ԱՊԱԳԱՆ ՌԷՊ ՈՒԺԵՐԻՆՆ Է
2011թ. դեկտեմբեր: Ամերիկյան RQ-170 գերժամանակակից անօդաչու թռչող սարքը հանգիստ, ամբողջովին անվնաս վայրէջք կատարեց Իրանի տարածքում: Որոշ ժամանակ անց իրանցի զինվորականները հայտարարեցին, որ խորապես ուսումնասիրել են նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված տեխնիկան և դրա օրինակով կարող են մասսայական արտադրություն հիմնել: ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարք) տեսանկարահանող սարքի տվյալները վերծանելով՝ նրանք նաև հնարավորություն ստացան պարզելու ամերիկյան հետախուզության համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող իրենց օբյեկտների քողարկման թույլ և ուժեղ կողմերը: ԱԹՍ-ի վայրէջքի մասին պատմող տեսանյութը բազմաթիվ դիտումներ ունեցավ, շատերին էր հետաքրքրում, թե ինչպես իրանցիներին հաջողվեց դա անել: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկը հայտարարեց, որ դա իրենց ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների հաջողությունն էր:
Ո՞րն է ռադիոէլեկտրոնային պայքարի նպատակը, ինչպե՞ս է այն իրականացվում, այս ոլորտում ի՞նչ հնարավորություններ ունի հայկական բանակը. ներկայացնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնի պետ, գնդապետ ՎԱՀԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
ՌԷՊ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռադիոէլեկտրոնային պայքարը իր կարողություններով դարձել է մարտական օպերացիայի տեսակ, պատերազմի վարման ձև: Այսօր չկա մի զինատեսակ, զորատեսակ, որ իր կազմում էլեկտրոնային բաղադրիչ չունենա: Նույնիսկ աշխարհի շատ բանակներում կիրառվող օպտիկական նշանոցով ինքնաձիգների դեմ հնարավոր է պայքարել հեռվից: Չէ՞ որ օպտիկան ռադիոալիքի տիրույթ է: Ստացվում է, որ հասարակ ինքնաձիգից մինչև հրթիռներ, տիեզերական արբանյակներ բոլորն իրենց կազմում ունեն էլեկտրոնիկա: Այսինքն՝ ինչքան էլ գերժամանակակից լինի տվյալ զինատեսակը, եթե մենք շարքից դուրս բերենք կամ վերահսկողության տակ պահենք էլեկտրոնիկան, այն վերածվում է «մետաղի ջարդոնի»: Ի վերջո, սպառազինության արդիականացված տարբերակները իրենց նախորդներից այնքան էլ չեն տարբերվում: Օրինակ՝ տանկ արտադրողները ստեղծման օրվանից նույն սկզբունքն են կիրառում՝ զրահապատ է, շարժիչ, հրանոթ ունի և այլն: Ճիշտ է, նույն զրահը, շարժիչն ու հրանոթը հզորացնում են, բայց դրանք ամբողջովին կառավարվում են էլեկտրոնիկայի միջոցով, ինչի կատարելագործմամբ էլ առավելապես պայմանավորված է զենքի զարգացումը, որպես հետևանք՝ զինված ուժերի, ապա նաև մարտավարության զարգացումը: Վերցնենք աշխարհի ամենաժամանակակից ինքնաթիռը, հանենք դրանում տեղադրված ողջ էլեկտրոնիկան, և այն կդառնա մի քիչ ավելի արագ թռչող «կուկուռուզնիկ», նորագույն տանկը՝ տրակտոր, թրթուրավոր ինչ-որ մեխանիզմ: Այսօր պայքարելով էլեկտրոնիկայի դեմ, հնարավոր է արդյունավետ նվազեցնել հակառակորդի մարտական տեխնիկայի հնարավորությունները առանց այն խոցելու: Բոլորովին պարտադիր չէ թնդանոթով խոցել հակառակորդի տանկը: Բավական է, ասենք, էլեկտրոնային ճառագայթի միջոցով «կուրացնել» տանկիստին կամ շարքից դուրս բերել նշանոցի համակարգը: Եթե տանկը չի կարող նշան բռնել, այն չի կարող նաև մարտական խնդիր կատարել և դրան խոցելու իմաստը կորում է: Կամ եթե ինքնաթիռը գալիս է, բայց չի կարող նշանակետը հայտնաբերել, խոցել, էլ ինչո՞ւ միջոցներ վատնել տվյալ ինքնաթիռը ոչնչացնելու համար: Հասարակ հաշվարկ է, նույնիսկ ինչ-որ տեղ ծիծաղելի: Ասենք՝ հակառակորդի տասը ինքնաթիռ գրոհում է մեր օբյեկտներից մեկը, և մեր հակաօդային պաշտպանության միջոցները դրանցից ինը ոչնչացնում են: Այդ դեպքում ի՞նչ գնահատական կարելի է տալ ՀՕՊ գործողություններին: Առաջին հայացքից շատ բարձր. տասից իննին խփել են՝ 90 տոկոս արդյունավետություն: Բայց չխոցված մեկ ինքնաթիռը եկավ ու մեր օբյեկտը ոչնչացրեց, հակառակորդը հասավ վերջնական արդյունքի: Հիմա դիտարկենք այլ իրավիճակ: Նույն տասը ինքնաթիռները գալիս են, մերոնք խոցում են մեկը, մնացած ինը մեր օբյեկտները չեն հայտնաբերում, որովհետև մենք ռադիոալիքային ճնշում ենք գործադրում, փակում տվյալ օբյեկտը նրանց տեսադաշտից: Վերջիններս էլ պտտվում գնում են: Ո՞վ հաղթեց այդ իրավիճակում, բնականաբար, մենք, ընդ որում՝ չխոցելով ոչ մի ինքնաթիռ: ՌԷՊ-ի արդյունավետությունը հենց սրանում էլ կայանում է: Այսինքն՝ փոքր ուժերով հնարավոր է իրականացնել մեծ խնդիրներ:
Եվս մեկ անգամ կրկնեմ, ցանկացած ժամանակակից ռազմական տեխնիկայի տեխնիկական հիմքը էլեկտրոնիկան է: Զորքերի ղեկավարման մասին խոսելն էլ ավելորդ է: Հիմնական ղեկավարումն իրականացվում է ռադիոկապի միջոցով: Եթե այն չի գործում, ուրեմն զորքը անկառավարելի է: Այստեղ մի նրբություն կա, շատերը պատկերացնում են, որ ղեկավարում չլինելը ենթադրում է, որ կապ ընդհանրապես պետք է չլինի: Բայց դա այդպես չէ: Իրականում շատ ավելի ցանկալի է, որ կապը լինի, բայց գործի անկայուն: Այդ դեպքում հակառակորդը տեղեկություն հասցնելուց, որոշումներ ընդունելուց ընդամենը կուշանա, իր խնդիրը ուշացումով կկատարի, իսկ ուշացումով կատարած խնդիրը անարդյունավետ է:
Այս առումով ՌԷՊ-ի հնարավորությունները շատ մեծ են: ՌԷՊ ճիշտ կազմակերպելով կարելի է այնպես անել, որ համապատասխան օբյեկտը հակառակորդը ուշ հայտնաբերի, հետո էլ հայտնաբերածի վերաբերյալ տեղեկությունները ուշացումով հաղորդի ղեկավարությանը: Բացի այդ, հնարավոր է նաև այնպես անել, որ ուշացած որոշումներ ընդունվեն տվյալ հարցի շուրջ: Եթե նույնիսկ ժամանակին է որոշում ընդունվել, հակառակորդը չկարողանա կրակ բացել, քանի որ հրամանը դեռ տեղ չի հասել և այլն: Իսկ մերոնք այդ ընթացքում բոլորովին այլ մարտական խնդիր են կատարում: Օրինակ՝ հակառակորդի կողմից 15-20 րոպե ուշացումով կրակ բացելը հնարավորություն կտա դուրս բերել մեր ստորաբաժանումները տվյալ գոտուց: Առավելություններն ակնհայտ են, հակառակորդը կարծում է, թե ոչնչացրել է մեր ռազմական տեխնիկան կամ կենդանի ուժը, բայց իրականում այդպես չէ, և մենք անսպասելի հարված հասցնելու հնարավորություն ենք ստանում: Հակառակորդի մարտապաշարն էլ անիմաստ ծախսվում է:
ԹԱՔՆՎԱԾ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կարելի է ասել, որ ամբողջ աշխարհում ռադիոէլեկտրոնային պայքարի ուղղությանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան մյուս զորատեսակներին: Ճիշտ է, բոլոր զինատեսակների և մարտական տեխնիկայի էլեկտրոնային բաղադրիչը զարգանում է, և դրա մասին խոսվում է որպես լուրջ ձեռքբերման, սակայն ռադիոէլեկտրոնային պայքարը չի «գովազդվում»: Եվ դա բնական է: Գոյություն ունի զենքի վաճառքի ահռելի համաշխարհային շուկա: Շատ երկրներ գնում են նորագույն զինատեսակներ առանց իմանալու, որ, ժողովրդական լեզվով ասած, դրանց հարցերը վաղուց լուծված են: Կարելի է մի ազդանշանով խափանել այդ համակարգիչները, և տվյալ զենքը՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, այլևս գործածել հնարավոր չէ: Զենք վաճառող հզոր պետությունները առաջնորդվում են հետևյալ մտածելակերպով՝ վերցրեք, կռվեք այնքան, ինչքան ուզում եք, բայց հենց դուրս եկաք մեր դեմ, մենք կարգելափակենք ձեր նորագույն տեխնիկան:
Ամեն դեպքում՝ ՌԷՊ առավելություններն ակնհայտ են: Հարձակողական նպատակներով դրա կիրառման վառ օրինակներից մեկը Չեչնիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ջոհար Դուդաևի ոչնչացումն էր: Ռուս զինվորականները տեղորոշեցին Դուդաևի արբանյակային հեռախոսի ազդանշանները և ճառագայթի վրա ինքնուղղորդվող հրթիռով, որը նույնպես համարվում է ՌԷՊ միջոց, ոչնչացրին նրան: Պաշտպանական առումով առավել խոսուն է 90-ականների սկզբին Իրաքում անցկացված «Փոթորիկ անապատում» գործողությունը, երբ սկզբնական շրջանում միջազգային դաշինքի զորքերի արձակած բազմաթիվ հրթիռներ իրենց նպատակին չէին հասնում: Պարզվեց, Իրաքի զինվորականները միացրել են GPS ռադիոնավարկության ճնշման հզոր համակարգեր: Այսինքն՝ հրթիռը արբանյակից տվյալ չի վերցնում կամ սխալ տվյալ է վերցնում: Ամերիկացիներին մնում էր միայն ժամանակավորապես դադարեցնել հրթիռների կիրառումը, հետախուզել խանգարող համակարգերի տեղակայման վայրերը և դրանք ոչնչացնելու համար գործողություններ իրականացնել: Բայց ոչնչացնելուց հետո ինքնուղղորդվող հրթիռները նորից շեղվեցին նշանակետից: Այս անգամ էլ պարզվեց, որ իրաքցիները մի քանի հզոր GPS ճնշման կայաններին զուգահեռ գործարկել են բազմաթիվ թույլ կայաններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կարող է լինել առավելագույնը մի քանի հազար դոլար: Եվ այդ կայանները ոչնչացնելու համար կիրառվում էին մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ հրթիռներ: Տեսնելով, որ թե՛ ֆինանսական, թե՛ մարտական և տեխնիկական ահռելի ներուժ է հարկավոր, ամերիկացիները հարկադրված էին այլ ուղիներ փնտրել խնդիրը լուծելու համար: Տարածված լուրերի համաձայն՝ նրանց հաջողվեց կաշառել այն ժամանակ իրաքյան բանակի հրամանատարներից մեկին, որն էլ վաճառեց այդ կայանների տեղաբաշխման քարտեզը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
Խորհրդային Հայաստանի տարածքում եղել են ԽՍՀՄ լավագույն ՌԷՊ զորամասերից մի քանիսը: Դրանք մասնագիտական մեծ համարում են ունեցել: ԽՍՀՄ փլուզվելուց հետո տվյալ զորամասերը փոխանցվեցին մեր զինված ուժերին: Ակադեմիայում իմ սովորելու տարիներին շատ դասախոսներ երանությամբ էին հիշում Հայաստանում անցկացրած տարիները, հետաքրքրվում մեր նորօրյա ձեռքբերումներով:
Հայաստանը այն երկրներից է, որ ունեցել է ռադիոէլեկտրոնիկայի բարձր ներուժ: Ունեցել ենք գիտաարտադրական և հետազոտական ձեռնարկություններ, ինստիտուտներ, որոնց մի մասը պահպանվել է: Մեր ուսումնական հաստատություններում բարձրակարգ մասնագետներ են պատրաստել: Մի պահ կարծես հետաքրքրությունը կորել էր ոլորտի հանդեպ, բայց այժմ վստահ կարող եմ ասել, որ նորից թափ է հավաքում երիտասարդության շրջանում էլեկտրոնային նոր տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը:
Վերջին մի քանի տարիներին զինված ուժերում նույնպես կտրուկ տեղաշարժ է տեղի ունեցել: Շատերն են հասկանում, որ այս ճյուղը մեզ մոտ պետք է զարգացնել: Մենք մարդկային կամ ֆինանսական մեծ ռեսուրսներ չունենք թվաքանակով և ֆինանսապես միջոցներով գերազանցող հակառակորդին հաղթելու համար: Բայց, ունենալով ժամանակակից ՌԷՊ միջոցներ, մենք կարող ենք կտրուկ նվազեցնել հակառակորդի առավելությունը: Օրինակ՝ եթե հակառակորդն ունի Տ-90 տանկ, իսկ մենք՝ Տ-72, ո՞րն է առաջինի առավելությունը՝ թնդանոթի հեռահարությունը, երթի արագությունը, զրահի պաշտպանվածությունը և այլն: Բայց ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցներ օգտագործելու դեպքում, նորագույն Տ-90-ը իր մարտավարական հնարավորություններով կարող է իջնել ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արտադրված Տ-34-ի մակարդակի: Հակառակորդը այդ նորագույն տանկերը գնելու համար ծախսել է միլիոնավոր դոլարներ, իսկ մենք՝ շատ ավելի քիչ: Այսինքն՝ մենք առանց մի կրակոցի նվազեցնում ենք նրա ներուժը, մարտական կարողությունները:
Արդեն ունեցած ներուժի զարգացմանը զուգահեռ մեր ռազմաարդյունաբերական համալիրը իրականացնում է նոր միջոցների ստեղծում, սերիական արտադրություն, վերանորոգում, արդիականացում: Մենք ստիպված չենք լինի գնալ ուրիշից գնելու: Սեփական ուժերով ոլորտի զարգացման առավելություններից մեկն էլ այն է, որ տեխնոլոգիաների մի մասը կկարողանանք կիրառել քաղաքացիական շուկայում: Չէ՞ որ ռազմական տեխնոլոգիաները միշտ մի քայլ առաջ են: Բոլոր նորագույն տեխնոլոգիաները, դրանցով աշխատող սարքավորումները սկզբում տրվում են զինված ուժերին, հետո միայն դրանք մասսայական են դառնում: Մենք էլ կարող ենք այդպիսի մոտեցում ցուցաբերել, մեր նորամուծություններով փորձել դուրս գալ ներքին և արտաքին շուկա: Միայն ներդրումներ են հարկավոր էլեկտրոնիկայի ոլորտը զարգացնելու համար:
Հասկանալի է, որ պարզապես հնարավոր չէ ամեն ինչ արտադրել, ամեն ինչ ունենալ: Բազմաթիվ տեխնոլոգիաներ կան, որոնց մենք դեռ չենք տիրապետում, դրա համար մեծ գումարներ և ժամանակ է պետք: Սակայն այսօրվա հնարավորություններին համահունչ զարգացումը պարզապես անհրաժեշտ է: Մանավանդ, մենք դեռ պատերազմական տարիներից ՌԷՊ միջոցների արդյունավետ կիրառման փորձ ունենք: Ինձ գործուղեցին մարտական գործողությունների շրջան: Մի անծանոթ կայան բերեցին մեր հենակետ, զինվորները բացեցին, փաստաթղթերն ուսումնասիրեցին: Ուսումնասիրելուց հետո առաջադրանք տվեցի զինվորներից մեկին՝ կրովի ռադիոկայանը վերցնել, դուրս գալ բավական հեռու, որ հակառակորդը տեղորոշում չկարողանա կատարել, և փորձել կապի դուրս գալ ադրբեջանցիների հետ: Հաջողվեց: Մեր զինվորն էլ Բաքվից փախած տղա էր, քաղաքը շատ լավ գիտեր, խոսելու թեմա գտնում էր: Նրա խոսելու ընթացքում էլ մենք տեղորոշում էինք կատարում, ազդականչերը գրում: Համարյա մեկ ամիս այդ տղան նրանց հրետանավորների հետ շփվում էր, «ընկերացել էր»: Ու մի օր էլ մեծ մարտական օպերացիաներից մեկի ժամանակ որոշեցի օգտագործել մեր ունեցած տվյալները: Երկուստեք հրետանային նախապատրաստություն սկսվեց: Վերադաս հրամանատարությանը զեկուցեցի, որ այսպիսի տվյալներ ունենք, ճնշման կայանն աշխատեցնելու թույլտվություն խնդրեցի: Թույլտվություն ստացա, և անցանք գործի: Մեր տղաները ռադիոկապի ճնշում էին իրականացնում, բայց քանի որ արդյունքը չէին կարողանում տեսնել, մի պահ գործողությունները դադարեցնում էին, և միանգամից լսվում էին ադրբեջանցիների հայհոյախառն գոռոցները, թե կապ չկա, հրետանին չի կարողանում աշխատել: Միմյանց մեղադրում էին, դու կրակել ես, դու ուշ ես կրակել: Հենց առաջին փորձից գերազանց արդյունք ունեցանք:
Այժմ մեր ՌԷՊ միջոցները ընդգրկված են մարտական հերթապահությունում: Դրա շնորհիվ բավական նվազել, որոշ տարածքներում նույնիսկ լիովին դադարել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքները: Մենք խնդիր չունենք այդ սարքերը խոցելու: Ուղղակի կարող ենք դրանց արդյունավետությունը նվազեցնել, երբ տվյալ անօդաչու սարքը թռչում է, բայց չի կարողանում օբյեկտի կոորդինատները որոշել: Մի հետաքրքիր փաստ. Ադրբեջանը միլիոնավոր դոլարներով Իսրայելից ԱԹՍ արտադրող հոսքագիծ գնեց, և ամեն տարի նոր ապարատներ է արտադրում, որոնց արդյունավետության մասին խոսել չեմ ուզում: Իսկ մենք դրանց ճնշում ենք իրականացնում սահմանի երկայնքով, անհրաժեշտության դեպքում՝ նաև կանխարգելիչ ճնշում հակառակորդի տարածքում: Բայց այդ բոլոր գործողությունները չերևացող են: Եթե, օրինակ, մի ինքնաթիռ խփվի, բոլորը կասեն՝ արդյունքն ակնհայտ է: Իսկ մեր դեպքում կարող ենք մի քանի օր շարունակ խնդիր կատարել, բայց դա տեսանելի չէ:
ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄ՝ ԵՎ ԱՊԱԳԱՆ ՄԵՐՆ Է
Ճիշտ կիրառման դեպքում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ճնշելը չի կարող չազդել մարտական տեխնիկայի վրա: Հնարավոր է որոշակիորեն պայքարել դրանց դեմ, ռադիոալիքի հաճախականությունը փոխել և այլն: Սակայն ժամանակակից ՌԷՊ միջոցները շատ արագ փնտրում և գտնում են նոր հաճախականությունը, դա նույնիսկ վայրկյանների հարց է: Կան նաև այսպես կոչված ցատկող հաճախականություններ, երբ կապի միջոցը վայրկյանում մինչև մի քանի հարյուր հաճախականություն է փոխում: Բայց ՌԷՊ-ը նաև դրա հակազդման ձևերն ունի: Զարգացման օրենքն է, երբ ստեղծվում է մի բան, որոշ ժամանակ անց ստեղծվում է դրա «հակաթույնը»:Միգուցե շատերը թերահավատորեն կմոտենան ՌԷՊ կարևորությանը, բայց ուրախալի է, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում մեր խնդիրներին: Իսկ թերահավատների համար երկու լրացուցիչ օրինակ ներկայացնեմ:
Հնարավոր է, որ ՌԷՊ միջոցները ճնշելու փոխարեն կեղծ տեղեկություն հաղորդեն: Երբ ՀՕՊ ռադարի էկրանին երևում է մեկ կետ, դա ինքնաթիռն է, իսկ եթե միանգամից հայտնվում է 100 կամ 1000 կետ, ո՞րն է իսկական թիրախը, ո՞րը խոցել: Մի՞թե միանգամից այդքան շատ ինքնաթիռ է գրոհել: Մինչև համապատասխան որոշում կընդունվի, մեր օդուժի անձնակազմը կկատարի իր մարտական խնդիրը և բարեհաջող կվերադառնա մշտական տեղակայման վայր:
Մեկ այլ օրինակ, հակառակորդի հրետանին կամ հետախուզական դիվերսիոն խմբերն աշխատում են GPS ընդունիչներով: Ասենք, մի հետախուզական խմբի կեղծ կոորդինատներ ես տալիս իր անցման վայրից մի քանի հարյուր մետր աջ կամ ձախ, իսկ այնտեղ ականապատ դաշտ է: Հրետանին էլ կարող է բոլորովին այլ ուղղությամբ խփել: Մեր զինվորները շարունակում են անվտանգ ծառայություն իրականացնել, իսկ հակառակորդը կորուստներ է ունենում և ծախսում է իր մարտապաշարը: Մի՞թե սա առավելություն չէ:
Ապագան մերն է՝ ՌԷՊ ուժերինը: Ոլորտը զարգացման հսկայական հեռանկարներ ունի: Ով ավելի հզոր տեխնոլոգիաների տիրապետի, նա էլ հաղթող դուրս կգա ապագայի պատերազմում: Մենք ձգտում ենք կատարելագործվել՝ հասկանալով, որ շատ, առաջին հերթին տնտեսապես ավելի հզոր պետություններ են աշխատում այս ուղղությամբ: Հասկանում ենք նաև, որ հակառակորդը նույնպես այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:
Մեր իրական հնարավորությունները կբացահայտվեն միայն հավանական պատերազմի դեպքում:
Պատրաստեց Արսեն ԱՂԵԿՅԱՆԸ
մայոր