Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության քարոզչական ծառայությունը շարունակում է լուրեր տարածել, թե իբր ղարաբաղյան կողմը շփման գոտու տարբեր հատվածներում պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Որքանո՞վ են նման տեղեկությունները համապատասխանում իրականությանը և ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքվի կողմից շրջանառվող այսօրինակ տեղեկատվությունը: Փորձենք պարզաբանել:
Որ հատկապես վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն առավել հաճախակի բնույթ են կրում, ակնհայտ է: Այլ հարց է, թե որ կողմն է հանդես գալիս նախահարձակի դերում, և ինչպիսի ուժեր ու միջոցներ են կիրառվում այդ գործողությունների ընթացքում: Այս հարցի պատասխանը ստանալու համար բերենք մի քանի ամփոփ տվյալ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` միայն ընթացիկ տարվա ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվել է շուրջ 6500 կրակոց: Առանձնացման արժանի է հատկապես այն հանգամանքը, որ խախտումների նշանակալի մասը ադրբեջանական կողմն իրականացրել է «CBD», «Սև նետ» և թուրքական արտադրության «ԻՍՏԻԳԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից:
Ի դեպ, պաշտոնական Բաքուն բազմիցս արդեն հրապարակավ հայտարարել է, որ Ադրբեջանում նպատակասլաց աշխատանք է տարվում դիպուկահարների պատրաստման ուղղությամբ և այդ իսկ նպատակով Ռուսաստանից ու Թուրքիայից հանրապետություն է ներկրում համապատասխան քանակության զենք ու հանդերձանք: Գաղտնիք չէ նաև, որ բացի սեփական ուժերից, Ադրբեջանն առաջին գծում պարբերաբար օգտագործում է նաև բավականին լավ վարձատրվող արտասահմանյան դիպուկահարների: Մի գործելաոճ, որն արդեն իսկ հարցականի տակ է դնում «հրադադար» հասկացությունը: Ապացույցը սույն թվականի ապրիլի 28-ից 29-ը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՊԲ կորուստներն են, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը հակված է ոչ միայն շրջանցելու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունը, այլև իրեն հատուկ ցինիկությամբ կարող է կատարվածի վերաբերյալ տարածել իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեղեկություններ:
Անդրադառնալով ապրիլի 29-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպերին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայկական կողմի տարածած հաղորդագրությունը որակեց որպես կեղծիք: Դեռ ավելին, գնդապետ-լեյտենանտ Սաբիրօղլուն, գործի դնելով սեփական երևակայությունը՝ ոչ ավել, ոչ պակաս, ասաց հետևյալը. «… Բոլորին է հայտնի, որ Ղարաբաղի և Հայաստանի հայերի միջև գոյություն ունի ատելություն: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն ապրիլի 29-ի միջադեպը տեղի է ունեցել հենց այդ պատճառով: Զինվորը, որ Հայաստանի քաղաքացի է, ավտոմատից կրակելով սպանել է տեղացի երկու զինվորի…»:
Ակնհայտ է, որ ադրբեջանական քարոզչությունը շարունակ ոչ միայն հնարում և աշխարհով մեկ տարածում է նպատակաուղղված ապատեղեկատվություն, այլեւ փորձում է իր ճամբարում ունեցած հիմնախնդիրները, բավականին սիրողական մակարդակով, վերագրել հայկական կողմին… Անտեսելով այն փաստը, որ խնդիրներ կարող են ունենալ թալիշները, լեզգիները, ուդիները և Ադրբեջան կոչված տարածքում ապրող էլի մի շարք ազգություններ, որոնք պաշտոնական Բաքվի մամլակի տակ ոչ միայն աստիճանաբար կորցնում են իրենց ինքնությունը, այլև շատ հաճախ ադրբեջանական բանակում տեղ գտնող միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ենթարկվում ֆիզիկական ոչնչացման: Բերենք մի քանի փաստեր:
Միայն 2011թ. չորս ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում սպանվել է 17 այլազգի զինծառայող, որից 7-ը` լեզգի, 6-ը` թալիշ, 3-ը` ուդի, 1-ը` ավար: Մասնավորապես, 1990թ. ծնված, ազգությամբ ավար Մամեդ Ազադալիևը հունվարի 17-ին գնդակահարվել է զինակցի կողմից, լեզգի Մուզաֆար Փերիվերդիևը մարտի 14-ին անհայտ պայմաններում մահացել է զորանոցում, թալիշ Մուխտար Ջամբարլին ապրիլի 6-ին իրեն նետել է զորանոցի 4-րդ հարկից և մահացել, ապրիլի 21-ին չպարզված հանգամանքներում ինքնասպանություն է գործել ազգությամբ ուդի, 19-ամյա Էլչին Քերիմբեյլին… Դեպքերի ցանկը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավարար է, որպեսզի պարզ դառնա, թե որն է ապատեղեկատվություն, և որը` իրական փաստ՝ եղելություն:
Իսկ այժմ այն մասին, թե ինչով է պայմանավորված առաջնային գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախականության նկատելի աճը, և ինչ կարող է տալ այն Բաքվի ռազմական ղեկավարությանը: Ըստ միջազգային փորձագետների ընդհանրացված կարծիքի` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գոտում լարվածության պահպանումը բացառապես պայմանավորված է Բաքվի ռազմատենչ մարտավարությամբ և հետապնդում է հետևյալ նպատակները.
– նախ` անընդհատ հիշեցնել չավարտված պատերազմի վերսկսման հավանականության մասին.
– երկրորդ` սեփական երկրում բարելավել ներքաղաքական կայունությունն ու հանդուրժողականությունը.
– և երրորդ` միջազգային հանրության տեսադաշտում հայկական կողմը ներկայացնել որպես սադրիչ գործողությունների նախաձեռնող:
Թե որքանով է Ադրբեջանին հաջողվում կյանքի կոչել իր այս մտահղացումը, կարելի է կռահել երկրի ներսում օր օրի աճող ներքաղաքական ընդվզումների հաճախականությունից և, իհարկե, պաշտոնական Բաքվի միապաղաղ ու անիմաստ հայտարարությունների հանդեպ միջազգային հանրության դրսևորվող չեզոքությունից: Եվ թե իրականում ինչ են տալիս և ինչ կարող են տալ առաջնային գծում ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունները, դժվար չէ պատկերացնել, մանավանդ որ մեր ձեռքի տակ ունենք ահա հետեւյալ վիճակագրությունը:
2011թ. անցած 4 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 3200 անգամ, որի հետևանքով հայկական կողմը տվել է 5 զոհ, 4 վիրավոր: Նույն ժամանակահատվածում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հայկական կողմն առաջնային գծում կրակ է բացել մոտ 150 անգամ: Համաձայն նույն աղբյուրի, ընթացիկ տարում ադրբեջանական բանակում արձանագրված 51 զոհի և 29-ի վիրավորի շուրջ 40 տոկոսը ներկայացվում է իբրեւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանք:
Եթե հիմք ընդունենք Ադրբեջանի տարածած պաշտոնական վիճակագրության տվյալները, ապա ստացվում է, որ հակառակորդը շուրջ 20 անգամ ավելի է խախտել հրադադարի ռեժիմը, քան Ղարաբաղյան կողմը: Ի հեճուկս դրա, Ադրբեջանի կրած կորուստների թիվն անհամեմատ մեծ է, իսկ ավելի կոնկրետ` 5-ը 1-ի դիմաց…
Թե որքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Բայց որ հակառակորդի կողմից առաջնային գծում սպանված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է և կստանա անհամեմատ լուրջ պատասխան, և որ նրա ասկյարը մշտապես կլինի սարսափի ազդեցության տակ, միանշանակ է…

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ,
փոխգնդապետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


10/05/2011