Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ



ՖԱԽՐԱԴԴԻՆ ԱԲՈՍԶՈԴԱ
Թալիշական շարժման առաջնորդ

Ադրբեջանն ապրում է իր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկը: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարի 21-ին Կենտրոնական բանկը հայտարարեց մանաթի 35,5 արժեզրկման մասին: Իրավիճակն ավելի դրամատիկ էր դարձնում այն փաստը, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ նախագահ Ալիեւը ի լուր ամենքին, հայտարարել էր, թե մանաթի արժեզրկում չի սպասվում: Եվ երբ երեք օր հետո նույն Ալիեւը հիմա էլ սկսեց հավատացնել, թե արժեզրկումը նախապես մտածված քայլ էր, ինչը ժողովուրդն ուղղակի ընկալեց որպես հրեշավոր ծաղր: Մի գիշերվա մեջ բանկերի ավանդատուները 1 միլիարդ ԱՄՆ դոլար կորցրին: 30 տոկոսով արժեզրկվեցին թոշակները, սոցիալական այլ վճարները, աշխատավարձերը: Ակնթարթորեն հօդս ցնդեց Ադրբեջանի՝ «Առանց հարկերի» տնտեսական զարգացման մասին առասպելը: Տապալվեցին նաեւ Ալիեւի Արեւմուտքին էներգակիրներ մատակարարելու նկրտումները՝ Արեւմուտք-Ռուսաստան սրված հարաբերությունների խորապատկերին: (Իհարկե, ի հակակշիռ ռուսական «Հարավային հոսքի»): Ընդ որում, առաջին հարվածը Ադրբեջանին հասցրեց հենց եղբայրական Թուրքիան: «Շահավետ առաջարկի դեպքում Թուրքիան պատրաստ է վաճառել TANAP-ի իր բաժնետոմսերը»,- հայտարարեց թուրք նախարար Թաներ Իլդիզը՝ Էրդողանի Թեհրան կատարած այցի հենց հաջորդ օրը: Այս փաստը որոշ մեկնաբանների ստիպեց խոսել ձեւավորվող նոր՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան էներգետիկ ռազմավարական ալյանսի մասին: Այդ կարծիքը շատ ավելի համոզիչ դարձավ Իրան-«վեցնյակ» Լոզանի համաձայնագրից հետո, ինչին հաջորդեց Իրանին C-300 հակահրթիռային պաշտպանության համալիրներ տրամադրելու արգելքը հանելու Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի որոշումը: Ահա հենց այս ժամանակ է, որ Բաքվում հիշեցին «բարեկամ» Իրանի «մահմեդական ժողովրդի» մասին:

Ինչպես ասում են՝ դժբախտությունը մենակ չի գալիս: Այս ամենին հաջորդեց մի այնպիսի իրադարձություն, որը բառացիորեն Ադրբեջանի ողջ հասարակությանը ցնցակաթվածի ենթարկեց. Վատիկանում կաթոլիկ եկեղեցին Հռոմի պապի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. հայ քրիստոնյաների 1,5 միլիոն զոհերի հիշատակին, որի ընթացքում կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հայերի կոտորածները Ցեղասպանություն որակեց: Ի դեպ, պատարագը մատուցվում էր Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգով:

Բառացիորեն երեք օր հետո՝ ապրիլի 15-ին, Օսմանյան կայսրությունում հայ քրիստոնյաների ջարդերը ցեղասպանություն անվանեց նաեւ Եվրախորհրդարանը:

Թուրքիայի արձագանքն այս իրադարձություններին, ինչպես եւ սպասվում էր, կոշտ էր, բայց այն, ինչ կատարվեց Ադրբեջանում, խելքից ու մտքից դուրս էր. բոլորը՝ երկրի հասարակական-քաղաքական ուժերը՝ իշխանամետ պատգամավորներից սկսած մինչեւ ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբանները, եռանդուն միավորվեցին ընդդեմ Հռոմի պապի եւ Եվրախորհրդարանի՝ մոռանալով, թե ինչ ոգեւորությամբ ու խանդավառությամբ էին ընդունել Ալիեւի ոչ վաղ անցյալի այցը Վատիկան: Այս երկու նշանակալի իրադարձությունները Ադրբեջանի հասարակությանը ենթարկեցին այնպիսի ցնցակաթվածի, ինչպիսին կաներ աշխարհի կործանման մասին լուրը: Բոլորը սկսեցին քննադատել կաթոլիկ քահանայապետին՝ անվանելով «հանցագործ կոնկիստադորների հետնորդ», միաժամանակ առանց ամաչելու հիշեցնելով Ալիեւի՝ պապին ընծայաբերած թանկարժեք նվերները: Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի որոշմանը, ապա ոչ անհայտ պատգամավորուհի Գանիրա Փաշաեւան հայտարարեց, թե «Եվրախորհրդարանի որոշումը հիմնված է ստի ու կեղծիքի վրա, եւ ոչ մի թուրք այն չի ընդունի: Ամբողջ թուրքական աշխարհը պետք է ընդդիմանա այդ զրպարտանքին»:

Այս ամենը ապացույց է մի բանի. Ադրբեջանի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում ճիշտ ու խելամիտ ռազմավարական բարեկամներ փնտրել եւ ոչ էլ վստահելի արտաքին քաղաքական պլատֆորմ ստեղծել, ինչի հետեւանքով երկիրը կանգնել է փակուղու առջեւ:

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


22/04/2015