ԿԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
Հայաստանում կազակների և կազակության մասին տեղեկությունները շատ չեն: Այնուամենայնիվ, այսօր կարելի է արձանագրել, որ արդեն Հայաստանում էլ (ինչպես դարեր շարունակ Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) կազակները դարձել են երկրի անքակտելի ենթաազգ (րցոֆՑվՏր): Եվ այդ ենթաազգերի միջև ձևավորվող ու ամրապնդվող եղբայրական հարաբերությունները դառնում են մեր ընդհանուր առօրյայի կարևոր բնորոշիչներից մեկը:
Հայաստանի տարածքում կազակները հայտնվել են դեռևս 17-րդ դարի վերջում` Պետրոս 1-ի ժամանակաշրջանում: 1696-1698 թվականներին ռուսական ջոկատների կազմում մասնակցելով հայտնի Կասպիական արշավանքին` հետագայում կազակների մի մասը բնակություն հաստատեց Հայաստանի այժմյան տարածքում:
Կայսր Ալեքսանդր 1-ի և հատկապես կայսր Նիկոլայ 1-ի իշխանության օրոք կազակները աստիճանաբար ավելացան Երևանի գավառում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր: Նրանք նշանակալի դեր ունեցան ինչպես 1806-1812 և 1828-1829թթ. ռուս-թուրքական և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմների, այնպես էլ Ղրիմի պատերազմի տարիներին: Նշված պատերազմներից հետո շատ կազակներ մնացին Անդրկովկասում և բնակություն հաստատեցին բարենպաստ տարածքներում` կազմակերպելով նաև կազակական բնակելի ավաններ` ստանիցաներ:
Այնուամենայնիվ, հայկական հողերում կազակների հիմնական վերաբնակեցման սկիզբը դրվեց մի փոքր ավելի ուշ` 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ հատկապես Ղարսի մարզ մեծ խմբերով ուղևորվեցին ռուսահպատակ կազակներ:
Կազակական զորամիավորումներն աստիճանաբար համալրվում էին հայազգի ականավոր դեմքերով, որոնցից էր ականավոր պետական և ռազմական գործիչ, կոմս Միքայել Տարիելի Լորիս-Մելիքովը (1825-1888), որը 1863-1875 թվականներին և՛ Թերեքի մարզի ղեկավարն էր, և՛ կազակական զորքերի ատամանը (վՈՍՈջվՏռ ՈՑՈՎՈվ): Հիշատակման են արժանի գեներալ-լեյտենանտ Դմիտրի Շայտանովը, 1828-1829թթ. ռուս-թուրքական և այնուհետ` Կովկասյան պատերազմի հերոս, իշխան Դավիդ Բեհբութովը, Կովկասի բանակային կորպուսի գլխավոր բժիշկ, գեներալ-ադյուտանտ Ջահան Մարգարյանը, կոմս Արշակ Կամսարականը և շատ ուրիշներ: Արդեն մեր օրերում՝ 1999 թվականի հունիսի 21-ին Հայաստանում պաշտոնապես գրանցվում է առաջին կազակական կազմակերպությունը` Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորումը, որի ղեկավարն ու Գերագույն ատամանը դառնում է կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը: Ներկայումս կազմակերպության իրավահաջորդը «Նիտ» միջազգային հայ-ռուսական կազակական միաբանությունն է` Կ. Մ. Զադոյանի գլխավորությամբ: Այն այսօր շարունակում է սերտորեն համագործակցել ռուսաստանյան կազակական կառույցների, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների հետ: Մեծ նշանակություն է տրվում նաև միջազգային կազակական կազմակերպությունների հետ փոխհամագործակցության ընդլայնմանը:
Մի բան ակնհայտ է` դարեր շարունակ հայ ժողովուրդը կողք կողքի ապրել է ռուս ժողովրդի հետ, եղբայրաբար կիսել և՛ ուրախությունը, և՛ տխրությունը: Եվ բնավ պատահական չէ, որ Ռուսաստանի հայ համայնքը մեր օրերում էլ կարևոր դեր է խաղում մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերություններն ընդլայնելու և ավանդույթները շարունակելու գործում:
Ըստ չճշտված տեղեկությունների՝ Հայաստանում այժմ գրանցված է մոտ 5000 կազակ` սպաներ, ենթասպաներ և շարքայիններ, ովքեր հարուստ զինվորական փորձ ունեն: Նրանցից շատերն անցել են Արցախյան պատերազմի բոցերով: Մեծ թվով հայաստանյան կազակներ այժմ պայմանագրային հիմունքներով ծառայում են սահմանապահ ստորաբաժանումներում` իրենց ավանդը ներդնելով հայրենիքի պաշտպանության գործում:
Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարությանը կից ստեղծվել է Կազակական խորհուրդ, որի ղեկավարությունը ստանձնել է հմուտ զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը: Խորհրդի նախագահի տեղակալ և գլխավոր խորհրդական է նշանակվել Կարապետ Զադոյանը: Կազմակերպությունը գործում է` առաջնորդվելով ազգային ավանդույթների պահպանման սկզբունքներով, միաժամանակ առաջ է տանում կազակական սովորույթները: Այժմ «Նիտ» կազմակերպության մասնաճյուղեր են գործում նաև Լոռիի, Շիրակի, Արմավիրի, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում:
Ի դեպ, 1997թ. տվյալներով՝ Հայաստանում հաշվվում էր ընդամենը 500 տոհմական կազակ (Պրիվոլնոյե, Ֆիոլետովո, Վանաձոր և այլն), որոնցից շատերը հայկական ծագում ունեն: Կատարված բազում գործերի համատեքստում այժմ արդեն հասկանալի է դառնում ՀՀ-ում գրանցված տարբեր կազակական հասարակական կազմակերպությունների վերամիավորման, վերակազմակերպման հրատապությունը: Նորաստեղծ Կազակական հարցերով խորհուրդը մշակել է աշխատանքային պլան, որի շրջանակներում գործնական քայլեր են ձեռնարկվելու կենտրոնախույս միտումները կանխարգելելու, երկրում կազակների գործունեությունը հստակեցնելու նպատակով:
Հայերը դարեդար համակրել են կազակությանը, նրանց հետ կողք կողքի պաշտպանել իրենց պետականությունը: Համերաշխ ապրելով Ռուսաստանում` մեր հայրենակիցներն իրենց մասնակցությունն են բերել Կովկասում մղվող պատերազմներին ինչպես կառավարական, այնպես էլ կազակական զորամիավորումների շարքերում:
Մի քանի տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպելուց հետո սկիզբ դրվեց Հայ Առաքելական եկեղեցու հետ կապն ամրապնդելու, արտերկրի կառույցների միջև համագործակցությունն ընդլայնելու, մեր պետական իրավակարգն ուժեղացնելու գործընթացներին: Ի դեպ, ի գնահատումն մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը պարգևատրվեց հայ կազակության գերագույն պարգևով` Մ. Տ. Լորիս-Մելիքովի 1-ին աստիճանի շքանշանով:
Առաջիկայում սեղմ ժամկետներում նախատեսվում է ավարտին հասցնել փաստաթղթաիրավական բոլոր անհրաժեշտ աշխատանքները, հաստատել կառույցի նոր կանոնակարգը և օրհներգը: Ակնկալվում է, որ տեսանելի ապագայում կազակները կսկսեն լայնորեն ներգրավվել նաև հայրենի բնության պահպանությանն ուղղված միջոցառումներում: Մեծ է հայ կազակների ներուժը հասարակական կարգուկանոնի պահպանման առումով:
Կարծում ենք, որ կազակական կառույցների (իրապես գործող, այլ ոչ պարզապես գրանցված) գործունեությունը դեռ պատշաճ լուսաբանված չէ: Հայ կազակությունը նաև պետական լուրջ աջակցության կարիք ունի:
Համլետ ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀ ՊՆ Կազակական հարցերով
խորհրդի անդամ, պրոֆեսոր,
Հումանիտար գիտությունների
ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս