Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍԸ



Դեռ քանի հազարամյակ, հայ ժողովրդի քանի սերունդ, որպես լուսավոր ապագայի առհավատչյա, որպես մշտանորոգ հույսի փարոս, որպես խիզախության, հերոսության ակունք՝ ոգեկոչելու է իր հաղթանակների մայիսը։ Մեր պարտությունները բազում էին ու կորստաշատ, մեր հաղթանակները սակավ էին ու փառահեղ։ Մեր հաղթանակները միշտ ժամանակին էին, ճիշտ այն պահին, երբ պարտությունն անդառնալիորեն վերջակետ էր դնելու մեր ընթացքին, դառնալու էր ամենավերջինն ու ամենաողբերգականը մեր ժողովրդի պատմության մեջ։ Դաժան պարտությունների ու փառահեղ հաղթանակների պատմություն՝ ցավով ու վրեժով, խիզախությամբ ու հպարտությամբ միահյուս… Սա է մեր ժառանգությունն անցյալից, ու այստեղ են ապագայի բոլոր պատգամները։ Իսկ ի՞նչ խորհուրդ ունեն սեփական ժողովրդի պարտություններն ու հաղթանակներն ազգային բանակի զինվորի համար՝ սգակիր ապրիլն ու նրան հաջորդող հաղթաշուք մայիսը։

Ես 19 տարեկան եմ։ Ես չգիտեմ, թե ինչ է զոհի բարդույթը, եղեռնի պատմություններին զուգահեռ՝ ես լսել եմ Արցախում մեր հայրերի ու եղբայրների քաջագործությունների մասին։ Ու որքան վշտացել եմ 1915□ին կատարված ոճրագործությունների համար, նույնքան հպարտացել եմ մեր հաղթանակներով։ Ճիշտ է, մենք շատ հողեր ենք կորցրել, շատ զոհեր ենք տվել, բայց ես ինձ պարտված ժողովրդի զավակ չեմ համարում։ Ես հաղթած ժողովրդի, հաղթած բանակի զինվոր եմ։ Կարեւորը ոգին է, իսկ մեր ոգին մարտական է, մեր հավատն ու լավատեսությունը հիմնավոր են, մենք հաստատակամ ենք պահելու մեր հողերը, մեր բոլոր նվաճումները Արցախյան պատերազմում։ Ես համոզված եմ, որ մեր հաղթանակները շարունակվելու են։ Տասնամյակներ առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ մենք՝ հայերս, զենքի ուժով հետ կբերենք Արցախը, կկռվենք տեխնիկապես ավելի ուժեղ եւ թվաքանակով ավելի մեծ ադրբեջանական զորքի դեմ, կհաղթենք ու կմաքրենք մեր բռնադատված հողերը։ Ուզում եմ ասել՝ այն, ինչ կարող է այսօր հրաշք թվալ, վաղը կլինի նույնքան իրական, որքան ազատագրված Արցախը։
ԳԵՈՐԳԻ ՍԻՄՈՆՅԱՆ
շարքային

Մեր հաղթանակները կդառնան ամուր ու անշրջելի, երբ հասկանանք, որ մեր պարտությունների համար ոչ ոք մեզանից բացի մեղավոր չէ։ Որովհետեւ միշտ էլ կհայտնվի արյունռուշտ ու ապաշնորհ մի ցեղ, որ կցանկանա խլել ունեցածդ, տիրանալ հողիդ, երկրիդ, քո ստեղծած մշակույթին, արժեքներին, քո բարիքներին ու սրբություններին։ Ունեցածը պահպանելը նույնպես արժանիք է եւ՝ ոչ պակաս, քան մշակութային արժեքներ արարելը։ Սեփական հարստությունները, սեփական տունն ու երկիրը պաշտպանելը նույնպես պատվախնդրության հարց է։ Մենք ենք մեղավոր մեր պարտությունների համար, մենք ենք մեղավոր, որ մեր երբեմնի հսկայական հայրենիքից մի թիզ ենք թողել։ Ինչո՞ւ չկարողացանք թուրքի հետ իր լեզվով խոսել, ուժի լեզվով, ինչպես դա արեցինք Շուշիում։ Ինչո՞ւ թուրքը կարողացավ խլել մեր հողերը, մենք չկարողացանք պաշտպանել մեր ունեցածը։ Ինչպես եղավ, որ բարբարոս ազգի բոլոր հարեւաններից ամենաշատը մենք տուժեցինք, ամենամեծ կորուստները մենք ունեցանք։ Մենք արդեն գտել ենք այս հարցերի պատասխանները։ Գտել ենք Արցախյան պատերազմի բոցերում։ Մենք հասկացել ենք, որ քաղաքակիրթ ազգի համարումն ու հզոր մշակույթը չեն կարող փրկել մեզ օրհասից։ Ու մենք պիտի ցանկացած պահի պատրաստ լինենք ցած դնելու գրիչը, վրձինը, բահը ու զենք վերցնելու։ Պիտի զենքը բանեցնենք նույնքան վարժ ու տաղանդով, որքան քար ենք տաշում, եկեղեցի կառուցում, ստեղծում արվեստ ու մշակույթ։ Ու պիտի հույսներս միայն մեզ վրա դնենք, չնեղանանք ոչ մեկից, թե մեզ չեն օգնել։
ԱՐՄԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
սերժանտ

Իմ հայրը, հորս հայրը, նրա հայրը ինչ□որ ներքին տագնապ են ապրել թուրքի անունը լսելիս, որովհետեւ, նրանց կարծիքով, թուրքը խլել է նրանց գյուղը, հողերը, տունը, մորթել է հարազատներին։ Որովհետեւ թուրքն անողոք է, դաժան, զինված, անպարտ։ Արցախյան պատերազմը մեզ՝ երիտասարդ սերնդին, ազատագրեց այդ ներքին տագնապից։ Հերոս հայորդիներն իրենց կյանքի, արյան գնով ապացուցեցին, որ թուրքը ոչինչ է ուժի դիմաց, ու մեզ համար բացահայտեցին թուրքի նոր կերպար, թուրքը ահուսարսափ տարածողից վերածվեց պատերազմի դաշտից լեղապատառ փախչողի։ Նրանք մեր ոխերիմ թշնամուն ցույց տվեցին հայի նոր կերպար, որը կարող է ուժեղ ու անզիջում լինել։ Այսօր թուրքերը ռազմակոչ հայտարարություններով, հոխորտալով ուզում են խլացնել վախի ձայնը։ Ի դեպ, մենք տարբերվում ենք թուրքերից այն բանով, որ անզեն, խեղճուկրակ մարդկանց չէ, որ կոտորել ենք, ինչպես դա արեցին օսմանցիները 15 թվականին, դա սովորական գազանություն էր, ոչ թե հաղթանակ, դա ոչ թե հերոսություն էր, այլ թույլին, վախկոտին հատուկ բարբարոսություն, որը որպես անարգանքի խարան կմնա թուրք ժողովրդի պատմության մեջ։ Իսկ մենք հաղթել ենք թուրքական կանոնավոր բանակին, զորքին՝ մեզանից տասնապատիկ շատ, տեխնիկապես հզոր։ Մենք ոչ թե խաղաղ շինականին, կանանց ու երեխաներին, այլ թուրքական զորքն ենք ծնկի բերել։ Ես որպես հայ, որպես զինվոր անչափ հպարտանում եմ այդ հաղթանակով։ Ես հպարտանում եմ, որ հայ եմ, որ իմ ժողովրդի պատմությունը անարգանքի խարան չի կրում, ընդհակառակը՝ առինքնում է իր վեհությամբ, արարումներով, քաղաքակրթությամբ ու նաեւ ազնիվ հաղթանակներով։
ՄԿՐՏԻՉ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
շարքային

Ես դեմ եմ այն մտքին, թե մենք քիչ ենք հաղթել։ Պատմությունը վկայում է, որ բազում հերոսական ճակատամարտեր ենք ավարտել հաղթանակով, փոքրաթիվ ուժերով ջախջախել ենք թուրքական մեծաքանակ զորքին։ Ես եկել եմ այն եզրակացության, որ հայերը միշտ էլ հաղթել են, երբ զենք են ունեցել։ Մենք քաջ, կռվող ու հերոսական ժողովուրդ ենք, դա է վկայում պատմությունը։ Ոչ վաղ անցյալում մեր պապերը պայքարեցին ֆաշիզմի դեմ, տուն վերադարձան փառքով ու հաղթանակով։ Փոքրիկ Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում բազմաթիվ հերոսներ տվեց, տաղանդավոր զորավարներ։ Մենք երկիր պահող ազգ ենք, հող պահող, չնայած ճակատագրի բերումով հաճախ ենք կորցրել մեր հողն ու երկիրը։ Սակայն երբեք չենք հաշտվել կորստի հետ, չենք հարմարվել հպատակ կյանքին, այդ պատճառով էլ պատեհ առիթի դեպքում ոտքի ենք կանգնել, վերագտել մեր անկախությունը, վերանվաճել մեր բռնազավթված հողերը, ինչպես դա արեցինք 20□րդ դարավերջին։
ՍԻՄՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
շարքային

Մայիսի 8-ին մենք նշում ենք Երկրապահի օրը։ Կարծում եմ` այս տոնը պետք է ավելի մեծ խորհուրդ ու հնչեղություն ունենա, քանի որ միայն Արցախում կռված ազատամարտիկը չէ, որ երկրապահ է։ Երկրապահ են բոլոր այն հայերը, ովքեր իրենց տքնանքով, նվիրումով շենացնում են մեր հայրենիքը, ովքեր կպած են իրենց հողին, իրենց արմատին, ովքեր մեր երկրի ուժն են, նրա պաշտպանը։ Երկրապահի օրը հայրենասիրության տոն է, որ մեկ անգամ եւս խորհելու առիթ է տալիս, թե ովքեր են մեր երկրի իսկական տերերը, ո՞ւմ վրա է հենվում երկիրը, եւ ի՞նչ դեր, ի՞նչ հեղինակություն պիտի ունենան այն մարդիկ, ովքեր երկիր են պահել ու պահում են այսօր։ Մենք պիտի արժանին հատուցենք նրանց ու չբավարարվենք միայն տոնից տոն հիշելով, որպեսզի մեր երկրում հայրենասիրությունը դառնա ամենաբարձր, ամենապաշտելի ու անմրցակից արժեքը։
ՍԱՄՎԵԼ ԾԱՏՈՒՐՅԱՆ
սերժանտ

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Բանակ և հասարակություն


12/05/2011