ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ…
Մարտի 12-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնում բացվեց հայ ժամանակակից արվեստագետ Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» խորագիրը կրող ցուցադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մեծ եղեռնի թեման իր լայն արձագանքն է գտել արվեստի տարբեր ճյուղերում: Կերպարվեստում այն եւս արտացոլվել է պատկերային եւ պատկերավոր տարբեր լուծումներով՝ ոմանք հայելանման, լուսանկարչական ճշգրտությամբ պատկերել են դաժան ոճիրից դրվագներ, ոմանք էլ այլաբանական կերպարներն ու իրականությունն են միահյուսել` ջանալով հնարավորինս բացել այդ մղձավանջի դաժան ծալքերը:
Արտահայտչական ուրույն ոճով է պատկերված Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը», այն ինքնատիպ է նաեւ օգտագործված նյութերի ոչ կարծրատիպային եղանակով. վերմակների վրա հավաքված գույնզգույն մինդարներ են՝ ծածկված պարաֆինի հաստ շերտով, մեկ այլ աշխատանքում էլ ձյութի հոսքը իր սեւ շերտով ծածկել է գունեղ, վառվռուն մինդարները, ու դիտողին թվում է, թե դրանք այն բյուրավոր գունեղ երազանքներն են, որ այդպես էլ չհասցրին իրականություն դառնալ եւ խեղդվեցին «սևի» ամենակուլ ճիրաններում:
Ցուցասրահի ամենաերեւացող մասում արվեստագետի մեծ մոր փիրուզե քարով ականջօղերի մեծացրած տարբերակն է. ձյութի մեջ ընկղմված փիրուզե քարերը կարծես աչքեր լինեն, որոնց մեջ համրացել է վախը, ցավը, սարսափը, տխրությունը:
-Այս թեմային անդրադարձը շատ վաղուց էր խմորվել մեջս, -ասում է Սահակ Պողոսյանը,- ինքս եղեռն վերապրածի 3-րդ սերունդն եմ: Տատս մեզ հետ էր ապրում եւ իր իսկ ներկայությամբ խորհրդանշում էր մեծ արհավիրքը: Չէ՛, նա ոչինչ չէր պատմում, չէր խոսում այդ մղձավանջից, բայց ավելի խոսուն էր նրա լռությունը: Տատս պատմել էր լոկ, որ այդ դժոխքից կարողացել էին միայն վերմակները փրկել, որով էլ տեղահանության երկար ու ձիգ ճանապարհներին ծածկում էին երեխեքին…
Նախագծում օգտագործելով ոչ ստանդարտ ընդունված պատկերային նշանները, արվեստագետը փորձում է ցույց տալ մեծ արհավիրքի խորը թաքնված զգայական շերտերը, որոնք թերեւս ավելի տպավորիչ են, քան ասենք եղեռնի ողջ դաժանությունը իրատեսորեն պատկերող գործերը:
-Այս նախագծի հետեւում հինգ տարվա զուտ ֆիզիկական աշխատանք-փնտրտուք է՝ շրջել եմ Հայաստան աշխարհի տարբեր անկյուններում եւ հավաքել այս վերմակները, բայց նախագիծն իմ մեջ կուտակվել և հասունացել է ամբողջ կյանքիս ընթացքում եւ բնականաբար մի օր պետք է ճայթեր:
Իմ այս աշխատանքներում, բացի վերմակներից, ևս երկու հիմնական բաղադրիչ եմ գործածել՝ ձյութ եւ պարաֆին: Որպես խորքային սիմվոլիկա, զգայական դաշտը մի կողմ դրած, դա աղերսվում է եղեռնի քաղաքական եւ տնտեսական հիմքերին: Այսինքն՝ ձյութը եւ պարաֆինը ցեղասպանության քաղաքական եւ տնտեսական դրդապատճառներն են խորհրդանշում, դրա խորքում էլ հենց տեղի ունեցավ ոճիրը:
Իմ այս գործերում չկա պատմություն, չկա տեսարան, մեզնից ամեն մեկը իր մեջ է կրում այդ պատմությունը, ու այդպես հազարավոր չպատմված պատմություններ կան: Յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա վերապրելու եւ «պատմելու» իր պատմությունը եւ այդ կերպ դուրս գալու իր հիշողության խորխորատներից, թոթափելու, ձերբազատվելու հոգեմաշ ցավից ու մորմոքից… …
Ի վերջո, աննկարագրելիորեն դժվար է այս ճնշող, թաքնված զգացմունքային դաշտով ապրելը: Պետք է սպառել ցավը, ներքին տագնապները, որ կարողանաս շարունակել ապրել, ստեղծագործել…
Որպես արվեստի մարդ` մի ցանկություն ունեմ, որ նաեւ համամարդկային ցանկություն է՝ թող ոչ մի արվեստագետ այլևս այսքան ցավոտ թեմայի շուրջ ստեղծագործելու առիթ չունենա, իսկ ուժը օգտագործվի միայն գեղեցկությունը պաշտպանելու համար…
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը ծնվել է Երեւանում, 1959թ.-ին: Նրա ստեղծագործությունները ներկայացվել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: 2005թ.-ին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդ կողմից արժանացել է հատուկ դիպլոմի՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթողիկե եկեղեցին ձեւավորելու համար:
Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Հոգևոր-մշակութային