ԹԱԼԻՇԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՏՆԵԼՈՒ Է ԵՐԿՐԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՂԵՐԸ…
Իրանալեզու մեր հարևաններից իր Ամանորն է տոնում նաև ազատաբաղձ թալիշ ժողովուրդը, որն այսօր հածում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ճիրաններում: Նոր տարին նոր` ազատ, ինքնիշխան կյանքի հույսեր է արթնացնում այս ժողովրդի հազարավոր զավակների սրտերում, որոնք թե՛ Ադրբեջանում և թե՛ ամբողջ աշխարհում ապրում և պայքարում են հանուն սեփական անկախ եզերքի` հայրենիքի:
Պատմական Նովրուզ տոնի կապակցությամբ իր հայրենակիցներին վտարանդիությունից շնորհավորական ուղերձ է հղել Թալիշստանի նախագահ Ալաքրամ Հումմաթզոդան, որը միաժամանակ հանուն ժողովրդի ոտնահարված իրավունքների, բռնության հետ չհամակերպվելու, անկախության պայքարի կոչ է: Ուղերձում նա մասնավորապես ասել է.
«Առանձնակի շնորհավորում եմ 1993թ. թալիշստանյան իրադարձությունների պատճառով զոհվածների ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր թալիշ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության և Բաքվի բռնապետության կամայականությունների պատճառով վտարանդված են հայրենիքից: Նրանց ջանքերը կմնան պատմության էջերում: Վերջին 25 տարվա ընթացքում թալիշական շարժումն այնքան է հզորացել, որ թալիշ երիտասարդությունն այսօր հաստատականորեն ոտքի է կանգնել ոչ միայն պաշտպանելու իր մարդկային և հասարակական իրավունքները, այլ նաև վերականգնելու հայրենի եզերքի անկախությունը: Անցած տարում թալիշ ժողովուրդը շարունակել է իր ազատագրական պայքարը, իսկ այսօր յուրաքանչյուրն ականատես է Ադրբեջանի բռնապետության տնտեսական, հասարակական ու քաղաքական ծանր կացությանը, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում մեր ժողովրդի կյանքում: Հենց այս պատճառով էլ մեր ժողովուրդը ջանք չպիտի խնայի սեփական անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Ադրբեջանական հանրապետության տնտեսական ծանր կացության պատճառով մեր ժողովրդի վիճակն առաջիկա տարում, դժբախտաբար, շարունակելու է վատանալ: Մենք առաջիկա տարում շարունակելու ենք բանակցություններ վարել աշխարհի տարբեր երկրների հետ՝ մեր ժողովրդի մարդկային ու հասարակական իրավունքների վերականգնմանն աջակցելու համար: Թալիշստանի անկախության և մեր ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված պայքարի ձայնը հասանելի ենք դարձնելու համաշխարհային հանրությանը: Թալիշստանում մեր ժողովուրդն ինքն է դառնալու իր ճակատագրի տերը, թալիշական շարժումը մտնելու է երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերը…
Ես համոզված եմ, որ մեր գերագույն նպատակի՝ Թալիշստանի անկախության համար պայքարի ճանապարհին Աստված մեզ զորավիգ է լինելու…
Արդարությունն այդ է պահանջում, որ թալիշն իր հայրենիքում իր ճակատագրի տերը դառնա: Մեր անկախության առաջամարտիկներին գալիք տարում մաղթում եմ կորով և քաջառողջություն, իսկ մեր ժողովրդին՝ արժանավայել և երջանիկ կյանք»:
Հ.Գ. Թալիշստանի նախագահ Ալաքրամ Հումմաթզոդայի՝ Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս ապրող իր հայրենակիցներին հղած ուղերձը հասցեատիրոջն է հասել Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի միջոցով:
Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Տարածաշրջան