Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ



Զրույց «Հայ բարեգործական ընդհանուր միության» նախագահ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ հետ

-Պարոն Սեդրակյան, Դուք արդեն 13 տարի ղեկավարում եք մի կազմակերպություն, որը 110 տարվա պատմություն ունի, եղել եք կենտրոնական վարչության ամենաերիտասարդ անդամը։ «Հայ բարեգործական ընդհանուր միությունը» մի կազմակերպություն է, որը ղեկավարել են այնպիսի երևելի ազգային գործիչներ, ինչպիսիք են Պողոս Նուբար փաշան, Ալեք Մանուկյանը և այլք: Կարծում եմ՝ մեր ընթերցողին կհետաքրքրի, թե ով է այսօր շարունակում հայրենասիրության ու ազգապահպանության՝ Բարեգործականի ավանդույթները: Ուստի, պիտի խնդրեմ, որ մեր զրույցն սկսենք Ձեր կենսագրությունից:

-Ես Բեյրութում եմ ծնվել: Ծնողներս արևմտահայեր են: Մեծ հայրս եղել է թուրքական բանակի սպա և կարողացել է շատ հայերի փրկել սպանդից: Մորս հայրը Թուրքիայի ֆինանսների նախարարության գրասենյակի տնօրեն է եղել: Ես երկու պապերիս էլ տեսել եմ: Նրանք ցնցված էին Թուրքիայում կատարված եղեռնագործությունից, որովհետև, լինելով Օսմանյան կայսրության պետական պաշտոնյաներ, երբեք չէին մտածել, որ հայերը այդքան անպաշտպան են ու կարող են նման թշնամանքի և ատելության արժանանալ թուրքերի կողմից: Ո՛չ իմ ծնողները, ո՛չ էլ պապերն ու տատերը տանը եղեռնից չէին խոսում: Նրանց հոգում այնպիսի ցավ կար, որ կարծես վախենում էին դիպչել այդ ցավին: Ես մինչև 10-12 տարեկան դառնալս գրեթե չէի լսել ցեղասպանության մասին: Մեր ընտանիքում այդ ողբերգական լռությունը երբեմն ընդհատվում էր թուրքերեն (թուրքերեն էին խոսում, որ երեխաները չհասկանան) կցկտուր խոսակցություններով: 1950 թվականից հետո միայն, երբ Լիբանանում ու Սիրիայում հայերն սկսեցին փոքր -ինչ հաստատվել և հաջողվել, ցեղասպանության թեման դարձավ արդիական և հասու երիտասարդ սերնդին: Իսկ ամենակարևոր հագրվանը դարձավ ցեղասպանության 50-ամյակը, երբ 60-70 հազար հայեր լիբանանյան մարզադաշտում միացան, ոգեկոչեցին եղեռնի զոհ դարձած նախնիների հիշատակը, պահանջեցին վերականգնել պատմական արդարությունը, և Լիբանանի պետական-քաղաքական բարձրաստիճան ղեկավարությունը նույնպես մասնակցեց այդ միտինգին: Այդ ժամանակ պատմության մեջ առաջին անգամ հայերը Սփյուռքում հայտարարեցին, որ ոչ միայն ապրում են, այլև իրավունքներ ունեն և պահանջատեր են: Այդ օրերին, իրոք, արթնացավ հայոց պայքարի ոգին և զորացավ:

-Այսօր մենք Հայաստանում բարձրացող սերնդին ազգային ոգով տոգորելու խնդիր ունենք, իրենց ավանդույթներին կապելու, օտար մշակույթների ազդեցությունից զերծ պահելու… Ինչպե՞ս է օտար երկրում ապրող հայ մարդը իր զավակի մեջ վառ պահում հայկական ոգին ու հայոց իրավունքի պահանջատեր դարձնում:

-Մեր ընտանիքի ավագները հայրենիքի երազով էին ապրում: Ես մեծացել եմ հայկական պոեզիայի, ազգային մեղեդիների ուղեկցությամբ: Յոթ-ութ տարեկան էի, բայց լավ հիշում եմ, թե ինչպես էր իմ ընտանիքը հավաքվում ռադիոյի մոտ, որ մեկ ժամ շարունակ կլանված լսի Հայաստանի մասին լուրերը: Այդ մեկ ժամվա ընթացքում մեր տանը որևէ մեկը չէր կարող ծպտուն հանել: Մի օր էլ ռադիոյով հայտարարեցին, որ Վազգեն Առաջին Վեհափառը պետք է այցելի Լիբանան: Երբեք չեմ մոռանա այդ պատկերը. մեծ մայրս խենթի պես վազում էր տան մեջ ու գոռում՝ Հայոց կաթողիկոսը Էջմիածնից Լիբանան պետք է գա: Ամեն անգամ պատմելիս՝ արցունքոտվում եմ: Հազարավոր հայեր ծաղիկներով հավաքվել էին օդանավակայանի մոտ՝ դիմավորելու Վեհափառին: Այդ զգացողությունները դեռ սրտիս մեջ են. ես յոթ տարեկան երեխա, մեծ մորս ձեռքը բռնած՝ սպասում էի Կաթողիկոսի գալուն: Չեմ հիշում, թե քանի գառ մորթվեց Վեհափառի ոտքերի մոտ: Այնպիսի ակնածանք և հրճվանք կար: Իմ սերունդը մեծացել է հայրենապաշտության այսպիսի մթնոլորտում, և պետք է ասեմ, որ երիտասարդ սերունդը նույն նախանձախնդրությամբ որոնում է իր արմատը, հպարտանում է իր ազգային պատկանելությամբ ու հայոց բռնադատված իրավունքի պահանջատերն է այսօր:

-Պարոն Սեդրակյան, հայերը, կորցնելով պետականությունը, Եղեռնի տարիներին սփռվելով աշխարհով մեկ՝ դարեր շարունակ եղել են անիրավված, ոտնահարվել են նրանց ամենատարրական իրավունքները: Եվ օրինաչափ կլիներ, որ աշխարհասփյուռ հայերի մեջ գերակշռեին իրավաբանները, փաստաբանները, որոնք կկարողանային պաշտպանել գոնե իրենք իրենց: Բայց իրականությունն այլ է: Հայերը դառնում էին ոսկերիչ, նկարիչ, երգիչ, բժիշկ… բայց ոչ իրավաբան: Դուք հաջողակ փաստաբան եք, կարողացել եք մեծ նվաճումների հասնել Միացյալ Նահանգների պես երկրում, որը, այսպես ասած, իրավունքի երկիր է: Այսօր Դուք ունեք փաստաբանական գրասենյակ, նույնքան հայտնի հաճախորդներով… բայց Ձեր դեպքը եզակի է:

-Նորեն ցեղասպանությունն է պատճառը, որ հայերի մեջ քիչ են իրավաբանները: Մեր ծնողները կրկին հալածվելու և տարհանվելու տագնապ ունեին և ուզում էին, որ իրենց երեխաներն ընտրեին այնպիսի մասնագիտություն, որը կկարողանային «տանել հետը», որը «ոսկե բիլազուկի» պես միշտ իրենց հետ կլիներ: Բարեբախտաբար, հայ երիտասարդ սերնդի մեջ այսօր չկա այդ վախը, և հայ իրավաբանների թիվն ավելացել է աշխարհում:

Օրինակ՝ մեր ընտանիքում երկու աղջիկներիցս մեկը փաստաբան է, փեսաս փաստաբան է, մյուս փեսաս նույնպես իրավաբանություն է ուսանել: Ինչ վերաբերում է իմ փաստաբանական կարիերային, պետք է ասեմ, որ ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել հորեղբայրս, որը նույնպես փաստաբան էր:

-Ամերիկա գնացիք փաստաբանական գործունեությա՞մբ զբաղվելու….

-Ես միշտ դեմ եմ եղել ծննդավայրից հեռանալուն, միշտ ասել եմ, որ Լիբանանը պանդոկ չէ, որ գաս, զվարճանաս ու լքես: Մինչև հիմա էլ շատ կապված եմ Լիբանանին՝ իմ մանկության և պատանեկության հիշողություններին: Բայց մի դիպված պատճառ դարձավ, որ ես հեռանամ Լիբանանից: Զինյալները ինձ առևանգեցին, որ գողանան մեքենաս: Ես միայն երջանիկ պատահականությամբ ողջ մնացի: Այն ժամանակ 22 տարեկան էի: Դրանից հետո որոշեցինք որոշ ժամանակ շրջագայել Միացյալ Նահանգներում: Այնտեղ էլ ծանոթացա մի իրավաբանի հետ, որն ինձ աշխատանք առաջարկեց: Եվ ահա 42 տարի զբաղվում եմ փաստաբանությամբ:

-Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս սկսվեց «Հայ բարեգործական ընդհանուր միության» հետ Ձեր կապը:

-«Հայ բարեգործական ընդհանուր միությունն» իր սկզբնավորման առաջին օրվանից ծառայել է ազգին, ազգային խնդիրներին, ունեցել է վառ հայրենասիրական կեցվածք: Պողոս Նուբար փաշան, հիմնելով միությունը, շատ ավելի մեծ ու մասշտաբային ծրագրեր է իրականացրել, քան սոսկ բարեգործությունը: Նա միշտ էլ նայել է ժամանակից առաջ, հավատացել է ազգի վերածննդին ու հայրենիքի ապագային: Մի օրինակ բերեմ: Ֆրանսիայում՝ ուսանողական քաղաքում, դեռևս 1924 թվականին Պողոս Նուբար փաշան հիմնեց Հայ ուսանողների տունը: Դա միակ տունն էր, որը չէր պատկանում որևէ պետության: Ուստի Պողոս Նուբար փաշան 100 հազար օսմանյան ոսկու չափով ֆոնդ է ստեղծում, որպեսզի հոգա Հայոց տան ծախսերը: Ժամանակին նրան քննադատեցին, որ 1924թ.-ին հայ ժողովուրդը անոթի, նա ուսանողական տուն է ստեղծում Ֆրանսիայում: Բայց Նուբար փաշան ուներ իր ժողովրդի հարության տեսիլքը: Իսկ 1929թ.-ին՝ համայնավարության ծանր շրջանում, նա հիմնում է «Մարի Նուբար» բժշկական կենտրոնը, շենք, որն այսօր Աբովյան փողոցում է, և որի կողքով անցնելիս մեծ հպարտություն եմ ապրում: Ժամանակին Պողոս Նուբար փաշան ոչ միայն հովանավորում է 90 հազար հայերի ներգաղթը Հայաստան, այլև 2 միլիոն դոլար է տրամադրում նրանց ճամփորդության ծախսերը հոգալու համար: Այսինքն՝ Հայաստանը շենացնելու գաղափարը և Հայաստանը համայն հայության հայրենիքը տեսնելու մտայնությունը Բարեգործականի հավատամքն է Միության սկզբնավորման օրվանից: Իսկ մենք, մեր ծնողները Բարեգործականի անդամ էինք ծնված օրվանից: Մենք մեծանում էինք Բարեգործականի՝ հայրենասիրության, ազգապահպանության ու նվիրումի մթնոլորտում:

-Դուք ահռելի աշխատանք եք կատարում: Եթե հիշենք, որ «Հայ բարեգործական ընդհանուր միությունը» ղեկավարելուց բացի,՝ նաեւ փաստաբանական գործունեություն եք ծավալում և անընդհատ շրջագայում եք, պարզ կդառնա, որ Ձեր տիկնոջը՝ Վերա Նազարյանին, շատ քիչ ժամանակ եք տրամադրում: Բացառիկ մարդ պետք է լինել՝ դիմանալու ամուսնու բացակայություններին և հասարակական գործունեությանը:

-Այո՛, Վերան բացառիկ կին է: Բարեբախտաբար, նա սերում է մի ընտանիքից, որը սերտ առնչություն ուներ Բարեգործականի հետ: Մեծ հայրը Բարեգործականի երևելի դեմքերից էր, հորեղբայրը, հայրը ղեկավարել են Բարեգործականի լիբանանյան կառույցը: 1959թ.-ին Վերայի հայրն ու հորեղբայրը հիմնում են Նազարյան վարժարանը: Իսկ նրա մայրը կրթական հանձնախմբի ատենապետուհին էր: Նազարյան ընտանիքի գործունեության մասին չէ, որ ուզում եմ պատմել: Ասելիքս այն է, որ տիկինս հասակ է առել մի ընտանքում, որտեղ ազգին ծառայելը եղել է փառք ու պատիվ, այդ պատճառով էլ իմ գործունեությունը հասկանալի և գնահատելի է տիկնոջս համար: Կան բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք սերնդեսերունդ անքակտելի կապված են Բարեգործականի հետ, և նրանցից մեկն էլ Նազարյանների ընտանիքն է: Բարեգործականը գաղափար է ու ոգի: Ու եթե այդ ոգու ու գաղափարի զինվորը չես, չես հասկանա այն մարդկանց, որոնց կյանքի նպատակը հայրենիքին ու ազգին նվիրվելն է, որոնք ազգի հոգսերով են ապրում:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր դուստրերը: Նրանք նույնպե՞ս կրում են Բարեգործականի ոգին ու գաղափարը: Բարեգործականի անդա՞մ են…

-Անշուշտ: Նրանք անչափ մոտ են իրենց արմատներին, հայկականությանը, համազգային խնդիրներին, և ամեն մեկը իր ձևով, իր ասպարեզում փորձում է օգտակար լինել ազգային գործին:

-Անին փաստաբան է, Լարան՝ լրագրող և քաղաքական մեկնաբան…

-Այո՛: Մոտավորապես մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կանչել էր մի քանի երիտասարդ մասնագետների, նաև Լարային՝ խորհրդակցելու քաղաքական խնդիրների շուրջ, և Լարան այդ հանդիպման ժամանակ ասել էր նախագահին՝ մեր քաղաքականության խոցելի կողմերից մեկն այն է, որ մենք խոստումներ ենք տալիս ու չենք կատարում: Դուք Կահիրեում խոստացաք, որ իսլամական աշխարհի համար նոր դարաշրջան պետք է բացվի…. Ասացիք, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչեք… Նախընտրելի կլիներ, որ ճշմարտությունն ասեիք…

Ես մեծ հույսեր եմ կապում հայ երիտասարդների հետ: Հայոց բարձրացող սերունդը պետք է մերվի օտար շրջանակների մեջ և լսելի դարձնի իր ձայնը աշխարհում: Ճիշտ քարոզչություն պետք է ծավալի:

-Քարոզչություն ասացիք, և ես հիշեցի, որ Բարեգործականը վեց լեզվով 14 անուն պարբերական է հրապարակում: Ի՞նչ ուղղվածություն ունեն այդ պարբերականներն ու ի՞նչ են քարոզում:

-Մեր պարբերականների քարոզչությունը չի սահմանափակվում պատմական խնդիրների մասին խոսելով, ցեղասպանությունն ու Հայ դատը հիշատակելով: Մենք անդրադառնում ենք նաև այսօրվա խնդիրներին: Օրինակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը, որի պատճառով հայրենիքը հայտնվել է ծանր կացության մեջ: Մենք խոսում ենք հայրենի մշակույթից, հոգևոր ձեռքբերումներից:

Այս տարի բանակի տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ անչափ հուզվեցի, երբ էկրանին տեսա մեր զոհված զինվորների հերոսության մասին պատմող տեսանյութերը, լսեցի նրանց սխրանքի մասին: Նույնիսկ սկսեցի երկմտել, արդյոք ճի՞շտ ենք ընտրել առաջնահերթությունները, արդյոք պատշաճ ուշադրություն նվիրե՞լ ենք բանակին, ու եկա այն մտքին, որ բանակի գաղափարը պետք է ավելի զորացնենք, ավելի օգտակար գործունեություն ծավալենք՝ բանակը շենացնելու և ամրացնելու համար:

-Ես գիտեմ, որ բանակի հետ համատեղ ծրագրեր եք իրականացրել: Կա՞ն նոր մտահղացումներ զինված ուժերի հետ կապված:

-Շատ կարևոր է, որ Սփյուռքը իր օժանդակությունը բերի բանակի առողջապահական և սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը: Սահման պահող զինվորը պետք է զգա պետության և ազգի գուրգուրանքը: Պետություն ու ազգ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը: Վաղուց արդեն ես չեմ տարանջատում այդ երեքը միմյանցից, քանի որ մենք մեկ ազգ ենք ու մեկ հայրենիք ունենք: Սփյուռքը շատ ոգևորվեց մեր բանակի հաղթանակներով, և մինչ օրս գերիշխող է այն կարծիքը, որ մեր բանակը կարող հեշտությամբ ծնկի բերել Ադրբեջանին և օժանդակության կարիք չունի: Մենք պետք է փոխենք այդ մտայնությունը: Պետք է վստահության և հպարտության հետ մեկտեղ մտածենք, որ գալիք մարտահրավերներին դիմակայելու համար մեզ է՛լ ավելի մարտունակ բանակ է պետք: Երջանիկ կլինեմ, որ Սփյուռքը կարողանա իր աջակցությունը բերել զինվորական նոր հոսպիտալի կառուցմանը, եթե հաջողվի իրականացնել այդ հույժ կարևոր գործը:

…Երկար ժամանակ չէ, որ ճանաչում եմ պարոն Օհանյանին և տիկին Օհանյանին: Կան մարդիկ, որոնց ճանաչում ես երկար ժամանակ, բայց օտար են մնում, և կան մարդիկ, որոնք անմիջապես հարազատանում են: Ահա այդ հարազատությունն է իմ և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մտերմության հիմքում: Մենք բոլորս ծանոթ ենք Սեյրան Օհանյանի հերոսական կենսագրությանը, ծանոթ ենք խաղաղ բանակաշինության տարիներին նրա ոչ պակաս հերոսական գործունությանը, բայց ինձ ամենից առաջ ոգևորում է այն սերը, հավատը, որը նա ունի բանակի հանդեպ: Պարզապես չես կարող չոգեշնչվել: Չես կարող չվարակվել տիկին Ռուզաննայի մտահոգություններով, չես կարող անտարբեր լինել զինվորի առողջության պահպանմանը միտված նրա ծրագրերի ու ջանքերի հանդեպ: Անչափ տպավորված եմ նրանց կերպարով, հայրենասիրությամբ, համեստությամբ… Եթե նրանք չլինեին, թերևս այսչափ չարթնանայի և չմտահոգվեի բանակի խնդիրներով:

-Դուք 2002թ.-ից ղեկավարում եք Միությունը, փոխվե՞լ են արդյոք Բարեգործականի ծրագրերի առաջնահերթությունները: Որո՞նք են այսօրվա մարտահրավերները, որոնք պայմանավորում են Բարեգործականի այսօրվա գործունեության գլխավոր ուղղությունները:

-Մարտահրավերներն ու առաջնահերթությունները ժամանակի հետ փոխվում են: Բարեգործականի ծրագրերը պահի խնդիրները լուծելուց զատ, միշտ էլ եղել են նաև ռազմավարական ու միտված ապագային: Այսօր ամենակարևոր ուղղություններից են բանակը, կրթությունն ու եկեղեցին: Մեր ամենակարևոր մտահոգություններից մեկն էլ Հայաստանում ներդրումներ անելն է, որ նոր աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի կարողանանք կանխել արտագաղթը:

Սփյուռքը հայրենիքին կապելու, արտերկրում ծնված, մեծացած հայ մարդու մեջ արմատի զգացողություն արթնացնելու ամենադյուրին ձևը նրան Հայաստան բերելն է: Մեկ այցելությունը կարող է հրաշքներ գործել: Որովհետև հողի և արյան կապը առեղծվածային ուժեղ է: Ուստի, մենք փորձում ենք ամեն տարի ավելի մեծ թվով հայերի բերել Հայաստան, ցույց տալ մեր հրաշալի հայրենիքը: Այսօր Սփյուռքի ազգապահպանության առանցքը ոչ այնքան սփյուռքում գործող ազգային կառույցներն են, որքան հայրենիքը և կապը հայրենիքի հետ: Նույնիսկ այն հայերը, որոնք հայերեն խոսել չգիտեն, երբևէ որևէ առնչություն չեն ունեցել իրենց հայկական ծագման հետ՝ Հայաստան գալուց հետո այնպես ոգեղեն ու զորավոր են դառնում, այնպես են տոգորվում ազգային շնչով: Մենք փորձում ենք Սփյուռքի դպրոցների շրջանավարտներին գոնե 6-8 շաբաթով Հայաստանում լինելու հնարավորություն ընձեռել: «Բացահայտիր Հայաստանը» և այլ ծրագրերով՝ երիտասարդ հայ սերունդը հայրենիքը տեսնելու հնարավորություն է ունենում:

-Հայի հոգևոր, նյութական, մտավոր ներուժը մեր ազգային հարստությունն է: Կարողանո՞ւմ ենք պատշաճ չափով օգտագործել այն…

-Ես կասեի՝ ընդամենը 10 տոկոսը: Ցավոք: Ամեն հայ կարևոր է, բայց մենք առաջին հերթին պետք է փորձենք ճանաչել նյութական և մտավոր ներուժ ունեցող հայերին և ներգրավել մեր ծրագրերում:

-«Հայ բարեգործական ընդհանուր միության» ծրագրերին ամեն տարի կես միլիոն մարդ է մասնակցում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Թերևս բյուջեի գոյացմանը մասնակցողների թիվն այդքան շատ չէ:

-Անշուշտ: Մենք որոշել ենք ստեղծել հիմնադրամ, որը կօժանդակի Սփյուռքում մեր նյութական ներուժը ուսումնասիրելու և Բարեգործականի ծրագրերում ներգրավելու գործին: Մենք դավաճանած կլինենք մեր պապերի երազանքին, եթե չկառուցենք մի Հայրենիք, որտեղ ապրելը հպարտություն, պատիվ ու երջանկություն կբերի հայ ժողովրդին… Մենք միշտ ասել ենք՝ հայրենիքը՝ սփյուռքով, սփյուռքը՝ հայրենիքով… բայց հիմա՝ այս հանգրվանում, ասում ենք՝ սփյուռքը՝ հայրենիքին: Որովհետեւ հայրենիքն է մեր համազգային երազանքների առաջին երաշխավորը:

-Պարոն Սեդրակյան, խորին շնորհակալություն Ձեր ազգաշեն ու հայրենաշահ գործունեության համար:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


22/04/2015