Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՐԱԽ, ԶՎԱՐՃԱԼԻ ՏՈՆ



Ապրիլի 1-ին ամբողջ աշխարհը նշում է Երգիծանքի եւ հումորի օրը։ Ընդ որում, այս օրը տարբեր երկրներում նշում են տարբեր կերպ։ Որտե՞ղ է ծագել տոնը՝ Ֆրանսիայո՞ւմ, Անգլիայո՞ւմ, Շվեդիայո՞ւմ, թե՞ մի այլ երկրում, առայժմ հայտնի չէ։ Համենայնդեպս, տոնի ծագման վերաբերյալ շրջանառվում է մի քանի վարկած։

Այսպես, հիմնական վարկածը կապվում է գարնանային արեւադարձի, իսկ ավելի շուտ, պարզվում է, որ ծիծաղի միջազգային օրվա արմատները կապված են մեկ այլ սիրված տոնի՝ Նոր տարվա հետ։ Եվրոպայում 16-րդ դարի երկրորդ կեսին Ամանորը նշվում էր մարտի վերջերին։ Գարնանային Նոր տարվա տոնակատարություններն ուղեկցվել են կատակներով, չարաճճիություններով եւ ուրախ խաղերով։ Տոնին եվրոպացիները պատրաստվում էին ամենայն պատասխանատվությամբ։ Նրանք միմյանց հյուր էին գնում, նվերներ տալիս, բարեմաղթանքներ հղում։ Նոր տարվա բուն գալուստը նշանավորվում էր ապրիլի 1-ին։

Ավելի ուշ, արդեն Ֆրանսիայի թագավոր Կառլ 9-րդի հրամանով, Նոր տարին սկսեց նշվել հունվարի 1-ին։ Չնայած այս հանգամանքին, շատ մարդիկ շարունակել են Ամանորը մեծ շուքով նշել հենց ապրիլի 1-ին, եւ այդ պատճառով նրանց ծաղրել են՝ անվանելով «ապրիլյան հիմարներ», որոնց, թերեւս, ավելի ճիշտ կլիներ խենթեր կոչել։ Մեկ այլ համանման վարկածի համաձայն՝ ծիծաղի օրը կապված է 1582 թ. Հռոմի պապ Գրիգորիսի ներմուծած Գրիգորյան օրացույցին անցում կատարելու հետ։

Հին Հռոմում, օրինակ, փետրվարի կեսերին նշում էին այսօրվա ծիծաղի օրը հիշեցնող տոն, որը կոչվում էր Հիմարների օր։ Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ պալատական ծաղրածուն Կոնստանտին կայսերը հայտարարել է, թե ծաղրածուներն ու միմոսները կարող էին ավելի լավ ղեկավարել երկիրը։ Կոնստանտինը վճռել է նրան խոսքը գործով ապացուցելու հնարավորություն ընձեռել։ Հրաման է արձակել՝ Հռոմը տարվա մեկ օր կղեկավարի ծաղրածուներից մեկը։ Այդ օրն ամբողջ Հռոմում մարդիկ կատակել են եւ կատակով տարբեր «ծուղակներ» պատրաստել միմյանց համար։

Ոմանք պնդում են, թե այդ տոնը ծնունդ է առել հին Հնդկաստանում, որտեղ մարտի 31-ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։ Կա մի ավանդություն, ըստ որի՝ այդ տոնը նեապոլյան թագավոր Մոնթերեի անվան հետ է առնչվում։ Նրան երկրաշարժի դադարելու հետ կապված տոնական ճաշկերույթի ժամանակ ձուկ են հրամցրել։ Մեկ տարի անց թագավորը կրկին նույն ուտեստից է պահանջել։ Նմանը չեն գտել, սակայն խոհարարը պատրաստել է մեկ ուրիշը, որը հիշեցնում էր նախորդը։ Չնայած թագավորը հասկացել է, որ դա բնավ էլ այն չէ, ինչ ինքն էր ուզում, բայց չի զայրացել, անգամ ուրախացել է։ Ահա այդ ժամանակվանից ի վեր ապրիլի 1-ին կատակ անելը դարձել է սովորություն…

Գերմանիայում եւ Ավստրիայում ապրիլի 1-ը համարվում է «դժբախտ օր»։ Այն մարդը, ով ծնվել է ապրիլի 1-ին, ըստ նրանց, կարող է դժբախտ լինել։ Լեգենդի համաձայն, այս օրը ծնվել է Հուդան, եւ հենց այս օրն է սատանան «ներխուժել» երկիր։ Գյուղերում չեն աշխատում, նոր գործեր չեն ձեռնարկում։ Այս երկրներում միմյանց խաբելու ձեւն առանձնանում է նրանով, որ բնակիչներն ասում են այնպիսի բաներ, որոնք իրականության մեջ չեն կարող լինել։ Օրինակ՝ ուղարկում են որեւէ մեկին դեղատուն եւ խնդրում այնտեղից գնել փայտոջիլի… միս։ Կամ, ասենք, միամիտներին հանձնարարում են դեղագործից (վաճառականից) մոծակի… ճարպ գնել։

Ֆինլանդիայում կատակների եւ ծիծաղի տոնը վերջին ժամանակներում է ի հայտ եկել։ Այստեղի կատակները նույնպես որեւէ անհավանական, գոյություն չունեցող իրերի հետ են կապված։ Մեծ վերանորոգումների կամ, ասենք, հաց թխելու ժամանակ երեխաներին ուղարկում են որեւէ հարեւանի տուն՝ բերելու այնպիսի մի իր, որը գոյություն չունի՝ համոզելով նրանց, որ այդ իրը կա եւ շատ անհրաժեշտ է։ Օրինակ՝ ապակե… մկրատ։ Հարեւաններն էլ, տեղյակ լինելով տոնի մասին, «մտաբերում» էին, որ այդ իրը տվել են մեկ այլ հարեւանի՝ երեխային ուղարկելով վերջինիս տուն…

Ապրիլի 1-ին Ֆրանսիայի փողոցներում հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ուսերին դրած «ձկներ» են տանում։ Այդ «ձուկը» կարող է լինել թղթից, պոլիէթիլենից, կերամիկայից եւ այլ նյութից։ «Ձկով» կատակում են հետեւյալ կերպ. դրանից կապում են կարթ, որը շատ «անսպասելի» ամրանում է որեւէ մեկի հագուստից, եւ այդ մարդը չնկատելով այն՝ իր մեջքին կապած տանում է, իսկ կողքի մարդիկ ուրախանում եւ ծիծաղում են։ Խաբվածը քայլում է եւ տեսնելով մարդկանց անորոշ ժպիտը, զարմանում է, թե ինչի վրա են նրանք ուրախանում։ Խաբված մարդն ստանում է «ապրիլյան ձուկ» անվանումը։

Ռուսաստանում ապրիլի 1-ը Ծիծաղի օր է հայտարարել Պետրոս 1-ինը։ Պատմագիրների վկայությամբ՝ կայսրն այդպիսի վճիռ է կայացրել ամեն առավոտ ենթակաների մթնած ու դժգոհ դեմքերը տեսնելուց եւ վերջիններիս կցկտուր ու անհոդաբաշխ զեկույցները լսելուց հետո։ Ավելին, ծիծաղի դերն ու կարեւորությունը գիտակցած կայսեր հրահանգով 1702 թ. հենց Մոսկվայի սրտում՝ Կարմիր հրապարակում, կառուցվում է փայտամած մի շինություն՝ կատակերգական ներկայացումներ բեմականացնելու համար։

Դե, իսկ մեր երկրում ապրիլի 1-ը դեռեւս շարունակում է ավանդաբար խաբելու օր համարվել, որը հատկապես ոգեւորում է դպրոցականներին ու ուսանողներին։ Չնայած, ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչվել է Երգիծանքի եւ հումորի օր։ Սա արժանահիշատակ իրադարձություն էր այն առումով, որ նախ պետությունը կարեւորեց երգիծանքի եւ հումորի դերն ու նշանակությունը, ապա նաեւ ժամանակի ընթացքում հաղթահարվում է խաբել քարոզող «խրախուսանքը»։ Բոլոր ժամանակներում էլ որակյալ երգիծանքն ու հումորը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական-մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար։ «Ապրիլի 1-ն այն օրն է, երբ մենք հիշում ենք, թե ով ենք տարվա մնացած 364 օրերին»,- ասել է Մարկ Տվենը։

Մի խոսքով, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր ապրում են «ապրիլյան հիմարներ»։ Միշտ էլ ժամանակակից են եղել վերջիններիս գլխին զանազան «օյիններ» սարքելն ու նրանց ծանակելը։ Ժամանակի ընթացքում զվարճալի խաղերը, «անշառ» ստերն ու միմյանց հոգու հետ խաղալը վերածվել են բարի ու հաճելի ավանդույթի։ Ավանդույթ, որի շարունակականության համար պարտական ենք հումորի սիրահար, բաց սրտերի տեր, ծիծաղի ու ժպիտի արժեքն իմացող, գնահատող մարդկանց…

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Հոգևոր-մշակութային


02/04/2015