Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԹՈՒՐՔԻ ՀԱՑ ՉՈՒՏԵ՛Ք»



Տատս չէր տեսել Կարնո աշխարհը,
Ու սարերն իրենց չէր տեսել նա պերճ,
Բայց հոգու խորքում ինչպես նշխարը
Նրանց պատկերն էր փայփայում անվերջ։

Տատս չէր բացել Կարնո տան դուռը,
Բայց սիրտն էր կապված հայրենի տան հետ,
Ծնվել էր գաղթի ճամփեքին դառը
Ու ծնողներին կորցրել անհետ։

Նա կորցրել էր ամեն ինչ կյանքում,
Երկիրն իր դրախտ դարձել էր դժոխք,
Սակայն մենք նրա խորշոմած դեմքին
Միշտ տեսնում էինք լուսավոր մի շողք…

Լինում էր, որ մեր հացի տաշտերում
Չէր լինում թեկուզ մի կտոր սեւ հաց,
Ու մենք մանուկներ՝ ծաղկած դաշտերում
Սինձ էինք քաղում ու խաղում քաղցած։

Քոչվոր թուրքերը իրենց հոտերով
Արանից գալիս սար էին գնում,
Եվ սարի ճամփան՝ պատված խոտերով,
Հաճախ մեզ էին նրանք հարցնում։

Քոչի հետեւից մենք վազքով մրցում
Ու ճամփան էինք նրանց ցույց տալիս,
Եվ դրա համար որպես հատուցում,
Նրանք մեզ միրգ ու հաց էին տալիս։

Այդ հացը թաքուն մեր ծոցում պահած
Երբ մենք տուն տարանք առաջին անգամ,
Տատս տեսավ ու դեմքով ամպամած
Մեզ իր խոսքն ասաց որպես մի պատգամ.

«Ձագե՛ր իմ խելոք, թեկուզ որբ մնա՛ք
Ու մուրող դարձած անոթի մեռնե՛ք,
Թուրքի դուռ երբեք հացի չգնա՛ք,
Եվ կյանքում երբեք թուրքի հաց չուտե՛ք։

Թուրքի խմորը մեղքով է հունցված,
Անաղ է շաղված, թխված է անեկ,
Իմացած եղեք՝ թուրքն է անիծված,
Ո՜ւր էլ որ լինեք, այդ բանը չանե՛ք»…

Տատս վաղուց է կյանքից գնացել՝
Չտեսած Կարնո երկինքը սուտակ,
Բայց նրա խոսքն է պատգամ մնացել.
-Դուք կյանքում երբեք թուրքի հաց չուտե՛ք։

ՎԱՀԱՆ ՄԱՂԱԼՅԱՆ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Հոգևոր-մշակութային


26/03/2015