«ԷԼԻՏԱՐ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ» ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գ. Մանգասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտում մարտի 17-ին դիվերսիոն-հետախուզական ներթափանցման լիակատար ձախողումից հետո ադրբեջանական կողմը, չհամակերպվելով էլիտարի համարում ունեցող հատուկ նշանակության ստորաբաժանման պարտության մտքի հետ, մարտի 19-ին նույն զորամասի տեղամասում ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը: Ադրբեջանական հանրապետության ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների շուրջ 20 զինծառայողից կազմված խմբին հաջողվեց, օգտագործելով լեռնային անտառապատ տեղանքի առանձնահատկություններից՝ ռելիեֆի կտրտվածությունն ու ցածր տեսանելիությունը, հատել ԼՂՀ պետական սահմանը, դարանակալել առաջնագիծ տանող ճանապարհի մերձակայքում և մոտ տարածությունից ձեռքի նռնակներով ու հրաձգային զենքով դիմահար կրակ բացել տվյալ հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ ստորաբաժանման ուղղությամբ: Մարտի առաջին իսկ րոպեներին հայ զինծառայողներից երեքը՝ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հարությունյանը և Արշակ Հարությունյանը զոհվեցին, իսկ չորսը վիրավորվեցին: Սակայն ստորաբաժանման համեմատաբար թեթև վիրավոր և մարտն ընդունելու ի վիճակի զինծառայողները խուճապի չմատնվեցին` պատասխան կրակով կորուստներ հասցնելով և փախուստի մատնելով հակառակորդին:
Հակառակորդի դիվերսիոն խմբի անսպասելի հարձակումը դիմագրավելիս առանձնահատուկ խիզախություն ցուցաբերեց և հմտորեն գործեց ստորաբաժանման գնդացրորդը՝ Ժորա Գրիգորյանը:
Խուճապահար նահանջի ընթացքում ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը բաժանվեց երկու մասի, դիվերսիոն խմբերից մեկը մեր ստորաբաժանումների կրակային ներգործության տակ չկարողացավ հետ քաշվել նախապես ականազերծված արահետով և, փորձելով առավել կարճ ճանապարհով փախչել, հայտնվեց ականադաշտում: Մարտից հետո տեղազննության ժամանակ հայտնաբերվեցին դիվերսիոն խմբի հանդերձանքի պարագաները, իր վրա տեսախցիկ կրելու հարմարանքով սաղավարտ, իսրայելական արտադրության գիշերային նշանոցով հրաձգային զենք և անդամահատված մարդկային վերջույթներ, որոնք վկայում էին ականների պայթյունի հետևանքով հակառակորդի կրած կորուստների մասին: Հակառակորդին հետապնդելու համար վրա հասած արագ արձագանքման խմբերից մեկը, մշտական տեղակայման վայրից լեռնային դժվարանցանելի ճանապարհներով գրեթե քառասուն րոպե անց հասնելով զորամասի մարտական դիրք, որտեղ տեղի էր ունեցել ադրբեջանական խափանարար-հետախուզական ստորաբաժանման ներթափանցումը, գնաց ադրբեջանցի դիվերսանտների հետքերով: Քառասուն րոպեի առավելությունը հակառակորդին այնուամենայնիվ հնարավորություն չտվեց խուսափել հայ զինծառայողների հետապնդումից:
Հետապնդումն իրականացրած ստորաբաժանման գործողությունները ղեկավարած փոխգնդապետ Ա. Զաքարյանը պատմում է, որ խոնավ խաշամի վրա նշմարվող հետքերով վազքով առաջանալով, իրենք կարողանում են 300-400 մետր մոտենալ գետն անցած ու իրենց դիրքերին ընդհուպ մոտեցած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբին: Ստորաբաժանման մարտիկ, սերժանտ Ա. Ղարիբյանը հավելում է, որ լեռնային տեղանքում երկարատև վազքից շնչասպառ ադրբեջանցիներն ըստ երևույթին կարծելով, թե սեփական դիրքերի մատույցներում իրենք լիակատար անվտանգության մեջ են, նստել էին հանգստանալու: Հակառակորդին նկատելուն պես մեր ստորաբաժանման մարտիկները դիրքավորվում են և պատրաստվում մարտի: Փոխգնդապետ Զաքարյանի հրամանով առաջին թիրախը խոցում է դիպուկահարը, ինչից հետո տղաները փոթորկալից կրակ են բացում հակառակորդի ուղղությամբ: Ստորաբաժանման մարտիկները պատմում են, որ դիվերսանտներին օգնելու նպատակով ադրբեջանական հենակետից նրանց փորձում են մոտենալ մի քանի ադրբեջանցի զինծառայող և խոցվում են հայ մարտիկների կողմից:
Ադրբեջանցիները մինչ ուշ երեկո չեն կարողանում մոտենալ իրենց դիակներին: Միայն մթության քողի ներքո նրանց հաջողվում է մոտենալ սպանված դիվերսանտների մարմիններին և թիկնոցավրանների վրա դրած տարհանել՝ այդ ընթացքում նորից կրելով կորուստներ:
Նշված հատվածում դիտարկում իրականացնող հետախույզները հավաստեցին, որ իրենք արձանագրել են շուրջ 12 ադրբեջանցի զինծառայողների դիակների տարհանումը:
Դիվերսանտների մյուս խումբը ևս հայտնաբերվում է մեկ այլ հայկական ստորաբաժանման կողմից և մարտի ընթացքում 3-4 զոհ տալով` մի կերպ ճողոպրում: Հայկական կողմը կորուստներ չի կրում:
Ավելորդ չէ նշել, որ նման դիվերսիոն-հետախուզական գործողությունները սովորաբար իրականացնում են Յաշմա բնակավայրում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության 052 բրիգադի զինծառայողները: Յաշմայի բրիգադն ունի ադրբեջանական բանակի առավել մարտունակ ստորաբաժանումներից մեկի համարում: Այդ ստորաբաժանման զինծառայողները պայմանագրայիններ են, որոնք պատրաստություն են անցնում արտասահմանում և իրենց գործողությունների ընթացքում կիրառում են սպառազինության ու մասնագիտական հանդերձանքի ու սարքավորումների ամենից ժամանակակից նմուշները: Հակառակորդի դիվերսանտներին ոչնչացրած ստորաբաժանման մարտիկներից մեկը՝ Ն. Եղյանը, նրանց նկարագրելիս հիշատակում է հակառակորդի խմբի անդամների արտաքին ֆիզիկական տվյալները՝ ասելով, որ զարմանալիորեն հաղթանդամ էին, բարձրահասակ: Այդ մասին թեթև ժպիտով պատմող Եղյանը նույնպես ջլապինդ է, բայց փոքրամարմին և իր ընկերների հետ հետապնդելով նրանց, անտառապատ լեռնային տարածությունը կտրել է գրեթե մեկ ժամ ավելի շուտ, քան Թուրքիայում պատրաստված արհեստավարժ դիվերսանտները` գլխովին ոչնչացնելով նրանց:
Ադրբեջանական կողմը դեռևս չի ընդունում իր կորուստները, որոնց թիվը մոտենում է երկու տասնյակի: Սակայն մեծաթիվ կորուստները երկար ժամանակ թաքցնել հազիվ թե հնարավոր լինի: Վստահորեն կարելի է կանխատեսել, որ առաջիկայում ադրբեջանական լրատվամիջոցներում կհայտնվեն հրապարակումներ ավտովթարներից, հոսանքահարումից, այս կամ այն հիվանդությունից ու զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով զոհված զինծառայողների մասին, որոնք իրականում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատեսության զոհերն են:
ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆ
Ռազմական փորձագետ,
ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր