ՀԵՐՈՍԸ
Այգին ձգվում էր հեռու-հեռու, ծաղկած ծիրանենիները` սպիտակ «ամպոտ շորերով», հասնում էին հորիզոնի տեսանելի գծին: Թվում էր` ողջ աշխարհը ծաղկել ու շողշողում է արևի տակ: Քայլում էի, մոտենում, ուզում էի զգալ ծաղիկների արբեցնող, ծանոթ բույրը…
Ինչ-որ մեկը թոթվեց ուսս, հեռվից լսելի էր ինչ-որ խորթ «վեր կաց»:
Ծիրանենիները չքվեցին: Աչքերս բացեցի. գետնատնակում էի: Ներսում ծխախոտի ծխի, զինայուղի և տղամարդկային մարմինների հոտ էր` տղամարդու հոտ…
Դրսում մութ էր: Ուսս Հերոսն էր թոթվում:
-Վե՛ր կաց,-կրկնեց նա,- մեր հերթափոխի ժամն է:
Հերոս տղերքն էին դրել անունը` «սրտոտ» բնավորության համար: Թուխ դեմքը ակամայից աքիսի դեմք էր հիշեցնում, իսկ աչքերն անընդհատ անհանգիստ այս ու այն կողմ էին վազում: Մթությունը նրա համար անվերջ անակնկալների նախասկիզբն էր: Տղերքը հաճախ ծիծաղում էին, թե` պետքարան գնալիս էլ է մեկին համոզում, որ հետը գնա, չվախենա…
Արագ հագա տաք բաճկոնն ու զենքս վերցնելով` դուրս եկա զինակցիս հետևից:
-Երնեկ ինձ,- մրթմրթաց քնածներից մեկը:
Օդը սառն էր, սուր, դեմքս ծակծկում էր: Հասանք խրամատին և ընդունված կարգով ընդունեցինք հերթափոխը: Տղերքը մի երկու խոսք փոխանակելուց հետո քայլեցին մեր եկած ճամփով դեպի ետ…
Մենք դանդաղ շրջայց էինք կատարում: Ծանր մշուշն ընդմիջվում էր կապտասև ու գորշ ժայռաբեկորներով: Աշխատում էինք շատ զգույշ, անձայն քայլել: Հերոսը գլուխը քաշել էր ուսերի մեջ, ինձ թվում էր, որ նրա սաղավարտը նստած է ուսերի վրա: Սաղավարտի և մորթեպատ օձիքի արանքում պսպղում էին աչքերը: Չոր խոտերը կոտրտվում էին անձայն, ասես հուսաբեկ…
Աչքերս կողմնային տեսողությամբ ինչ-որ շարժ որսացին, թվաց` ինչ-որ ստվեր շարժվեց անձայն, անորսալի…
-Մեկը գալիս է,- շշնջացի հազիվ լսելի:
-Էլ մի սկսի,- ֆշշացրեց ընկերս` կարծելով, թե վաղուց սովորական դարձած խաղն եմ կրկնում: Ձեռքս ամուր սեղմեց նրա արմունկը, երկուսս էլ նայում էինք նույն ուղղությամբ: Մեր դիրքից կարող էինք առանց նկատվելու զննել շրջակայքը: Մեկը չէր գալիս, գալիս էին երկուսը` զգույշ, անաղմուկ, պատրաստ…
Հետախույզներ էին:
Սպասումը դառնում էր նյութական, շոշափելի, զենքը ձեռքներիս քարացել էինք: Հերոսը շշնջաց հազիվ լսելի.
-Չմտածես, սրանք մերն են…
Մեկ, երկու… երկու հատու կրակոց, երկու անհետացող ստվեր, երկու հնձված թշնամի, երկու երբեմնի անծանոթ կյանքի ավարտ…
Մենք դեռ սպասում էինք: Ընկերս խոր հոգոց հանեց:
Դանդաղ քայլեցինք առաջ:
Դա վերջն էր մոխրագույն մշուշի…
Հերոսը նույնիսկ ինչ-որ ծանոթ եղանակ էր մռմռում քթի տակ, կարծես` «Ծիրանի ծառ, բար մի տա…»:
Դավիթ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Հոգևոր-մշակութային