ԱՇԽԱՐՀԸ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Թուրքիան տասնամյակներ շարունակ վարում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու քաղաքականություն, որը գնալով ավելի կատարելագործված դրսևորումներ է ստանում: Եթե անցյալ տարի թուրքական պետության ղեկավարը ապրիլի 23-ին հայ ժողովրդին հասցեագրված իր ուղերձում առաջ քաշեց, այսպես կոչված, «ընդհանուր ցավի» թեզը, ապա 2015թ.-ին արդեն թուրք ղեկավարությունը՝ երկրի ղեկավարի առաջնորդությամբ, նենգափոխում է սեփական պատմությունը՝ ապրիլի 24-ը հռչակելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների օր: Իրավիճակին իր գնահատականներն է տալիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ:
Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին նշելու թուրքական իշխանությունների որոշման վերաբերյալ երեք կարևոր հանգամանք կնշեմ. առաջին՝ տեղի ունեցածը անբարոյականություն է, քանի որ ապրիլի 24-ի խորհուրդը ծանոթ է ամբողջ աշխարհին: Տասնամյակներ շարունակ այն ոգեկոչվել է որպես 1,5 միլիոն անմեղ հայ նահատակների հիշատակի օր: Իսկ այս տարի, երբ ապրիլի 24-ը ավելի մեծ նշանակություն է ստանում, թուրքերը դիմում են կեղծիքի, քանի որ Գալիպոլիի ճակատամարտը տեղի է ունեցել մարտի 18-ին: Ու հիմա ոչ կարևոր պատմական իրադարձությունը, որը տեղի է ունեցել ապրիլի 25-ի լույս առավոտյան, հանկարծ վերածվեց պետական տոնի, ինչը պարզապես խայտառակություն է:
Մեկ այլ հանգամանք եւս, որի մասին քիչ ենք խոսում. աշխարհը գիտի, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Եվ թուրքերը, իրենց կեղծիքը տեղափոխելով ապրիլի 24, հրավիրում են պետությունների ղեկավարներին՝ մասնակից լինելու հակահայ միջոցառման, նրանց դարձնելով իրենց կեղծիքի ու սադրանքի մասնակիցը:
Երրորդ՝ հույս ունեմ, որ զարգացած երկրների առաջնորդները կհասկանան՝ ինչ ընտրություն կատարել: Նրանք կա՛մ պետք է գան Ծիծեռնակաբերդ և իրենց հարգանքի տուրքը մատուցեն 1,5 միլիոն անմեղ զոհերին, կա՛մ էլ թուրքական սադրանքի մասնակիցը դառնան: Դա լինելու է բարոյական ընտրություն:
Առայժմ դժվար է ասել, թե ինչպես են արձագանքելու աշխարհի առաջնորդները: Մամուլի հրապարակումներից դատելով՝ կարող եմ նշել, որ մեզ համար կարևոր երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան, հուսամ նաեւ Ռուսաստանը, Երևանում ներկայացված են լինելու նախագահների մակարդակով: Կան տվյալներ, որ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի, ինչպես նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչները գնալու են Թուրքիա, ինչը անբարոյական եմ համարում:
Վերադառնալով Գալիպոլիի ճակատամարտին և այդ ճակատամարտին հայերի մասնակցության փաստին, որ թուրքերը շահարկում են, ասեմ, որ շատ փոքր թվով հայեր են մասնակցել, քանի որ մինչ այդ օսմանյան բանակ զորակոչված հայազգի տղամարդիկ մեծ մասամբ արդեն զինաթափվել էին ու սպանվել: Ցեղասպանությունն սկսվեց հենց հայ զինվորներին ու սպաներին ոչնչացնելով: Ես իմ մի աշխատության մեջ անդրադարձել եմ Օսմանյան Թուրքիայի մշակած այն 10 կետերին, ինչից պետք է սկսվեր հայերի դեմ ծրագրված ցեղասպանությունը: Եվ ութերորդ կետը հենց բանակ զորակոչվածներին սպանելն էր: Գալիպոլիի ճակատամարտին մասնակցած Սարգիս Թորոսյանը, որին թուրքերը հիշատակում են, այն եզակի զինվորականներից էր, որին դեռևս չէին սպանել: Բայց հետագայում նրա ընտանիքի անդամները ևս զոհ գնացին ցեղասպանությանը:
Անդրադառնալով վերջին տարիներին Թուրքիայում սկսված հասարակական այն գործընթացին, որի մասնակիցները քննադատում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, պետք է ասեմ, որ այն առայժմ ընդգրկում է հասարակության նեղ շրջանակ: Թուրքիայի բնակչությունը 75 միլիոն է, եւ միայն Ստամբուլի, Եվրոպայի հետ կապված բնակչության շատ փոքր հատվածն է, որ պաշտպանում է պատմական ճշմարտությունը: Թեև պետք է նշեմ, որ այդ մարդկանց թիվը գնալով աճում է, ինչը ողջունելի է:
Շատերին մտահոգող մի հարցի մասին եւս խոսենք. հնարավո՞ր է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիան փորձի իր սադրանքների մեջ ներքաշել նաև Ադրբեջանին և լարվածություն ստեղծել շփման գծում: Շատ հավանական է: Նրանցից ամեն ինչ կարելի է սպասել: Մենք միշտ պետք է զգոն լինենք՝ մանավանդ ապրիլի 24-ին ու նախորդող օրերին: Մենք բազմիցս տեսել ենք, որ ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ համաշխարհային հասարակական կարծիքը որևէ կերպ չեն դատապարտում Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Եվ մենք պետք է պատրաստ լինենք, որ ապրիլի 24-ին ադրբեջանական սադրանքներն ավելի մեծ բնույթ կկրեն:
Պատրաստեց
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ