Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԵՐՈՒՄ



Մարտական հենակետում կարճ ժամանակում հիրավի մեծ աշխատանքներ են կատարվել՝ խրամատների, խրամաբջիջների կահավորում, հին ծածկաճեղքերի նորացում, կացարանի վերանորոգում: Ամրապնդվել են մարտական հենակետերը, խորացվել են, լայնացվել են խրամուղիները, տեղադրվել կողմնորոշիչ վահանակներ: Եթե ավելացնենք նաեւ այս տարվա գարնանային ձյունն ու ձյունախառն անձրեւային եղանակը, տղաների աշխատանքն իրոք արժանի է գովեստի:

Սարերի լանջերին տեղ-տեղ գիշերը նստած ձյան պատառիկները ինչ-որ պատկերներ են հիշեցնում: Գարնան շունչը հովիտներից մշուշի հետ բարձրանում է սարերը: Հատուկենտ մարդիկ են երեւում իրենց ամառանոց-յայլաներում: Խիստ ձմեռվանից հետո աչքի են անցկացնում կացարաններն ու փարախները, որ յայլա բարձրանալիս կիսատ գործեր չլինեն…:

…Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Վ. Ստեփանյանի հետ բարձրանում ենք դիրքեր տանող ճանապարհով: Ճանապարհին մեզ է միանում գումարտակի ԱՀՏԱ տեղակալ, մայոր Փալանդուզյանը: Գիշերը տեղացած ձյունը ճանապարհը դարձրել է դժվարանցանելի, սակայն մեր զինվորականների փորձի ու հմտության շնորհիվ հաղթահարվում են ճանապարհային այդ դժվարությունները: Ճանապարհին հանդիպում ենք զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Սմբատյանի «Վիլիսին», որը ամբողջովին կորած է ցեխի մեջ:

-Դիրքերից մեկում տեխնիկայի օգնությամբ շինարարական աշխատանքներ են տարվում, և հրամանատարը այնտեղից է գալիս, -ասում է մայոր Վ.Ստեփանյանը,-հրամանատարը առաջնագծում տարվող ամեն աշխատանքի պետք է ներկա լինի, հետևի կատարվող աշխատանքներին:

Մարտական հենակետում հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Մ.Ավանեսովի զեկույցից հետո քայլում ենք երիտասարդ հրամանատարի ուղեկցությամբ, որն էլ նախնական ծանոթություն է տալիս տեղանքին, գովեստի խոսքեր ասում հենակետում կանգնած պայմանագրայինների հասցեին:

-Տղաներին շատ բան ասել պետք չէ, նրանք քաջ գիտակցում են, որ հայրենիքն սկսվում է հենց այս սահմանագծից: Ունեն փորձ ու հմտություն, իսկ տեղանքի ճանաչողությունը ավելի է օգնում մարտական առաջադրանքների կատարմանը,- ասում է ավագ լեյտենանտը:

Մ. Ավանեսովը գերազանցությամբ ավարտել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և իր ցանկությամբ ծառայության անցել սահմանամերձ այս զորամասում:

Շարքային Ա.Սարգսյանը ժամկետային ծառայությունից հետո 2013թ.-ից անցել է պայմանագրային ծառայության: «Ճիշտ է՝ լարվածություն կա, բայց կարողանում ենք պահել, վախ էլ չունենք: Հատկապես զգոն ենք գիշերային ժամերին՝ առաջնագծի դիտորդների, գետնատնակի դիտորդի, կապավորի և գիշերային հեռադիտումի մշտական հսկողությամբ: Իսկ հենակետի ավագը ամբողջ գիշեր զգոն է եւ ուշադիր»:

Գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Հ. Փալանդուզյանը ցույց է տալիս մեր մի քանի հենակետերի երկարությամբ ձգվող ադրբեջանական գյուղը ու անցնելով դիրքերով՝ հերթով ծանոթացնում է տղաներին՝ սերժանտ Ա. Հայրապետյան, ավագ սերժանտ Ա.Փանոսյան, շարքայիններ Ա. Մարդանյան, Մ. Նիկոյան, Ա. Վանեսյան: Դիտորդ, ավագ սերժանտ Ա.Փանոսյանն ասում է.

-Մառախուղի ժամանակ, երբ տեսանելիությունը նվազում է, ուժեղացնում ենք դիրքերում պաշտպանությունը, կրկնապատկում դիտորդներին:

-Ուշադիր ենք, իսկ երբ հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում, անմիջապես անցնում ենք գործի,-ընկերոջն է լրացնում շարքային Ա. Մարդանյանը:

-Իսկ հաճախակի՞ են կրակոցները:

-Վերջերս պակասել են: Օրինակ երեկ մի քանի կրակոց եղավ:

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Հունվարի դիվերսիայից հետո ստացած արժանի պատժից հետո,- ասում է զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալը, հետո ավելացնում,- դեռ ժամանակ կա՝ գնանք ժամկետային զինվորների մարտական հենակետ եւ զրույցը շարունակենք այնտեղ: Կտեսնենք, որ ժամկետային մեր զինվորները ոչնչով չեն զիջում պայմանագրայիններին…

Շարունակելի

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Ազգային բանակ


26/03/2015