Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՏԱԿԻՉ ՀԱՐՎԱԾԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ



Հուլիս-օգոստոսյան լարվածությունից հետո ադրբեջանական զինուժը կրկին աշխուժացել է: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հակառակորդը, դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետներից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառել է առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետներ: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հայտարարում է` «Մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը հարյուրավոր տարիներ դեռ ուշքի չեն գա», հետո էլ ոգեւորված հոխորտում է, թե «առաջին իսկ հարվածով կոչնչացնի թշնամու 70 տոկոսը»:

ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանին եւ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյանին, որոնք փորձառու զինվորականներ են, Արցախյան պատերազմի մասնակիցներ, խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի ՊՆ ղեկավարի սպառնալից հայտարարությունները:

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽՈՐՏԱԿԻՉ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼՈՒ:

Ս. ՇԱՔԱՐՅԱՆ
Պաշտպանական շրջանի հրամանատար,
գնդապետ

Արդեն 3 ամիս է, ինչ ստանձնել եմ տվյալ զորամասի հրամանատարությունը: Կարելի է ասել` իմ նշանակումը համընկավ այս ուղղությամբ լարվածության աճի հետ: Հակառակորդի արկածախնդրությունը մեզ անակնկալի չբերեց, մենք գիտենք, որ նրանք աշխուժանում են հատկապես զորակոչի եւ զորացրման շրջանում, ինչպես նաեւ հատուկ նշանակության խմբերը լրապատրաստումից հետո «քննություն են հանձնում» առաջնագծում եւ մեր սպաների ու զինվորների աչալրջության, կազմակերպվածության, գերազանց մարտական պատրաստության շնորհիվ «երկու ստացած» վերադառնում տուն: Սրանք ուղղակի խոսքեր չեն. երեք ամսվա ընթացքում զորամասի զինծառայողները հետ են մղել հակառակորդի դիվերսիաները, պատճառել զգալի կորուստներ, վնասազերծել են երեք ուղղություններով ականապատված ճանապարհները՝ հակառակորդի ստեղծած ծուղակները: Օրերս էլ մեր ժամկետային զինծառայողը դիտարկում իրականացնելիս հայտնաբերել էր հակառակորդի` առաջադրանքի կատարմանը նախապատրաստվող դիպուկահարին եւ խոցել նրան: Պարզվեց` վերջինս հետախուզական վաշտի հրամանատար է:

Հենց նման պահերին ես զգում, որ այսօրվա սերունդը մեզ չի զիջում եւ հարկ եղած դեպքում ավելի լավ է կռվելու: Եթե մենք փորձ էինք ձեռք բերում պատերազմին զուգահեռ, ապա նրանք սովորում են այսօր: Մենք պատրաստ ենք պատերազմի, պատրաստ ենք խորտակիչ հարված հասցնելու: Մենք այս անգամ էլ կռվելու ենք հանուն մեր հայրենիքի, հանուն մեր հողի, հանուն մեր տան, իսկ ինչի համար է զենք վերցնելու նրանց զինվորը: Մարտական գործողությունների փորձ չունեցող Զաքիր Հասանովը թող նախ հենց այս մասին մտածի զառանցանք հիշեցնող հայտարարություններ անելուց առաջ:

ՄԵՆՔ ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎԻ ԱՍԱԾՆԵՐԸ ՉԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ, ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆՔ, ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ: ԲԱՅՑ ԵՍ ԷԼ ԻՄ ՀԵՐԹԻՆ ԱՍԵՄ` ՄԵՐ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԸ ԿԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻՆ, ՈՐ ՉԳԻՏԵՄ` ՆԱ ԿՀԱՍՑՆԻ՞ ԿՈՒԼ ՏԱԼ ԻՐ ԱՍԱԾՆԵՐԸ, ԹԵ՞ ՈՉ:

Գ. ՍԱՀԱԿՅԱՆ
Զորամասի հրամանատար,
գնդապետ

Եթե հուլիս-օգոստոս ամիսներին իմ հրամանատարությամբ գործող զորամասի մասնակցության կարիքը չեղավ (ի դեպ, մենք մարտական գործողությունների իրականացման բավականին ծավալուն միջոցառումներ էինք ձեռնարկել` հակատանկային միջոցներ էինք դուրս բերել առաջնագիծ եւ ընդամենը հրամանի էինք սպասում), ապա փետրվար-մարտ ամիսներին անմիջական մասնակցություն ենք ունեցել փոքր տրամաչափի ականանետային եւ հակատանկային ստորաբաժանումների գործողություններին: Վերադաս հրամանատարությունից համապատասխան թույլտվություն կար, քանի որ հակառակորդը 120 մմ ականանետներ էր կիրառել հյուսիսարեւելյան զորամասերից մեկի ուղղությամբ: Այս տարիների ընթացքում առաջին անգամ է նման դեպք արձանագրվում, ինչը, իհարկե, ավելի է խորացնում լարվածությունը եւ ընդգծում ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը: Նշեմ, որ հակառակորդին հակազդելիս եւ կրակային խոցում իրականացնելիս հաջողության հասանք. ադրբեջանական կողմն ունեցել է մինչեւ տասը խոցված զինծառայող: Վերլուծելով մեր ունեցած տվյալները, որպես մասնագետ համեմատելով հակառակորդի եւ մեր կրակը՝ կարող եմ ասել` բազմապատիկ ավելի դիպուկ էինք: Մենք ոչ մի ական անիմաստ դեպի հակառակորդը չենք ուղարկում, մեր գործողությունները նպատակային են: Որքան էլ իրավիճակը լարված համարենք` լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման մտահոգությունը հիմնավորված չէ: Փորձը ցույց է տալիս, որ պատերազմից առաջ ծավալուն աշխատանքներ են իրականացվում սահմանի երկայնքով, զորահավաք է կատարվում, ինչին այսօր ականատես չենք: Ագրեսիվ մարտավարություն որդեգրած պետության զինված ուժերի ղեկավարը բնականաբար պետք է նաեւ խոսքով հարձակվի: Այնուամենայնիվ, մենք Զաքիր Հասանովի ասածները չենք անտեսում, վերլուծում ենք, հետեւություններ անում: Բայց ես էլ իմ հերթին ասեմ` մեր հակահարվածը կլինի այնպիսին, որ չգիտեմ` նա կհասցնի՞ կուլ տալ իր ասածները, թե՞ ոչ:

Եվ եթե հարցին գլոբալ առումով նայենք, ապա, կարծում եմ, հակառակորդի աշխուժացումը մեծապես պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադրությամբ, հատկապես Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությամբ: Ադրբեջանը առիթը բաց չի թողնում եւ փորձում է ապացուցել, որ ինքն է իրավիճակի տերը տարածաշրջանում: Նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու պատվեր է կատարում: Թուրքիան փոքր եղբորն օգտագործում է, որպեսզի «նրա ձեռքով կրակից շագանակներ հանի»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


09/04/2015