Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՇԼԻՄԱՆԸ` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ



1918 թվականն էր, թուրքը մտել էր Կարսի մարզի Բագարան գյուղ, սրի ու կոտորածի, կրակի ու թալանի մատնել հինավուրց ավանն ու նրա բնակիչներին. մարդասպանի ձեռքը հասել էր նաև երկրագործ Հովակիմ Մնեյանի օջախին…

…12-ամյա հայ մանչուկը` Մարութը, ականատեսն է դառնում իր ընտանիքի սպանդի: Հետագայում անվանի հնագետ Հարություն Հովակիմի Մնացականյանը կխոստովանի. «Փրկվել եմ պատահաբար…»: Անասելի ցավն ու տառապանքը զսպելով` որբացած հայ մանչուկը իր մեջ ուժ և կամք գտավ` ինքն իրեն ապրեցնելու:

Այսպես է սկսվում ցեղասպանությունը վերապրած, Երկրորդ աշխարհամարտի վետերան Հարություն Մնացականյանի կենսագրությունը: …Պատմաբան, հնագետ, Լճաշենի և մի շարք հնագիտական արշավախմբերի ղեկավար, Հայաստանի պատմության պետական թանգարանի հնագիտության բաժնի վարիչ (1949-1968թթ., 1972-74թթ.), հայագետ, որը բացահայտեց Հայաստանի` հատկապես Սևանի ավազանի հնագիտական հուշարձանների բազմադարյա գաղտնիքները:

Հարությունը դեռ մանկությունից հետաքրքրվում էր իր հայրենի գյուղի հուշարձաններով, որի դարավոր սրբավայրերում էին հանգչում Աշոտ Ա Բագրատունու և Գևորգ Մարզպետունու մասունքները: Այդ երանելի օրերից նրա հոգում խոր հետք էր թողել ընտանիքով ուխտագնացությունները դեպի այդ սրբավայրերը: Հայրենի եզերքի հետ կապված վաղնջական հուշը նրա հոգում ապրեց առհավետ: Անցնելով գաղթի, սովի ու զրկանքների միջով` մի օր էլ նա հայտնվում է Երևանի, հետո Էջմիածնի որբանոցներում: 1918-23թթ. մանկատունը դարձավ նրա ապաստանը: Այստեղ էլ Մարութ Մնեյանը անվանափոխվում է` դառնալով Հարություն Մնացականյան:

Անցնում են տարիներ: Հայոց ցեղասպանության որբերը կամաց-կամաց սկսում են շտկել իրենց ճկված մեջքերը: 1930 թվականին Հարությունն ընդունվում է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետ և 1933թ. ավարտում որպես պատմաբան-մանկավարժ:

Դեռ ուսանողական տարիներից նրան հրապուրում է հնագիտության առեղծվածային, բարդ ու հետաքրքիր աշխարհը: 1938-41 թվականներին ուսումը շարունակում է Երևանի ԱՐՄՖԱՆ-ի ասպիրանտուրայում, 1947թ. ավարտում է Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի համապատասխան բաժանմունքը: Պատմական գիտությունների դոկտոր, հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանը նրան ոչ միայն ծանոթացնում է հնագիտության հիմունքներին, այլև անձնուրաց աշխատանք տանում իր սաների հետ՝ գիտության ասպարեզ հաստատուն քայլերով մտնելու համար:

1937-39թթ. սկսվում են Դվինի պեղումները, որտեղ իրենց առաջին մկրտությունն են ստանում սկսնակ հնագետներ Հ. Մնացականյանը, Բ. Առաքելյանը և Վ. Հարությունյանը: Հնագիտական արշավախմբի կազմում էր նաև արդեն փորձառու հնագետ Կարո Ղաֆադարյանը:

Սկսվում է Երկրորդ աշխարհամարտը, և Հ. Մնացականյան երիտասարդ մտավորականը հագնում է զինվորական համազգեստ: Տուն է վերադառնում 1946 թվականին` կապիտանի ուսադիրներով: Անցնելով Ռումինիան, Բուլղարիան, Հարավսլավիան, Հունգարիան, Ավստրիան` պատերազմի հաղթական ավարտին հասնում է Բեռլին` ֆաշիզմի որջը: Պարգևատրվում է «Կարմիր աստղի» շքանշանով, «Կովկասի պաշտպանության», «Բուդապեշտի ազատագրման», «Մարտական ծառայությունների համար», «Բելգրադի ազատագրման», այնուհետև «Աշխատանքային բարեխղճության համար» և այլ մեդալներով:

1946 թվականին նորից պատմության ինստիտուտի ասպիրանտ է, միաժամանակ աշխատում է Պատմության թանգարանի հնագիտության բաժնում: Շարունակում է մասնակցել Դվինի և Կարմիր բլուրի պեղումներին: 1948թ. պեղումներ է կատարում Սևանի ավազանում և հրատարակում «Արևի պաշտամունքը Հին Հայաստանում, ըստ բրոնզե պեղածո իրերի» աշխատությունը: 1949թ. նշանակվում է Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչ: Սակայն նա նախանշված մի երկրային առաքելություն ուներ. հոգին անմնացորդ կապված էր Հայաստանի գեղատեսիլ բնակավայրերից ու հնավայրերից մեկին՝ Սևանի ավազանին: Պետք է մի նոր աշխարհ բացեր և իր գիտական հիմնավորումներով նոր էջ գրեր հայ հնագիտության պատմության մեջ: Պետք է հայտնաբերեր Հայաստանի ամենանշանավոր բրոնզեդարյա հնավայրերից մեկը՝ Լճաշենը: «…Պրպտել ու գտնել լճի հազարամյա գաղտնիքը, սառը ջրերի տակ թաքնված մարդկային մտքի գոհարները»,- միշտ սիրել է կրկնել հնագետը:

Իրավամբ ճիշտ է նրան բնորոշել ճարտարապետ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը. «Թեկուզ կարճատև ապրեց Հարություն Մնացականյանը, սակայն բարի հիշատակ թողեց հայկական հնագիտության պատմության մեջ: Լճաշենի տարածքում կատարած դամբարանների պեղումների շշմեցուցիչ արդյունքներով արժանացավ Շլիմանի բախտին»:

Թերևս նրա ամենամեծ հայտնագործությունը լճաշենյան փայտե սայլերի ու մարտակառքերի հայտնաբերումն էր, ինչպես նաև բրոնզե արձանիկների մանրակերտերի, զենքերի ու սպառազինության այլ տեսակների, եռագույն խեցեղենի հայտնաբերումը: Հատկապես կատարողական և պատրաստման հմտությամբ՝ որպես արվեստի անզուգական ստեղծագործություններ, աչքի են ընկնում Լճաշենում հայտնաբերված ոսկյա զարդերը:

Լճաշենի հնավայրը համաշխարհային հռչակի արժանացնելով` Հարություն Մնացականյանը մնաց համեստագույն մարդ և մտավորական… Գիտությունների թեկնածու էր. ավելիին «չձգտեց», թեև բոլոր հնարավորություններն ուներ գիտության դոկտորի և այլ կոչումների արժանանալու: Փառքի հետևից գնալը նրա համար չէր:

Երևելի մարդն ու գիտնականը իր մահկանացուն կնքեց Երևանում, 1978 թվականին:

Հարություն Մնացականյանի հոգին մինչև վերջ լեցուն մնաց չասված խոհերով, որոնցում այնքա՜ն խոր լռություն կար… Մարդ, որ հոգու անպեղելի մի անկյունում իր հետ տարավ մի լուսավոր առեղծված:

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Ճակատագրեր


09/04/2015