոց բանակի սպային ու զինվորին: Վերջինս իր հերթին հավաստիացրեց, որ անցած տարիներին իր ծառայակիցների հետ միասին ջանք ու եռանդ չի խնայել մեր բանակի պաշտպանունակությունը եւ մարտունակությունը է՛լ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, եւ հետայսու էլ այդպես կլինի: Այսպիսով, ավելի քան 56 տարի ծառայության մեջ անցկացրած գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի համար սկսվեց կյանքի նոր, անսովոր փուլ… Բայց հոգու խորքում նա նույն զինվորականն է, նրա ամեն մի խոսքը, միտքը բանակային առօրյայի, սպայի ու զինվորի մասին է:
Արմատներով Չարդախլու գյուղից՝ գեներալը ծնվել է 1939թ., Բաքվում: Դպրոցից հետո՝ 1958թ., ընդունվել է Թբիլիսիի հրետանային ուսումնարան: 1961թ. ավարտել է գերազանցությամբ: Անցել է ծառայողական աստիճանակարգի բոլոր փուլերով, ինչն օգնել է յուրացնելու բոլոր օղակներում ծառայության լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ նրբությունները: Եղել է դասակի, մարտկոցի հրամանատար, դիվիզիոնի շտաբի պետ: 1975թ. կրկին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի հրետանային ակադեմիան, որտեղ նրան ժամանակից շուտ փոխգնդապետի կոչում է շնորհվել: Նշանակվել է ծառայության Միջին Ասիայում՝ որպես հրթիռային բրիգադի հրամանատարի տեղակալ: Մեկ տարի անց նա արդեն բրիգադի հրամանատար էր: Այնտեղից նույն պաշտոնով գործուղվել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախումբ: 1985թ. նշանակվել է Բաքվում խորհրդային 4-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ:
-Արդեն 1990թ. եկա Երևան: Ինձ դեռ խորհրդային կարգերի օրոք բնակարան տվեցին: Զորացրվեցի, թոշակ էի ստանում: Մի օր էլ հանդիպեցի Գուրգեն Դալիբալթայանին: 1960-ականներին մենք միասին ծառայել ենք Լենքորանում: Այն ժամանակ նա փոխգնդապետ էր, իսկ ես՝ լեյտենանտ: Լավ հիշում էի նրան, ձիգ, ամուր սպա էր, նրա ղեկավարած ստորաբաժանումը գերազանց արդյունքներ ուներ: Երբ կազմավորվեց պաշտպանության կոմիտեն, ինձ կանչեցին այնտեղ հենց Դալիբալթայանի խորհրդով: Թեպետ արդեն աշխատանքի էի տեղավորվել, բայց միանշանակ համաձայնեցի: Պահարանին պահ տված համազգեստս նորից պետք եկավ:
Որոշ ժամանակ անց Լեոնիդ Մարտիրոսովին արդեն ՀՀ պաշտպանության նախարարության օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնն առաջարկեցին, պետի պաշտոնն էլ զբաղեցրեց այն ժամանակ գնդապետ, իսկ այժմ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Կես տարի անց նա դարձավ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, իսկ Մարտիրոսովը՝ օպերատիվ վարչության պետը: Մարտական մկրտությունն ստացել է Նյուվադիում, հետո Կոռնիձոր, Շուշիի օպերացիա և Մարտակերտ: Մասնակցել է տարբեր օպերացիաների պլանավորմանն ու իրականացմանը, բայց ամենակարևորը իր համար Շուշիի օպերացիան է:
-Այն ժամանակ հրետանի, որպես այդպիսին, չունեինք, առավելապես կարկտահար թնդանոթներ էին: Դրանցից մեկն իմ հրամանով տեղակայվեց նախորոշված վայրում, անձնակազմն էլ խնդիր ստացավ անընդհատ կրակելու: Վնաս չէր տա, բայց հոգեբանական ազդեցություն հաստատ կունենար: Այդպես էլ եղավ: Բայց օպերացիայի վերջում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, ինչը մինչև հիմա հիշում ենք և ծիծաղում: Ամեն ինչ արդեն ավարտվել էր, Շուշին ազատագրվել էր, և հենց վերջին րոպեներին տվյալ դիրքի հետ կապը խափանվել էր: Կարկտահար թնդանոթից անընդհատ կրակում էին, չէի կարողանում մերոնց իմաց տալ: Կռիվը վաղուց վերջացել էր, իսկ նրանք դեռ կրակում ու կրակում էին:
2001թ. Լեոնիդ Մարտիրոսովը գլխավոր ռազմական տեսչությունում էր: Այս տարիների ընթացքում բազմաթիվ ստուգումների է մասնակցել, սպային ու զինվորին օգնել խորհրդով: Հարկ եղած դեպքում նաև անբավարար գնահատական է նշանակել, որից բոլորը սթափվել են, ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել մասնագիտական պարտականությունների կատարմանը:
-Սպան պետք է ազնիվ լինի, հատկապես վերահսկողը: Ընդ որում, առաջինը ինքն իր հանդեպ: Եթե այսօր անբավարարի փոխարեն բավարար կամ լավ գնահատական ես նշանակում, իսկ վաղը պատերազմ է սկսվում, զոհերից խուսափել հնարավոր չէ: Եթե տվյալ սպան չի տիրապետում համապատասխան գիտելիքների, ավելի լավ է նրան ժամանակ տալ սովորելու, իր գործի մեջ հմտանալու: Այնպես, որ կարողանա անձնակազմ ղեկավարել: Այստեղ են ասել՝ ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: Եթե որևէ մեկը չի համապատասխանում, թող նրան հանեն, տեղը աշխատողին բերեն:
Թե՛ նման իրավիճակներում, թե՛ առօրյա ծառայության մեջ մարդու հետ շփվելու ձևն է կարևոր, ինձ համար առաջին պայմանը սա է՝ չի՛ կարելի մարդուն նեղացնել: Երևի այդ պատճառով էլ իմ մասին միշտ լսել եմ՝ լավ մարդ է, հանգիստ մարդ է: Ասածս ընդունվել է, իրականացվել է անխոս, նույնիսկ, երբ անբավարար եմ նշանակել կամ, ինչպես ընդունված էր խորհրդային զորքերում ծառայած սպաների շրջանում, ցենզուրայից դուրս բառեր եմ կիրառել, ինձ հասկացել են և չեն վիրավորվել:
Փորձել եմ մեր երիտասարդների մեջ ամրապնդել այն գաղափարը, որ սպան պետք է մշտապես աշխատի իր վրա: Ակադեմիաներում սովորածը ժամանակի ընթացքում մոռանում են, չմոռանալու համար պետք է անընդհատ կրկնել: Առավել ևս, որ մարտավարությունը, սպառազինությունը փոփոխվում են շատ արագ, իրադրությանը համապատասխան: Բացի այդ, եթե հրամանատարը վերահսկում կամ ստուգում է ենթականերին, նա պետք է առնվազն մի քանի անգամ ավելի գիտելիքներ ունենա: Ինչպե՞ս կարող եմ ստուգել, եթե ես պատկերացում չունեմ, թե դու ինչ պետք է անես: Կրկնեմ, առաջին հերթին ինքդ քեզ հետ պետք է ազնիվ լինես: Միաժամանակ հարկավոր է ծառայության ընթացքում մարդ մնալ, խստապահանջության հետ մեկտեղ նաև բարի լինել, բայց ոչ երբեք փափուկ:
Որպես ստուգումներ իրականացնող անձ՝ ամենամեծ ուրախությունն էի ապրում, երբ մտնում էի զորամաս և տեսնում, որ սպայական կազմը հասկանում է մի պարզ ճշմարտություն՝ եթե մարտական պատրաստությունը պատշաճ մակարդակի չէ, անիմաստ արյուն կթափվի: Այն առաջնահերթ նշանակություն ունի հատկապես պատերազմի ժամանակ, բայց մարտական պատրաստությամբ զբաղվում են խաղաղ պայմաններում: Բոլորն էլ հասկանում են՝ բանակը կռվելու համար է, ոչ թե միայն շքերթներին մասնակցելու: Հիմա պատերազմ չէ, ուրեմն հարկավոր է օգտագործել այդ հնարավորությունը, ամեն վայրկյան զբաղվել զորքի պատրաստությամբ, որ անհրաժեշտ պահին կարողանա կռվել: Չի՛ կարելի մոռանալ ամենօրյա վարժանքների մասին և ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ զինվորի սիրած զբաղմունքը դառնա կինո նայելը, քնելը և սնվելը: Այդ առումով մեր բանակում վիճակը շատ լավ է: Առանց ավելորդ գովեստի կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը բարձր է, մենք որակյալ կադրեր ունենք: Դա ապացուցում են մեր 18-20 տարեկան զինվորները՝ ոչնչացնելով թշնամու լավագույնս պատրաստված դիվերսիոն-հետախուզական խմբերը, հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները դարանակալ խմբի քթի տակից դուրս բերած մեր հատուկ ջոկատայինները:
Ծառայության ամենանշանակալի և հիշարժան պահերի մասին խոսելիս գեներալը հիշատակում է այն օրը, երբ հրամանատար նշանակվեց: Նա կարծես նորից վերապրեց այդ շրջանը և կրկին անասելի հպարտ զգաց իրեն: Ինչպես նշեց գեներալը, ցանկացած օղակի հրամանատար լինելը անչափ ոգևորիչ, բայց նաև ծանր գործ է, դու պատասխանատու ես անձնակազմի համար, և քո գործողություններից, իմացությունից է կախված ենթականերիդ կյանքը: Եվ ամեն անգամ նոր, ավելի բարձր պաշտոն զբաղեցնելիս նույն զգացումն ես ունենում:
-Թոշակի անցնելուս համար չեմ տխրել: Ամեն ինչ իր ժամանակն ունի, ինչքա՞ն կարելի էր ձգել: Հավատացեք, արդեն ես էի մտածում նոր պայմանագրից հրաժարվելու մասին: Ի վերջո՝ նոր, ավելի երիտասարդ, եռանդով լի սպաների համար հարկավոր է ճանապարհ բացել: Նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց բաժին հպարտությունն ապրելու, ունակությունները ցուցադրելու որպես բարձրաստիճան հրամանատարներ: Ես էլ, համոզված եմ նաև մյուս պաշտոնաթող զինվորականները, միշտ կլինենք նրանց կողքին: Համազգեստս նորից պահարանում է, բայց թող այն հագնելու առիթ այլևս միայն տոն օրերին ունենամ:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
մայոր