ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԷՍՏԱՖԵՏԻՆ»
Ապրիլի 2-ից 7-ը Հայաստանի պետական սահմանի երկայնքով անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հաղթանակի էստաֆետը»: Այն մեկնարկել է փետրվարի 2-ին՝ բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված սահմանապահների հուշահամալիրից: Հայաստանը մասնակցում է «Հաղթանակի էստաֆետին» արդեն երրորդ անգամ:
Ապրիլի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում կայացել է Մոսկվայից ժամանած էստաֆետային խմբի հանդիպումը և Հայաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին «Հաղթանակի էստաֆետի» խորհրդանիշի հանդիսավոր փոխանցումը։ Սահմանապահ ծառայության վետերանների մասնակցությամբ էստաֆետը անցկացվել է հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով: Ապրիլի 4-ին Գյումրիում Հայաստանի սահմանապահներն էստաֆետի խորհրդանիշը փոխանցել են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներին: Խումբն անցել է արդեն հայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանի երկայնքով։ Ապրիլի 7-ին Հաղթանակի էստաֆետի խորհրդանիշը լքել է հանրապետության տարածքը և փոխանցվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Կարելիայի Հանրապետության (Պետրոզավոդսկ) աշխատակիցներին։
Էստաֆետին զուգահեռ հայ և ռուս սահմանապահների մասնակցությամբ անցկացվել են տոնական միջոցառումներ, հանդիպումներ Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև սահմանապահ ծառայության վետերանների հետ:
Համագործակցության երկրների սահմանների երկայնքով Հաղթանակի էստաֆետի անցկացման և միջոցառմանը սահմանապահ վետերանների մասնակցության մասին որոշումն ընդունվել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում 2012 թվականի դեկտեմբերին։ Հիմնական նպատակը միաբանության ամրապնդումն է և ԱՊՀ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության ամրապնդումը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մեր երկրների հերոսական պայքարի հիշատակի պահպանումը, ինչպես նաև սահմանապահ կառույցների աշխատակիցների և սահմանամերձ բնակավայրերի բնակչության դաստիարակությունը ավագ սերնդի մարտական ավանդույթների ոգով։ Համանման էստաֆետ անցկացվել է նաև Հաղթանակի 60 և 65-ամյա հոբելյանների կապակցությամբ:
Էստաֆետի մեկնարկը տրվել է փետրվարի 2-ին միաժամանակ երկու երթուղիներով։ Առաջինը մեկնարկել է Բրեստից և Բելառուսի սահմանային հատվածներով անցնելուց հետո կտեղաշարժվի Ռուսաստանի և Հայաստանի արևմտյան սահմաններ։ Ծրագրվում է, որ այդ փուլը կանցնի Ղրիմի տարածքով դեպի Կերչ, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ և Հայրենական մեծ պատերազմի առավել թեժ մարտերի վայրերով։ Երկրորդ փուլը կմեկնարկի Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքից, կանցնի ՌԴ ափամերձ քաղաքներով, ապա՝ ռուս-չինական սահմանի երկայնքով: Այնուհետև կանցնի միջինասիական հանրապետությունների և Ադրբեջանի տարածքներով: Էստաֆետին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև Մոնղոլիայի սահմանապահները՝ որպես հարգանքի տուրք պատերազմում մասնակցած իրենց հայրենակիցների:
-Հաղթանակի էստաֆետը սերունդների շնորհիվ ձեւավորված այն սկզբունքների փոխանցումն է, որոնք կոչվում են ռազմական ավանդույթներ: Իսկ վետերանը հենց այդ ավանդույթի կրողն է: Էստաֆետն անցնում է սահմանապահների սրտերի միջով,- ասում է սահմանապահ զորքերի գնդապետ, Սահմանապահների վետերանների միության համանախագահ Յուրի Վորոնովը:
Իսկ սահմանապահ զորքերի գնդապետ, Սահմանապահների վետերանների միության հայաստանյան համանախագահ Գրիգորի Յավրումովն իր հերթին նշում է.
-Էստաֆետը կբարձրացնի մեր սահմանապահների մարտական ոգին: Սա ռազմահայրենասիրական դաստիարակության ցայտուն օրինակ է:
Էստաֆետին մասնակցող խմբերի հանդիպումը ծրագրված է մայիսի 28-ին, Մոսկվայում` «Հայրենիքի սահմանապահների» հուշարձանի մոտ, որտեղ եւ կանցկացվի «Հաղթանակ-70» էստաֆետի ավարտը ազդարարող հանդիսավոր հավաքը։
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ