Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄՆԵՐ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ



Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ հակաիրանական կոշտ հայտարարությամբ, որով մեղադրեց ԻԻՀ իշխանություններին, որ վերջիններս բացահայտ միջամտում են Եմենում տեղի ունեցող գործընթացներին՝ տարածաշրջանում դրսևորելով գերիշխանական հավակնություններ: Էրդողանը նշեց նաև, որ ԻԻՀ հիշյալ «գործողություններն» անհանգստացնում են ոչ միայն Թուրքիային, այլև Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի մյուս երկրներին:

Այժմ, երբ մոտեցել են ԻԻՀ միջուկային հիմնախնդրի հանգուցալուծման ժամկետները, և նախատեսվում է ամռանն ստորագրել պայմանագիր, որը վերջ կդնի ԻԻՀ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, և որոնց արդյունքում Թեհրանը հնարավորություն կստանա առաջին հերթին էներգետիկ ոլորտում առավել անկաշկանդ տարածաշրջանային քաղաքականություն իրականացնելու, նման հեռանկարները չէին կարող չանհանգստացնել Իրանի ավանդական մրցակից պետություններին Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Այդ համատեքստում վերջիններիս հակաիրանական ուղերձներն ԻԻՀ հետ բանակցող «5+1» երկրներին առավել քան հասկանալի են, այսինքն՝ այն, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան պատրաստ չեն համակերպվելու ԻԻՀ նոր հավանական դերակատարության հետ:

Թուրքիայի ղեկավարությունը վերջին տարիներին ԻԻՀ հետ փոխհարաբերություններում մեծ կարևորություն է տվել Իրանի էներգետիկ պաշարների համար տարանցիկ երկրի կարգավիճակ ստանձնելու քաղաքականությանը, որն ակնհայտորեն ձախողվել է: Հակառակ դեպքում Թուրքիայի հակաիրանական պոռթկումները կարող էին անհամեմատ զուսպ դրսևորվել:

ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարզիյե Աֆխամը մարտի 30-ին հայտարարեց, որ Էրդողանի հակաիրանական ելույթից հետո Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԻԻՀ ԱԳՆ՝ պարզաբանումների: Իրանական իշխանությունները դեսպանի միջոցով իրենց բողոքն են արտահայտել Թուրքիայի նախագահին՝ ակնկալելով նրանից հստակ պատասխան, թե ինչ տրամաբանությամբ են հնչել նման մտքերը:

Բացի այդ, ԻԻՀ Մեջլիսի՝ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհամադ Էսմայիլ Քուսարին մարտի 31-ին հայտարարեց, որ իրենք անպայման հետամուտ են լինելու Ռ. Թ. Էրդողանի չհավասարակշռված խոսքերին պատասխանելու խնդրին: Նա նշեց, որ Մեջլիսն ԱԳՆ հետ համատեղ հանձնաժողով է ստեղծելու՝ այդ հարցը քննելու համար: Ըստ Մ. Է. Քուսարիի՝ իրենք փորձելու են համոզել ԱԳՆ-ին չեղյալ հայտարարելու Թուրքիայի նախագահի՝ ս.թ. ապրիլին սպասվող այցը Թեհրան:

Ռուդիկ ՅԱՐԱԼՅԱՆ
իրանագետ

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


02/04/2015