ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
-Ռուբենս մեծացել էր հայրիկիս, հորեղբորս պատմություններին ականջալուր,- պատմում է «Արծիվ -13» գումարտակի հրամանատար, Արցախում զոհված Ռուբեն Վաչիկի Եղոյանի մայրը` Թամարա մայրիկը:
-Խնուսից գաղթելիս երկու եղբայր` Կոստան հայրս և Արամ հորեղբայրս գաղթի ճանապարհին կորցնում են իրենց մորը: Չեն էլ հասցնում մոր աճյունը հողին հանձնել, շարունակում են իրենց ճանապարհը: Հայրս եղել է 12 տարեկան, իսկ հորեղբայրս` 8: Ամբողջ կյանքում ցավով էին հիշում, որ իրենց մորը հողին չեն հանձնել, որ մեռած մոր մարմինը դարձել է ցին ու ագռավի բաժին…
Ավագ եղբայրը` Կոստան հայրս, դիմում է Զորավար Անդրանիկի զինակիցներից մեկին և կամավորականների մոտ նրան «աշխատանքի» են ընդունում՝ որպես ձիեր խնամող: Իսկ Արամին, որը 8 տարեկան է եղել, չեն «ընդունում» աշխատանքի՝ տարիքի պատճառով:
Անցնում են օրեր, և Զորավարը նկատում է, որ Կոստանը չնայած քաղցած է մնում, բայց միշտ թաքցնում է իր բաժին ուտելիքի կեսը: Երբ այդ մասին Զորավարը հարցնում է իր զինակիցներին, նրանք պատասխանում են.
-Փաշա՛, երկու որբեր են, մայրը մեռել է գաղթի ճամփին, իրեն ընդունել ենք աշխատանքի, իսկ եղբորը` չէ: Ուտելիքի կեսը հասցնում է եղբորը, որ սովամահ չլինի:
Զորավար Անդրանիկը հուզվում է` լսելով այս պատմությունը: Նա իր մոտ է կանչում հայրիկիս ու գլուխը շոյելով՝ ասում է.
-Եղբորդ բեր, թող քեզ հետ մնա, միասին եղեք, մա՛նչս…
Ամեն անգամ, երբ հայրիկս այս պատմությունն էր պատմում, Զորավարի խոսքերը կրկնելիս ձեռքով անպայման շոյում էր որդուս` Ռուբենի գանգուրները.
-Եղբորդ բեր, միասին եղեք, մա՛նչս…
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Բանակ և հասարակություն