Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլի 24-ին Երևան է հրավիրել մի շարք երկրների ղեկավարների՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար:

Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը: Սպիտակ տունը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, թե արդյոք նախագահ Օբաման պատրաստվում է այցելել Հայաստան այս մեծաշուք առիթով:

Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1.5 միլիոն հայերի կազմակերպված բնաջնջումը բնութագրեց որպես «մի ողջ ազգի սպանություն»: Հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը «Սի Բի Էս»-ին հայտնեց, որ նա ցեղասպանություն եզրույթը հորինել է՝ Առաջին աշխարհամարտում հայերի և Երկրորդ աշխարհամարտում հրեաների դեմ իրագործված զանգվածային ոճրագործությունների հիման վրա:

Ահա այն տասը պատճառները, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահի ինքնաթիռը Ապրիլի 24-ին վայրէջք կատարի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում.

1. Նախագահ Օբաման հարգանքի տուրք կմատուցի Ամերիկայի հարյուր հազարավոր գթասիրտ քաղաքացիներին՝ Ցեղասպանությունից հետո թշվառ հայերին օգնելու նպատակով 117 միլիոն դոլար (այսօր ավելի քան 2 մլրդ դոլարին համարժեք գումար) հանգանակելու համար: Դեսպան Մորգենթաուի նախաձեռնությամբ և նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությամբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույցը օգնեց փրկել և խնամել ավելի քան 132 հազար հայ որբերի: Այս հսկայական բարեգործական նախաձեռնությունը առաջին միջազգային մարդասիրական օգնությունն էր Միացյալ Նահանգների պատմության մեջ:

2. Այս առիթով այցելելով Հայաստան, նախագահ Օբաման կվերահաստատի վաղուց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Ցեղասպանությունը որպես հաստատված պատմական փաստ ճանաչել են.

– ԱՄՆ կառավարությունը Միջազգային դատարան ներկայացրած փաստաթղթում, 1951 թ.-ին,

– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թթ. բանաձևերում,

– Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թ. ապրիլի 22-ին,

– ԱՄՆ 50 նահանգներից 43-ը,

– Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Կանադան, Հոլանդիան, Վատիկանը, Շվեյցարիան, Շվեդիան, Արգենտինան, Լիբանանը, Հունաստանը, Կիպրոսը, Լեհաստանը և Վենեսուելան,

– Մի շարք միջազգային կազմակերպություններ, ներառյալ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը:

3. Հարյուրերորդ տարելիցը կարող է նաև նախագահ Օբամայի վերջին հնարավորությունը լինել՝ վերականգնելու ամերիկահայ համայնքի վստահությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր լուրջ խոստումները՝ որպես սենատոր և նախագահի թեկնածու:

4. Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակել իրենց դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:

5. ԱՄՆ նախագահը, օգտվելով այս այցից, կարող է կոչ անել Թուրքիային վերացնելու Հայաստանի շրջափակումը՝ հայացք նետելով փակ սահմանից մի քիչ այն կողմ գտնվող բիբլիական Արարատ լեռանը:

6. Ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների աշխուժացմանը՝ նախագահ Օբաման կարող է շեշտել այս բարդ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի լուրջ աջակցությունը:

7. Նախագահ Օբամայի այցը կօգնի հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ՝ հատկապես Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցությունից հետո՝ հաշվի առնելով Ապրիլի 24-ին Պուտինի նախատեսվող այցը Երևան: Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ է Արևմտյան Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ և ներգրավված է միջազգային խաղաղապահ ուժերում Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում և Լիբանանում: Վերջերս ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում ընդգծում է, թե Երևանը որքան է կարևորում Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները:

8. Քանի որ նախագահ Օբաման ուկրաինական ճգնաժամի պատճառով չի պատրաստվում մեկնել Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրվա տոնակատարություններին, ապա Երևանում նա հնարավորություն կունենա հանդիպելու նախագահ Պուտինին ավելի հանգիստ պայմաններում:

9. Նախագահ Օբամայի այցը Հայաստան բարի կամքի կարևոր դրսևորում կլինի ամերիկահայ համայնքի նկատմամբ: Անցյալ շաբաթ 16 խոշոր ամերիկահայ կազմակերպություններ միասնական նամակով դիմեցին ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով նրան մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին Հայաստանում:

10. Նախագահ Օբաման կկատարի ԱՄՆ նախագահական առաջին պատմական այցը Հայաստան, որին նախորդել են մի շարք բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքեր III-ը, 1992 թ., պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը 2001 թ. և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 և 2012 թվականներին, երբ վերջինս ծաղկեպսակ դրեց Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես դա անում են Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները ամեն տարի Ապրիլի 24-ին՝ սկսած Հայաստանի 1991 թվականի անկախացումից:

Թարգմանությունը՝
Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Տարածաշրջան


26/03/2015