Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔ



♦ Ո՞վ է ուզում խախտել իրանա-ղարաբաղյան սահմանը:
♦ Ադրբեջանում մտածում են հարեւան երկիրը պլացդարմի վերածելու մասին:
♦ Ինչո՞ւ են հակասում Թուրքիայի եւ Իրանի շահերը:

Վերջերս Ադրբեջանում շարունակ սադրանք են մտմտում: Մեկ սուտ լուրեր են տարածում Հայաստանի ղեկավարների մասին ու «հերքում», մեկ արծվաշենցիներին ներկայացնում որպես ադրբեջանցի փախստականներ, մեկ անհասկանալի հանգամանքներում «մահացած» երեխային ներկայացնում որպես հայ դիպուկահարի զոհ: Դե, իսկ հրադադարի ռեժիմի խախտումներին ու ադրբեջանցի դիպուկահարների նախահարձակ գործողություններին թիվ ու հաշիվ չկա:
Սա քաղաքականություն է, որն ունի բազմաթիվ նպատակներ` սկսած միջազգային հանրությանը «մոտալուտ» պատերազմի վտանգով շանտաժելուց, սեփական հասարակությանն արտաքին թշնամու դեմ համախմբելով` իշխանություն պահելուց, վերջացրած հայ հասարակության վրա հոգեբանորեն ազդելու եւ տեղեկատվական պատերազմում գերիշխանության հասնելու ցանկությամբ:
Գլխավոր նպատակը ԼՂ հարցի շուրջ ստեղծված վիճակը` «ստատուս-քվոն» փոխելն է, որովհետեւ Ադրբեջանը վաղուց է հասկացել, որ ժամանակն «աշխատում է» ի վնաս իրեն, որ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, գործընթացներ, որոնք հանգեցնելու են Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը: Եթե Ադրբեջանը հնարավորություն ունի ինչ-որ բան անելու, այդ թվում` պատերազմելու, ապա` այսօր (առաջիկա տասնամյակում), քանի դեռ նավթն ու գազը չեն վերջացել:
Լավ սադրանք հորինելը ստեղծագործական աշխատանք է, որն ամեն մեկի խելքի բանը չէ: Եւ այն, ինչ ադրբեջանական «aze.az» ինտերնետային կայքի միջոցով ապրիլի 22-ին շրջանառության մեջ դրեց ադրբեջանցի «քաղաքագետ» Մուբարիզ Ահմեդօղլուն (նա միշտ է հանդես գալիս քաղաքական սադրիչ հայտարարություններով), անցյալ տարի արդեն կատարված սադրանքի ձեւափոխված տարբերակն է:
Դատեք ինքներդ: Ահմեդօղլուն հայտարարեց, որ Իրանը «մի քանի ժամում» կարող է «լուծել» ԼՂ հիմնահարցը: Դրա համար նա պետք է թույլ տա, որ մահմեդականները (կարեւոր չէ, թե ով, բայց ցանկալի է` հայերի ազատագրած տարածքների նախկին բնակիչները), հատելով իրանա-ղարաբաղյան սահմանը, վերադառնան իրենց նախկին բնակավայրն ու այնտեղ «նամազ անեն» (աղոթեն) ու այցելեն իրենց հարազատների գերեզմաններ: Այդ ընթացքում «Ադրբեջանի ԶՈՒ պետք է տեղակայվեն Հորադիզից մինչեւ Կուբաթլու ընկած տարածքում», քանի որ «երբ մահմեդականների այցելությունները զանգվածային բնույթ կրեն, հայկական կողմը կարող է կրակ բացել նրանց վրա»: Այդժամ ադրբեջանական ստորաբաժանումները «Իրանի տարածքով պետք է անցնեն հայկական զորքերի թիկունք եւ հարվածեն»: Ահմեդօղլուն շեշտում է, որ հայկական կողմն «այնքան է վստահում Իրանին, որ իրանա-ղարաբաղյան սահմանը չի ամրացրել եւ չի ականապատել»:
Ըստ Ահմեդօղլուի, Իրանի տարածքով «իսլամական վերադարձին» կարող են մասնակցել նաեւ Իրանի քաղաքացիները, Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները, մահմեդական այլ երկրների քաղաքացիները, մահմեդական հայտնի մտավորականներ (http://www.aze.az /news_politoloq_iranu_nujno_56463.html):
Հայաստանի սահմանը միանգամայն «անմեղ» ու «բարի» նպատակով հատելու գաղափարն ունի թուրքական ծագում. անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թ.Բեքլեւիչն ու փոխնախագահ Բ.Օրսեքը հայտարարեցին, որ իբր ոտքով հատել են ՀՀ պետական սահմանը: Դրանով նրանք, իբր, սահմանը բացելու կոչ էին անում Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարներին եւ նույնիսկ հավելեցին, որ «եթե մինչեւ 2011թ. սահմանը չբացվի, իրենք 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդների հետ նույն ձեւով կանցնեն սահմանը»: Թուրք սադրիչները, չբավարարվելով ԶԼՄ-ներում հայտարարություն անելով, հոկտեմբերի 28-ին օրինական ճանապարհով, Բագրատաշենի անցակետով ժամանեցին Հայաստան եւ հաջորդ օրը «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ կրկնեցին իրենց սուտը: Դրանից հետո նրանք հրավիրվեցին ՀՀ ԱԱԾ, որտեղ նրանց քաղաքավարի առաջարկվեց լքել Հայաստանի տարածքը:
Այն, որ թուրք պատգամավորները Հայաստան էին եկել` իրենց սուտը հատուկ կրկնելու, վկայում է, որ նրանց թիրախը հայ հասարակությունն էր, իսկ նպատակը` ռուս սահմանապահների, նշանակում է` նաեւ Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության մեջ անվստահություն սերմանելը:
Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Ահմեդօղլուի սադրանքը: Հասկանալու համար պատկերացնենք, որ Ադրբեջանը գտնում է մի քանի մոլեռանդ մահմեդական կամ պարզապես որպես մահմեդական ծպտված դիվերսանտ, որոնք փորձում են Իրանի տարածքով թափանցել ԼՂՀ տարածք: Եթե դա նրանց հաջողվի, եւ այդ մարդիկ ձերբակալվեն կամ ոչնչացվեն հայկական ԶՈՒ կողմից, ապա Ադրբեջանը դա նախեւառաջ կներկայացնի որպես Իրանի համաձայնությամբ կատարված գործողություն եւ դրանով իսկ կփորձի անվստահություն առաջացնել Հայաստանի եւ Իրանի հարաբերություններում: Երկրորդ, քարոզչական արշավ կսկսի Հայաստանի դեմ` խնդիրը կրոնական հարթություն տեղափոխելու միջոցով փորձելով դաշնակիցներ ձեռք բերել մահմեդական աշխարհում:
Իսկ եթե սադրիչներին ձերբակալեն Իրանի սահմանապահները, ապա Ադրբեջանը քարոզչական արշավ կսկսի Իրանի դեմ` նրան մեղադրելով «շարքային մահմեդականների» կրոնական իրավունքները ոտնահարելու մեջ:
Վերջապես, Ադրբեջանը կարող է սադրիչներին Իրանի տարածքով ԼՂՀ ուղարկելուն զուգահեռ սահմանային զինված բախում հրահրել եւ Իրանին կամ Հայաստանին կամ միաժամանակ երկուսին էլ (ըստ իրավիճակի եւ ցանկության) մեղադրել անզեն հավատացյալների դեմ զենք կիրառելու մեջ:
Հաշվի առնելով, որ Ահմեդօղլուի սցենարը անցյալ տարվա հոկտեմբերին թուրքերի իրագործած սադրանքի փաստացի կրկնությունն է, եւ որ Ադրբեջանը երբեք չի համարձակվի Իրանի դեմ սադրանք իրականացնել` առանց Թուրքիայի աջակցության երաշխիքն ունենալու, ինչպես նաեւ այն, որ այդ սցենարի իրագործման արդյունքը կարող է լինել նաեւ Իրանի վարկաբեկումը մահմեդական աշխարհում, կարելի է ենթադրել, որ սցենարի հեղինակը Թուրքիան է:
Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ. Թուրքիան Իրանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների կողմնակից չէ, պաշտպանում է միջուկային էներգետիկա զարգացնելու` Իրանի իրավունքը, նրա հետ համագործակցում տնտեսական ոլորտում, երկու երկրների շահերը համընկնում են նաեւ քրդերի դեմ պայքարում եւ Իրաքի հարցում, ուրեմն ինչո՞ւ պետք է Թուրքիան փորձի թուլացնել Իրանի դիրքերը:
Բանն այն է, որ Թուրքիայի եւ Իրանի միջեւ կան խորը հակասություններ: Նախ` նրանք պատմական թշնամիներ են. միայն 16-րդ դարում չորս անգամ պատերազմել են (դրանք ավարտվել են Իրանի պարտությամբ): Ընդ որում, այդ պատերազմներում կարեւոր դեր է ունեցել նաեւ կրոնական թշնամանքը (Թուրքիայում դավանում են մահմեդականության սուննիական ուղղությունը, Իրանում` շիա): Երկու երկրներում էլ այլադավաններին կոտորել են:
Երկրորդ` թե՛ Թուրքիան եւ թե՛ Իրանը եղել են կայսրություններ եւ ունեն պատմականորեն հիմնավորված կայսերապաշտական հավակնություններ, ուստի մրցակիցներ են: Այս առումով բնական է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությունը, որ Թուրքիան չի հանդուրժի միջուկային զենք ունեցող Իրան, քանի որ դա կնշանակի տարածաշրջանում Թուրքիայի թուլացում:
Երրորդ` միմյանց հակասում են Թուրքիայի եւ Իրանի պետական գաղափարախոսությունները. Մուստաֆա Քեմալը թուրքական պետականության հիմքում դրեց աշխարհիկությունը, իսկ Ռուխոլլա Մուսավի Խոմեյնին Իրանում` մահմեդականությունը: 1979թ. իրանական հեղափոխությունից հետո Թուրքիան վախենում էր իր երկրում Իրանի ազդեցության մեծացումից:
Չորրորդ` Թուրքիան եւ Իրանը մրցակցում են Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում ազդեցություն ունենալու համար: Թուրքիայի հռչակած` նոր օսմանականության քաղաքականությունը ենթադրում է նաեւ Իրանի ազդեցության թուլացում նախկին Օսմանյան կայսրության տարածքում:
Հինգերորդ` Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Իրանը` թշնամի: Թուրքիան Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունի, իսկ Իրանը` թշնամական: Փաստորեն, նրանք թշնամական ճամբարներում են:
Վեցերորդ` թուրքերը 16-րդ դարից սկսած փորձում են տիրանալ Իրանական Ադրբեջանին (Իրանի հյուսիս-արեւմուտքում), որտեղ բնակվում են թուրքալեզու իրանական ժողովուրդներ, բայց ոչ ազգությամբ թուրքեր (այդ ժողովուրդներն ուծացել եւ թուրքալեզու են դարձել վերջին 100-150 տարում): 20-րդ դարի սկզբում Թուրքիան կովկասյան թաթարների նորաստեղծ պետությունը դիտմամբ անվանեց Ադրբեջան` հեռահար նպատակ ունենալով այն միացնելու բուն` Իրանական Ադրբեջանին եւ ստեղծելու թուրքական միացյալ պետություն: Այսօր այդ նպատակին է ծառայում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունը: Իրանական Ադրբեջանում ակտիվություն են ցուցաբերում նաեւ թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» խմբավորման անդամները:
Յոթերորդ` Թուրքիան եւ Իրանը մրցակցում են Նախիջեւանն իրենց տնտեսական, քաղաքական ու մշակութային ազդեցության ոլորտում ներառելու համար: Այս հարցում Իրանն առավելություն ունի. Նախիջեւանի հետ նրա սահմանը 200կմ է, Թուրքիայինը` 18կմ:
Ութերորդ` Թուրքիայի եւ Իրանի շահերը հակասում են Ղարաբաղի հարցում եւ առհասարակ Հարավային Կովկասում. Թուրքիայի նպատակը Հայաստանը եւ Վրաստանը «կլանելն» է` պանթյուրքական ծրագրի համապատասխան: Եթե դա իրականանա, Իրանը կհայտնվի թյուրքական պետությունների «շրջապատում»:
Այսպիսով, Թուրքիան պատճառներ ունի` մահմեդական աշխարհում Իրանի դիրքերը խարխլելու համար: Այլ հարց է, թե արդյո՞ք դա նրան կհաջողվի: Եթե սադրանքն իրագործեն ադրբեջանցիները, ապա հազիվ թե:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


12/05/2011