Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ



Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սպառել է թուրքական ժխտողականության դիրքերը

Թուրքական լրատվամիջոցների վկայությամբ՝ ապրիլի 20-ին Անկարայում գումարված նախարարների խորհրդի նիստի օրակարգային խնդիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Նիստի ավարտին լրագրողներին պարզաբանումներ է արել փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը: Այնուհետև հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա մասնավորապես ասել է. «Օսմանյան կայսրության մայրամուտին տարբեր էթնիկ և կրոնական խմբավորումներին պատկանող մարդիկ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ գոյակցել էին, մեր հիշողության մեջ անջնջելի հետք են թողել: Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում կյանքից զրկված անմեղ օսմանյան հայերի հիշատակը հարգում և նրանց թոռներին մեծ վշտակցություն ենք հայտնում: Օսմանցի հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը պատմական և մարդկային պարտականություն է Թուրքիայի համար: Այսպիսի ըմբռնումով այս տարի ապրիլի 24-ին Հայոց պատրիարքարանում կազմակերպվող կրոնական արարողությամբ օսմանյան հայերի հիշատակը պիտի ոգեկոչվի նաև Թուրքիայում, ինչպես ողջ աշխարհում է ոգեկոչվում»:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին արված հայտարարությունը «Հայ զինվորը» խնդրեց մեկնաբանել թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Չաքրյանին:

Դավութօղլուի այս հայտարարությունը եթե ոչ տարօրինակ, ապա գոնե զարմանալի է, որովհետև Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման Վատիկանի դիրքորոշումը վերահաստատելու համար ամենայն սանձարձակությամբ Հռոմի Պապին, իսկ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ ընդունած բանաձևի առնչությամբ՝ Եվրախորհրդարանին էր դատապարտում: Մանավանդ, որ դրանից երկու օր առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ վերստին ժխտել էր ցեղասպանության փաստը, իսկ տեղահանության համար մեղադրել էր հայերին` ռուսների կողմը անցնելու և Օսմանյան կայսրությանը թիկունքից հարվածելու, այսինքն` դավաճանության համար:

Մի բան հստակ է, որ Դավութօղլուի հայտարարությունը ամենևին էլ չի ենթադրում Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի որդեգրած ժխտողականության վերանայումը: Բայցևայնպես, նա՝ որպես վարչապետ, առաջին անգամ «անմեղ հայեր» արտահայտությունն է օգտագործում և Ապրիլի 24-ը ողջ աշխարհի հետ ոգեկոչելու պատրաստակամություն հայտնում:

Ինչո՞վ բացատրել այս ամենը:

Ըստ երևույթին այն անելանելի վիճակով, որի մեջ հայտնվել է Թուրքիան: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իմ համոզմամբ, թուլացրել էր թուրքական ժխտողականության դիրքերը: Հռոմի Պապի հայտարարությունն ու Եվրախորհրդարանի վերջին բանաձևն էլ իրենց հերթին սպառեցին ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններին հակազդելու Թուրքիայի հնարավորությունները:

Հատկանշական է, որ Ֆրանցիսկոս Պապը, Մեծ Եղեռնը բնորոշելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, նախադրյալ էր ստեղծել Եվրախորհրդարանի համար, որպեսզի Ապրիլի 24-ը հռչակվի «Ցեղասպանությունների հիշատակման համաեվրոպական օր», Եվրախորհրդարանն էլ Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած Եվրամիության անդամ երկրներից պահանջեց ճանաչել այն: Գերմանիան արդեն արձագանքել է այդ պահանջին: Համենայն դեպս, Ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և ամենայն հավանականությամբ ընդունվելու է:

Թուրքիան խիստ մտահոգված է նաև ԱՄՆ նախագահի Ապրիլի 24-ի ուղերձի առթիվ: Թուրք գործիչները միանգամայն հնարավոր են համարում, որ նախագահ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» բառը: Հատուկ առաջադրանքով Վաշինգտոն գործուղված Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն դեռևս չի կարողացել հանդիպել պետքարտուղար Քերիի հետ:

Այլ կերպ ասած՝ օղակը Թուրքիայի շուրջ հետզհետե սեղմվում է: Ստեղծված իրավիճակում վարչապետ Դավութօղլուն ցեղասպանության զոհերին «անմեղ հայեր» անվանելու միջոցով և Ապրիլի 24-ը ողջ աշխարհի հետ նշելու պատրաստակամությամբ միջազգային հանրությանը դրական ազդանշաններ է հաղորդում՝ հույս փայփայելով, որ այն կանխարգելի կամ նվազագույնի հասցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և սեփական պատմության հետ առերեսվելու Թուրքիայի վրա գործադրվող միջազգային ճնշումները:

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


22/04/2015