ԲԱՑՎԵՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻ 4-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ
Հակառակորդի սադրանքները հետ մղող, հակառակորդին պատժող հերոսներով համալրված մարտունակ բանակը պիտի ունենա նույնքան մարտունակ ռազմաբժշկական ծառայություն:
Պաշտպանության նախարար Ս. Օհանյան
Ապրիլի 7-ին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տրամադրությունը կրկնակի տոնական էր, քանի որ հոսպիտալի հիմնանորոգված 4-րդ մասնաշենքի բացումը, որին այնքան երկար սպասել էին հոսպիտալի բուժանձնակազմն ու ղեկավարությունը, համընկել էր Մայրության և գեղեցկության տոնի հետ: Նոր մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԿԿԶՀ պետ, գնդապետ Արամ Ասատուրյանի ելույթից տեղեկացանք, որ նորաբաց մասնաշենքում գործելու են թռիչքային փորձաքննության, թերապիայի, դիմածնոտային վիրաբուժության, ատամնաբուժական և գինեկոլոգիայի բաժանմունքները:
Խոսեց նաև թռիչքային փորձաքննության բաժանմունքի պետ Նունե Ղամբարյանը: Նա նախ կարևորեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն միակն է զինված ուժերում. ապա հավաստիացրեց, որ նոր մասնաշենքում կրկնապատկված եռանդով կշարունակեն իրենց ներդրումն ունենալ ռազմաբժշկական ծառայության զարգացման, զինվորի ու սպայի առողջության պահպանման շնորհակալ գործում:
Ներկաներին ողջունեց նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախ շնորհավորեց բուժծառայող կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Նա մասնավորապես առանձնացրեց կին բուժծառայողների վաստակը՝ հիշելով հանուն զինվորի կյանքի ու առողջության նրանց ամենօրյա սխրալի պայքարը, անմնացորդ նվիրումը… Սեյրան Օհանյանը փաստեց զինված ուժերի բուժծառայության զարգացման արագ ընթացքը հատկապես վերջին տարիներին, որակական փոփոխությունների ու արմատական բարելավումների առկայությունը և հավաստիացրեց, որ նոր մասնաշենքի բացումը, բնականաբար, հնարավորության կտա ավելի որակյալ բուժսպասարկում տրամադրելու զինվորին ու սպային, ավելի արդյունավետ դարձնելու նրանց առողջության պահպանումը, բուժումն ու լիարժեք ապաքինումը…. Նախարարը նշեց, որ հակառակորդի սադրանքները հետ մղող, հակառակորդին պատժող հերոսներով համալրված մարտունակ բանակը պիտի ունենա նույնքան մարտունակ ռազմաբժշկական ծառայություն, ինչի երաշխիքներից մեկն էլ արդյունավետ համագործակցությունն է ոչ միայն քաղաքացիական բուժհիմնարկների, այլև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և արտերկրի ռազմաբժշկական կառույցների հետ:
Նախարարի հրամանով բուժսպասարկման գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կին բուժծառայողները խրախուսվեցին պատվոգրերով և նվերներով: Անձամբ նախարարից ստացան գեղեցիկ ծաղկեփնջեր:
Նորաբաց մասնաշենքի կարմիր ժապավենը կտրելու պատիվը շնորհվեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանին: Այնուհետև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ներկաները շրջեցին նորաբաց մասնաշենքի բոլոր հարկաբաժիններում, ծանոթացան շենքային պայմաններին: Նախարարի աչքից չվրիպեցին շինարարական աշխատանքի հետ կապված մի քանի թերություններ: Նախարարի դիտողություններն արձանագրվեցին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ տվեց դրանք արագ վերացնելու կապակցությամբ:
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ գնդապետ Արամ Ասատուրյանի հետ հարցազույցը կարդացեք հաջորդ համարում:
Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում