ՎԻՇՏՆ՝ ԱՆՑՅԱԼՈՒՄ, ՊԱՀԱՆՋԸ՝ ՆԵՐԿԱՅՈՒՄ
Միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին
Այս օրերին հանրապետության շատ դպրոցներում տեղի են ունենում միջոցառումներ ՝ ի հիշատակ Հայոց եղեռնի 1,5 մլն. անմեղ զոհերի: Այդպիսի մի հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում. Այն կրում էր «Վիշտն՝ անցյալում, պահանջը՝ ներկայում» խորագիրը: Դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր հյուրերով, աշակերտներով և ծնողներով, IX և VIII դասարանների աշակերտները ներկայացրին հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը՝ հուզիչ ու ճաշակով բեմականացմամբ: Իրենց ասմունքով և դերասանական վարպետությամբ աչքի ընկան Տիգրան Սահակյանը (Դ. Հովհաննես «Հավերժական հայը»), Գոհար Խաչատրյանը (Վ. Սարոյանի «Հայը և հայը»), Արտակ Բայաթյանը, Վահե Առաքելյանը, VI դասարանի աշակերտներ Գոռն ու Սիլվան («Զգույշ խոսիր Հայաստանում»): Ֆլեյտայի իր նվագով բոլորին հուզեց Ջեմմա Խալաթյանը: Բեմականացման ամբողջ ընթացքում հնչում էին Կոմիտասի, Եկմալյանի և ուրիշների հոգեպարար մեղեդիները: Ամբողջ միջոցառման ընթացքում կարմիր թելի պես անցնում էր հայ ժողովրդի հավերժության և հայոց պահանջատիրության թեման:
Իր խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը երիտասարդների ուշադրությունը հրավիրեց հատկապես հայրենասիրության վրա: Նա շեշտեց, որ այսօր, ավելի քան երբևէ, մենք կարիք ունենք կրթված, անձնուրաց և հայրենասեր զինվորների, քանզի նրանք են մեր երկրի ապագան, նրանցից է կախված, թե ինչ հայրենիք են ժառանգելու ապագա սերունդները:
Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին և հյուրերին:
Վ.Խ.
Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Բանակ և հասարակություն