ՇՈՒՏՈՎ ԲԱՆԱԿ ԵՄ ԳՆԱԼՈՒ
Գարնան հետ ծաղկել են ծառերը, եւ գյուղի այգիները բռնկվել են հրդեհի բազմերանգ բոցերով՝ սպիտակ ու նարնջագույն, կարմիր ու դեղնագույն։ Ծաղկած ծառերի հետ այգի է մտել հողագործը ու մշակում, ավելի ճիշտ՝ գուրգուրում է պտղավորված ծառերը… Ճանապարհն անցնում է Վարդանենց տան մոտով, ու նա այգուց ձայն է տալիս. «Բարով ես եկել»։ Ժպտում ենք իրար, ծիծաղում։ Հիշեցնում եմ մանկության տարիներին նրա կատարած չարաճճիությունները. «Հիմա ո՞նց ես, էլի նույն գիժն ես»։ Մայրը՝ Աշխենը, կողքից ժպտալով՝ ասում է. «Էլի նույնն է, բայց, քիչ մնաց, շուտով բանակ կգնա ու լուրջ տղամարդ դարձած տուն կգա»,- ասում է ու ծիծաղով դիմում որդուն. «Ճիշտ չե՞մ, Վարդա՛ն ջան»։ «Ա՛յ մամ, դու ու պապան չէիք թողնում այգի մտնեմ, աշխատեմ, թե շուտով բանակ եմ գնալու։ Բայց, դե իմ խելքն ասա, մտել եմ, օգնում եմ, աշխատում, որ իմ բանակ եղած ժամանակ քիչ չարչարվեք՝ էլի ասում եք նույն խելառն եմ,- ասում է ու դառնալով ինձ՝ ծիծաղով հարցնում:-Բա էսպես խելա՞ռ կլինի»։ Ընդհանուր ծիծաղի հետ հավաքվում են հարեւանները, ընկերները։ Բոլորն էլ գիտեն, ճանաչում են Վարդանին եւ գիտեն, որ նա որտեղ էլ լինի՝ այնտեղ ծիծաղ է, կատակ։
Վարդան Պատուրյանի մեծ պապը՝ Սարիբեկը, գաղթել է Շատախից։ Մեծ պապին ինքը չի տեսել, բայց մեծ պապի հետ կապված հետաքրքիր պատմություններ է լսել իր պապ Վարդանից, նրանից ժառանգել է նաեւ հրաշալի պատմելու, բանասացի շնորհքը եւ, չնայած իր երիտասարդ տարիքին, շատախցու բառ ու բանով այնքան հետաքրքիր ու դիպուկ է պատմում, որ ներկաները ծիծաղից ուշաթափվում են։ Իսկ ներկաները հիմնականում գյուղի ջահելներն են, որոնք ազատ ժամերին հավաքվելով գյուղամեջ՝ կատակում են, ասում-խոսում։ Եվ հիմնական բանասաց-պատմողը Վարդանն է։
-Այ թե կաճեթցի Սարոն ողջ լիներ ու տեսներ, որ իր ծոռը զինվոր է, հայրենիքի զինվոր,- ասում է գյուղացիներից Եղիազար քեռին։
-Քեռի՛ Եղիազար, ճիշտ ես ասում, բայց դե կաճեթցի Սարոյի պատիվը իր թոռներից, ծոռներից որ մեկն է գետնովը տվել, որ Վարդանս տա,-սա էլ Վարդանի հայրն է՝ Մովսեսը։
Դեռ կեսօր չեղած՝ Արշալույս տատը բոլորին հրավիրում է տուն։ Ու մի բաժակ սուրճի սեղանը փոխվում է աչքալուսանքի սեղանի։
-Բանակ եմ գնալու,-հպարտանում է Վարդանը,-ընկերներով ենք՝ Սամվելը, Կարապետը, Հրաչը, Գեւորգը։ Միասին կծառայենք, մեր պարտքը կտանք ու նորից տուն կվերադառնանք։
Ներկաները նորից հիշում են Վարդանի մեծ պապին՝ Սարիբեկին.
-Դու կաճեթցի Սարոյի ծոռն ես, Վարդան ջան, իսկ նա հայրենիքի համար բազմիցս կռվել է թուրքերի դեմ։ Չենք կասկածում, որ նրան արժանի հետնորդ ես, զինվոր, ու պատվով կվերադառնաս հայրենի օջախ,- ասում է Եղիազար քեռին։
… Գարնան հետ գյուղը գուրգուրանքով, պատվախնդրությամբ եւ օրհնանքով պատրաստվում է բանակ ճանապարհել իր զինվոր որդիներին։
Գ. ՇԱՂԱՓՅԱՆ
Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Բանակ և հասարակություն