Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ



Այն, ինչ ներկայացվում է ակնարկում, իրողություն է, որոնց ես անձամբ ականատես եմ եղել:

Պարսիկ անվանի գրող, իրանական նովելի հայր Սեյեդ Մուհամմադ Ալի Ջամալզադեն 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, հանգամանքների բերումով Բեռլինից մեկնում է Բաղդադ: Նրա ճանապարհն անցնում է Թուրքիայով, որի ընթացքում էլ նա վկան ու ականատեսն է դառնում օսմանյան կառավարության սանձազերծած հայերի զարհուրելի կոտորածների: Այդ դժոխային տեսարանների անմիջական ազդեցության տակ էլ նա գրում է իր հայտնի` «Իմ անձնական խորհրդածությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» անվանումով ակնարկը:

Մեծ գրողի հիշողությունները տպագրվել են Թեհրանում լույս տեսնող «Հուր» ամսագրում:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբներին դեռևս երիտասարդ էի և լուսահոգի Սեիդ Հասան Թաղիզադեի գլխավորությամբ Բեռլինում գործող Իրանի ազգայնական կոմիտեի հանձնարարությամբ Թուրքիայով մեկնում էի Բաղդադ:

Այդ ժամանակ Թուրքիայի կառավարությունը երիտթուրքերի ձեռքին էր, և Թուրքիան (կամ Օսմանյան պետությունը) թեեւ Գերմանիայի հետ դաշնակցած կռվում էր նրա թշնամիների դեմ, սակայն մեր երկրի (Իրանի) նկատմամբ բարյացակամ չէր տրամադրված: Եվ, ըստ երևույթին, օսմանյան կառավարությունը մտադիր էր օգտվել այդ ժամանակ Իրանում տիրող խառը քաոսային իրավիճակից ու, ինչպես հաճախ է նկատվել մեր պատմության մեջ, փորձում էր պղտոր ջրում ձուկ որսալ՝ տիրելու Իրանի արևմտյան նահանգների և վիլայեթների մի մասին:

…Երեկոյան հասա մի գյուղ: Այդտեղ իջևանեցի մի անհրապույր սրճարանում: Հենց այդտեղ, այդ պահից սկսած ես ականատես եղա մի շարք դաժանաբարո տանջանքների ու խոշտանգումների, որոնք գործադրում էին թուրք զինվորները հայերի նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական տարիներին, և որի հետևանքը, ինչպես գիտեք, եղավ միլիոնավոր հայերի ջարդը:

Եվ քանի որ անգլիացիները Քութ-Էլ-Ամարեի ուղղությամբ մոտենում էին Բաղդադին, մենք տեղափոխվեցինք Քերմանշահ: Սակայն լսելով, որ ռուսական բանակն է մոտենում քաղաքին (իմիջիայլոց անգլիացիները պարտվել էին և չէին կարողացել Բաղդադ մտնել), մի խումբ ազգայնականների հետ վերադարձանք Բաղդադ, և վերջապես բոլորս միասին Ստամբուլով մեկնեցինք Բեռլին:

Հենց առաջին իսկ իջևանից հանդիպեցինք հայերի բազմաթիվ խմբերի, որոնց զինյալ թուրք ժանդարմները սարսափելի կերպով, որը նույնիսկ կարող է անհավատալի թվալ, ոտքով դեպի կործանում էին քշում: Հարյուրավոր հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների, որոնք արդեն քայլելու կորով չունեին, մտրակի և զենքի ուժով առաջ էին քշում: Տղամարդկանց մեջ երիտասարդներ չկային: Նրանց ուղարկել էին ռազմաճակատ կամ ռուսական բանակին միանալու վախից կոտորել էին:

Հայ աղջիկները թուրքերի կամ արաբների ձեռքը չընկնելու համար խուզել էին մազերը: Նրանք լաթից, թղթից, թոկից և պարանից ոտնամաններ էին պատրաստել իրենց համար, որոնք երեխայի փոքրիկ օրորոց էին հիշեցնում: Մի քանի հեծյալ ժանդարմներ մտրակի հարվածներով այդ խմբերը ոչխարի հոտի նման առաջ էին քշում: Խմբից ետ մնացողը, ինչն էլ լիներ պատճառը` հոգնածություն, ուժասպառություն կամ բնական պահանջի անհրաժեշտություն, միևնույն է, տեղնուտեղը սպանվում էր: Հարազատների լացն ու կոծը անօգուտ էր: Այդ պատճառով էլ մեր ճանապարհի երկայնքով տեղ-տեղ տեսնում էինք մեռած ու հոգեվարքի մեջ գտնվող հայ կանանց և տղամարդկանց: Հետագայում լսեցինք, որ այդ կողմերի երիտասարդ բնակիչներից ոմանք իրենց կրքերին հագուրդ տալու համար նույնիսկ պղծել էին մեռած ու հոգեվարքի մեջ գտնվող հայ աղջիկների պատիվը:

Եփրատի արևմտյան ափով ձգվող մեր ճանապարհին, որը մերթ մոտենում էր գետին, մերթ հեռանում, ամեն օր տեսնում էինք բազմաթիվ հայերի դիակներ, որոնց տանում էր ջրի հոսանքը:

Գիշերեցինք մի վայրում, որտեղ հայերի մեծ քարավան էր հանգրվանել` թուրք ոստիկանների հսկողության տակ: Քայլող կմախքի կերպարանքով մի հայ կին, մոտենալով ինձ, ֆրանսերեն ասաց. «Ի սեր Աստծո, առ այս երկու ալմաստները և փոխարենը մի քիչ ուտելիք տուր: Երեխաներս սովից մահամերձ վիճակում են»: Հավատացեք, ես չվերցրի այդ քարերը, բայց մի փոքր ուտելիք տվեցի: Ճիշտն ասած՝ մեր ճամփի պաշարն էլ վերջանալու վրա էր: Իսկ մինչև Հալեպ հասնելը դեռ բավականին երկար ճանապարհ ունեինք: Հենց նույն վայրում մի ծերունի, մոտենալով իրանական ժանդարմի համազգեստ հագած երկու շվեդ սպաների, ֆրանսերենով ասաց. «Տեր Աստված, երբ պիտի ավարտվի այս պատերազմն ու արյունահեղությունը: Դա պատերազմ չէ, դա իսկական «էքսթրմինասուն է», այսինքն՝ բնաջնջում արմատախիլ անելով: Պարզվեց, որ ծերունին Ստամբուլի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում մաթեմատիկա է դասավանդել: Նրա երիտասարդ որդիներին տարել էին անհայտ ուղղությամբ, և համոզված էր, որ նրանք այլևս ողջ չեն: Իսկ նրա երկու աղջիկները, որոնց ծերունին ցույց տվեց, ածիլած գլուխներով, չորացած խոտաբույսերի արմատներ գտնելու հույսով ծնկաչոք հողն էին փորում, որպեսզի քաղցը հագեցնեն: Նրանք համարյա կիսամեռ վիճակում էին: Շվեդ սպաներից մեկը մի մեծ հացի կտոր տվեց այդ ծերունուն:

…Զարհուրելի օրեր անցկացրինք, որոնք հիշողությանս մեջ մնացել են որպես մղձավանջային օրեր, մղձավանջ, որը ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով պատում է ողջ էությունս, անհանգստացնում և տառապանք է պատճառում ինձ:

Հետագայում, երբ տեղափոխվեցի Ժնև և մշտական բնակություն հաստատեցի այնտեղ, տեղեկացա, որ դեռևս այն ժամանակ, երբ միլիոնավոր հայեր Թուրքիայում տառապալից օրեր էին անցկացնում, գնդակահարվում կամ անմարդաբնակ անապատներում սովամահ էին լինում, Կարմիր խաչի օգնությամբ որոշ շվեյցարացի ընտանիքներ որբացած հայ երեխաներին Շվեյցարիա էին բերում, և նրանցից շատերը նույնիսկ որդեգրում էին այդ երեխաներին` հանձն առնելով նրանց ուսման և դաստիարակության հարցերը:

Եվ այսօր հենց միայն Ժնևում այդ դաժան ճակատագրից փրկված բազմաթիվ հայեր կան, որոնք ներկայումս ճանաչված վիրաբույժներ, ինժեներներ և ճարտարապետներ են: Այո՛, դա է իսկական հումանիզմը: Տա Աստված, որ մարդ արարածը օժտված լինի խղճով և առողջ բանականությամբ և մշտապես այս ուղիով առաջ շարժվի:

Ժնև, 1972թ. մայիս
ՍԵՅԵԴ ՄՈՒՀԱՄՄԱԴ ԱԼԻ ՋԱՄԱԼԶԱԴԵ

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


22/04/2015