Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏՈՎ



Եթե մի ժողովուրդ ցանկանում է ապրել, նրան մեռցնել անկարելի է: Այն ժամանակ, երբ աշխարհում մեր չարակամները գուժում էին մեր մահը, եւ բարեկամները ողբում էին մեր կորուստը, նորից հարյավ մեր ժողովուրդը եւ ջարդուփշուր արեց թուրքական զորամասերը եւ՛ Սարդարապատի, եւ՛ Ապարանի, եւ՛ Ղարաքիլիսայի հերոսամարտերում` հաստատելով ապրելու եւ գոյատեւելու իր կամքը:

Ծիծեռնակաբերդի կանաչախիտ բարձունքում բարձրացել է Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված կոթողը: Վառվում է հավերժական հիշողության կրակը, եւ Կոմիտասի «Անտունին» թեւածում է սարահարթի վրա: Խոսուն լռության մեջ հոսում է մարդկային հեղեղը: Գալիս են զոհերի թոռներն ու ծոռները, ժողովուրդն ամբողջ, եւ ոչ միայն հայերը, այլեւ մեր երկրի բազմազգ զավակները, եւ ոչ միայն մեր երկրի, այլեւ աշխարհի չորս կողմերից ժամանած մարդիկ, գալիս են գարնանային ծաղիկներով հարգելու զոհերի հիշատակը, գլուխ խոնարհելու մարդկության չսպիացող վերքին եւ չապաքինվող ցավին: Այո՛, մարդկությունը երբեք չի մոռանա Եղեռնի ահավորությունը:

Հայոց եղեռնը առաջինը եղավ աշխարհում, սակայն ոչ վերջինը: Չարության ու բռնության, ոճրագործության ու սպանության անպատժելիությունը չէր կարող պարարտ հող չստեղծել եւ շարունակական չդարձնել ցեղասպանությունը: Եվ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որ սանձազերծեց ֆաշիզմը, օգտագործեց երիտթուրքերի փորձը Եվրոպայի ժողովուրդների նկատմամբ` տասնյակ միլիոնավոր մարդկանց ոչնչացնելով գազախցիկներում եւ էլեկտրական վառարաններում:

Ծիծեռնակաբերդի բարձունքը օղակած շռնդում է վարդագույն Երեւանը: Հայաստանի շքեղ ու կորովի մայրաքաղաքը, մեր վերածննդի մեծագույն կոթողը, մեր ամենավերջին եւ հավերժական քաղաքամայրը: Այստեղից երեւում է եւ՛ Արարատը, եւ՛ Արագածը, եւ՛ Գեղարքունյաց բարձրադիր լեռնագագաթները, որոնք իրենց հերթին օղակել եւ գրկել են Արարատյան հովտի գոգավորության մեջ փռված Երեւանը: Մեր միտքն ու ոգին են թեւածում այստեղ, երգն ու բանաստեղծությունը, մշակույթն ու գիտությունը:

Այստեղ է կենտրոնանում մեր կյանքն ու սփյուռքահայության երազանքը: Եվ այսօր հուզմունքից խոնավացած մարդկանց հայացքներում ցավի նստվածքի հետ մեկտեղ հպարտություն կա, որից վերստին ուղղվում են մարդկանց նկուն ուսերը: Մենք կա՛նք, լինելո՛ւ ենք, հարատեւելո՛ւ ենք, որովհետեւ մեզ հետ է մեր հզորագույն երկիրը, որովհետեւ մեզ հետ է աննկուն դարերից եւ ժամանակներից չերկնչող մեր ոգին:

Եվ այսօր, ինչպես երբեք, մենք հավատով ու վստահությամբ ենք նայում գալիքին: Մենք կապրենք, եւ մեր լինելությամբ կապրի նաեւ մեր Սփյուռքը, մեր աստանդական եղբայրներն ու քույրերը, որոնք մեկ աչք դարձած նայում են մայր հայրենիքին` Հայաստանին, որպես լույսի ու փրկության փարոսի, որպես հազարամյակների անխորտակ ճամփորդի:

27.04.1983թ.

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Պատմության էջերից


22/04/2015