Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՀՐՋ



Մայրության, գեղեցկության միամսյակի օրերին գործուղվել էինք գնդապետ Ա.Սմբատյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ զորամասում: Այստեղ իրենց ծառայությունն անցկացնող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միշտ էլ աչքի են ընկել իրենց նվիրվածությամբ, կարգապահությամբ, և նրանց ծառայությունը միշտ բարձր գնահատանքի է արժանացել: Ինչպես միշտ այս անգամ էլ զորամասում կազմակերպվեց մայրության, գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, և զորամասի հրամանատարությունը ջերմորեն շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Հայոց սահմաններին ապրող հայուհիները մշտապես պայքարի մեջ են, և միշտ ուզում ես նրանց ասել. «Ձեզ երջանկություն, համբերություն, առողջություն, հա՛յ մայրեր, ձեր ձեռքի ափերում գրված հայոց ճակատագիրը ձեր շոյանքի, քնքշանքի ու նաև մայրական ապտակի հետ փոխանցվում է ձեր զինվոր որդիներին, որոնք դար ու հազարամյակներ այդ սիրով պահում-պաշտպանում են հող հայրենին»:

ԱԼՎԱՐԴ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԸ մինչ պատերազմը Բերդի ուսումնարանի խոհարարուհին էր: Ուսումնարանի շենքը պատերազմական առաջին օրերից դարձավ զորամաս, և այնտեղ էին տեղավորվել ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության տարբեր վայրերից այստեղ ժամանած ջոկատների 58 տղաները: Ալվարդը, որին Ազի են ասում, ազատամարտիկների համար ճաշ էր պատրաստում, հաց թխում, հարկ եղած դեպքում՝ սնունդ հասցնում դիրքեր: Եվ այդ ամենը առանց վարձատրության: Բանակի կազմավորումից հետո Վ.Սարգսյանի հրամանով դարձել է զինվորական: Ամուսինը՝ Խաչիկ Մելիքբեկյանը, եղել է հատուկ գնդի անդամ. այժմ թոշակառու է:

-Ես միշտ ինձ ապահով եմ զգացել մեր ֆիդայիների կողքին: Դիրքերում անգամ երբեք չեմ մտածել, որ ինձ գնդակ կդիպչի: Այժմ ինձ ավելի ապահով եմ զգում՝ տեսնելով մեր զինվորների պատրաստվածությունն ու նվիրվածությունը: Երեք աղջիկներիս ամուսնացրել եմ այստեղ, չեմ ցանկացել, որ հայրենի եզերքից հեռու լինեն: Թող զինվորներ ծնեն ազգի, հայոց բանակի համար: Դեռ պատերազմական օրերին ես ելույթներ էի ունենում ռադիոյով և կոչ անում հայ մայրերին, որ իրենց զավակներին ուղարկեն հայոց բանակ, որովհետև ինչպես ազատամարտիկների, այնպես էլ տեղի բնակչության կողմից անչափ մեծ է եղել սերը հայոց բանակի, հայ զինվորի հանդեպ: Քանի որ «Հայ զինվորում» իմ խոսքը կարդալու են, ուզում եմ իմ երախտիքի խոսքը, իմ մշտական օրհնանքը հղել իմ երկար տարիների ծառայության ընթացքում սահմանային այս տարածքը հսկող բոլոր զինվորներին և զորամասի այն 15 հրամանատարների հասցեին, որոնցից ամեն մեկը իր հայրենասիրությամբ, տքնանքով ու անդադրում աշխատանքով օր օրի հզորացրին հայոց բանակը և արժանապատվորեն պաշտպանեցին Տավուշ աշխարհի սահմանները:

ՎԱՐԴՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ զորամասի գրադարանավարուհին է: Զորամասն այժմ տեղակայված է նախկին դպրոցի շենքում, որի գրադարանում կա 3000 անուն գիրք: Ամեն մարտական հերթափոխի զինվորներն իրենց հետ դիրքեր են բարձրացնում նաև գրքեր, հիմնականում հայոց պատմության, ինչպես նաև փիլիսոփայական և մասնագիտական ուղղվածության:

-Մեր զինվորները սիրում են կարդալ: Պատմության դասերը, ինչպես նաև հավատով ասված խոսքը մեծ վստահություն են ներշնչում մարդուն: Հիշում եմ՝ Տավուշի գյուղերն ու Բերդ քաղաքը հրետակոծվում էին թշնամու կողմից: Այն ժամանակ մեր զորամասի հրամանատարն էր այժմ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ես տեսա, որ արկերն ընկան մեր փողոցի վրա, և ծուխն ու փոշին երկինք բարձրացավ: Տեսնես ինչ եղան երեխաներս,- անցավ մտքովս, և ես շնչակտուր իջա զորամասի տարածք: Այնտեղ հանդիպեցի հարգարժան հրամանատարին, որ զգալով իմ հոգեվիճակը, հանդարտ, սակայն ազդու ասաց. «Հանգիստ գնա՛, տանը, երեխաներին ոչինչ էլ չի պատահել: Քիչ հետո նրանք կլռեն»: Դժվար է պատմել, թե ինչ հավատ ներշնչեցին ինձ այդ խոսքերը, և ես դեռ շարունակվող ռմբակոծության տակ հասա տուն: Եվ իրոք այդպես էր, ինչպես ասաց հրամանատարը: Իսկ քիչ անց մերոնք ճշգրիտ հաշվարկով իրոք լռեցրին թշնամու կրակակետերը:

ԱՍՏՂԻԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ (շարային մասի տեսուչ)
-Պատերազմի օրերին, ինչպես բնորոշ է ադրբեջանցիներին, խաղաղ բնակչությունից գերիներ էին տարել: Փոխանակման համար մեր հետախույզները լեգենդար Սլավիկ Բաբայանի գլխավորությամբ անցել էին թշնամու տարածք ու փոխանակման համար բերել էին ինչպես թշնամու բնակիչների, այնպես էլ զինծառայողների: Նրանց մեջ մի ծեր, չորացած կին կար: Ես մեր Հովակիմյանին հարցրի, թե «Ընկե՛ր Հովակիմյան, քանի՞ տարեկան կլինի այս կինը, բա մեղք չէ, որ բերել եք»: Նա էլ այսպես պատասխանեց. «Դե կնոջը տարիք չեն հարցնում, մանավանդ հետախույզները և այն էլ գիշերով»: Այս խոսակցությունից հետո մեկ էլ ներս է մտնում մեր «ստարշինան» ու սկսում է հայհոյել Ադրբեջանի բանակի «ստարշինային»: Մեր այն հարցին, թե ի՞նչ է պատահել, պատասխանում է.

-Դրանց հերն անիծած իրենց պահած զինվորների հետ. ո՛չ ներքնաշոր կա հագներին, ո՛չ գուլպա, էսպե՞ս են զինվոր պահում:

ԼՈՒՍՅԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ (զորամասի բուժքույր)
-Բերդի հիվանդանոցում բուժքույր էի: Երբ լսեցի, որ հարեւան զորամասում բուժաշխատողի կարիք կա, մեկնեցի այնտեղ: Հատուկենտ էին պատահում մեքենաներ: Դժվարին օրեր էին, ոտքով 25 կմ էինք անցնում, մինչև հասնում էինք զորամաս: Տարիքի պատճառով զորացրվել և այժմ իմ ցանկությամբ՝ որպես քաղաքացիական աշխատող, աշխատում եմ զորամասի բուժկետում: Անչափ շատ են հիշողությունները պատերազմական օրերից:

Հիմա շատ բան է փոխվել, նկատելի է առաջընթացը: Զորամասի բուժկետը համալրված է մասնագետ բժիշկներով, ունենք դեղորայք, ապահովված ենք առաջին բուժօգնության բոլոր միջոցներով:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Ազգային բանակ


09/04/2015