ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԼԱՎ ԶԻՆՎՈՐԻՆ
Զորամասում առողջ միջավայր ստեղծելու գլխավոր նախապայմաններից են սոցիալական արդարությունը, արատավոր երևույթների դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, հրամանատարական կազմի մարդկային որակները, հմտություններն ու գիտելիքները:
Անդրանիկ Օզանյանի անունը կրող զորամասը ամեն զորակոչի պատրաստվում է նորովի: Եվ զորամասի հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Լևոն Մարտիրոսյանի համար նորակոչիկների հետ աշխատելու առաջին նախապայմանը հոգատար, մարդկային վերաբերմունքն է, ծառայակիցների միջև առաջին իսկ րոպեներից ընկերասիրության մթնոլորտ ձևավորելը: Նրա համոզմամբ՝ նման միջավայրը նպաստում է, որ նորակոչիկները կարճ ժամանակում յուրացնեն զինվորական գործի պահանջները և տիրապետեն իրենց մասնագիտությանը, հարմարվեն զինվորական կարգ ու կանոնին, հրամանատարության հրահանգներին ու դառնան լավ զինվորներ:
-Ես մեծ տեղ եմ տալիս նորակոչիկների հետ անհատական զրույցներին: Այս մեթոդի միջոցով փորձում եմ բացահայտել նրանց անհատականությունը, նրանց ընտանեկան վիճակը, անձնական խնդիրները, եթե այդպիսիք կան: Այս ամենն օգնում է ճիշտ կազմակերպել ուսումնական ծրագիրը: Նորակոչիկներին կցվում են փորձառու ավագ ընկերները, որոնք էլ նրանց ներգրավում են հասարակական ակտիվների աշխատանքներում, ձևավորում են բարիդրացիական մթնոլորտ, որպեսզի բոլորն էլ լիարժեքորեն ընդգրկվեն ծառայության մեջ և չմեկուսանան շրջապատից: Առավել մեծ ուշադրություն եմ դարձնում որոշակի խնդիրներ ունեցող զինվորներին՝ միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, նախկինում դատված, նրանց, ովքեր ունեն ծառայողական սահմանափակումներ: Նրանց բացատրվում է, որ բոլորն էլ հավասարաչափ պետք է իրենց ներդրումն ունենան մեր առջև դրված խնդիրների կատարման գործում,- ասում է սպան:
Զորամասում մեծ ուշադրություն է դարձվում զինվորների մարտական ոգին բարձր պահելու խնդրին, որի համար կարևոր գործոններ են հայրենասիրության և հայրենաճանաչության սերմանումը, ազգային անցյալին ու ժառանգությանը հաղորդակից դարձնելը:
-Հանգստյան օրերին կազմակերպում ենք տարաբնույթ ճանաչողական միջոցառումներ՝ այցելություններ պատմական հուշարձաններ, մշակութային օջախներ: Զորամասում ծառայող հոգևոր սպասավորի՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ, ուխտագնացություններ: Կիրակի օրերին անցկացվում են հանդիպումներ Արցախյան պատերազմի ազատամարտիկների, բաց դաս դպրոցականների հետ, ինչպես նաև գեղարվեստական ֆիլմերի դիտումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ: Այսպիսի շփումների միջոցով բարձրանում է զինվորների բարոյահոգեբանական ոգին: Նրանք տեսնում և հասկանում են, որ ավագ սերունդն ու հասարակությունը իրենց կողքին են: Եվ, եթե հարկ լինի, իրենք մենակ չեն մնա:
Ես փորձում եմ զինվորի հոգում սերմանել այն գաղափարը, որ չմտածի, թե ինչ կարող է անել պետությունը իր համար, այլ մտածի՝ ինքը ի՞նչ կարող է անել հայրենիքի համար: Ուզում եմ, որ նրանք նվիրվեն ծառայությունը, սիրեն իրենց գործը, անվերապահորեն, անմնացորդ կատարեն իրենց նվիրական պարտքը մեր բոլորի` մեր երկրի առջև: Եվ կատարեն գիտակցված, այլ ոչ թե լոկ որպես հրաման` հարկադրաբար, ինչը չի կարող ցանկալի արդյունք տալ:
Զորամասում առողջ մթնոլորտ, ընկերական-մարդկային փոխհարաբերություններ ձևավորելուն նպաստում է նաև զինակից ընկերների միջև փոխգործակցությունը: Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հակատանկային մարտկոցի հրամանատարը մեծ նշանակություն է տալիս փորձի փոխանակմանը:
-Մենք դա մշտապես իրականացնում ենք հավաքների միջոցով, ինչպես նաև առօրյա վարժանքների ընթացքում: Օրինակ` հարևան մարտկոցում դրական ձեռքբերումներ տեսնելով փորձում ենք այդպիսիք կյանքի կոչել ինքներս: Եթե այլ վաշտի հրամանատարի մոտ որևէ բան չի ստացվում, օգնում ենք, քննարկում առկա խնդիրը: Մեկս մյուսին աջակցում ենք փաստաթղթերի մշակման հարցում, որպեսզի մեր աշխատանքները ամուր, փաստական հիմքերի վրա դրվեն,- ասում է մարտկոցի հրամանատարը:
Կապիտան Լևոն Մարտիրոսյանը ծառայական առողջ մթնոլորտ ձևավորելու հարցում առաջնահերթություն է համարում զորամաս արատավոր բարքերի ներթափանցումը կանխելը: Այս ուղղությամբ աշխատանքներն սկսվում են նորակոչիկի զորամաս մտնելուն պես:
-Եթե նկատում եմ կարգազանցության հակում ունեցող զինվորների, անմիջապես կանխարգելիչ միջոցառումներ եմ ձեռնարկում՝ անհատական դաստիարակչական աշխատանք, զրույցներ… Անհրաժեշտության դեպքում զորամաս եմ հրավիրում զինվորի ծնողներին, որպեսզի նրանք ևս իրենց խոսքն ասեն: Արատավոր բարքերի դեմ պայքարի ուղիներից մեկն էլ այլ զորամասերում տեղի ունեցած պախարակելի դեպքերի քննարկումն է, դրանք ծնող պատճառների հիմնավոր վերլուծությունը: Զինվորների դաստիարակության գործում դրական ազդեցություն ունի մարտկոցի աշխատանքների շաբաթական ամփոփումը:
Եվ, իհարկե, ամեն արատավորից զերծ պահելու և անձնակազմը քրիստոնեական հնազանդության մեջ պահելու դժվարին ճանապարհին ոչ պակաս կարևոր է զորամասում ծառայող հոգևոր սպասավորի ներգրավվածությունը, քանի որ եկեղեցին պատմության ընթացքում միշտ պետության և զինվորի կողքին է եղել:
-Իսկ ի՞նչ աշխատանքներ եք կատարում զորամաս աղանդների ներթափանցումը կանխելու համար,-հարցնում եմ:
-Մեր զորամասում աղանդավոր երիտասարդներ չկան: Լսել եմ, որ ինչ-որ ժամանակ այդպիսիք եղել են, և բնականաբար բացասական եմ վերաբերվում: Իմ մարտկոցի առանձնահատկությունն այն է, որ աղանդավոր մարդուն չենք կարող ծառայություն վստահել: Եվ եթե լինեն նման նորակոչիկներ, կփորձեմ վերադաս հրամանատարության և հոգևոր սպասավորի միջոցով ետ պահել նրանց այդ ուղուց և դարձնել հայրենիքին լավ ծառայող, հավատավոր զինվորներ,- ասում է հակատանկային մարտկոցի հրամանատարը:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Ազգային բանակ