ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ապրիլի 24-ին Երևանում և Ստամբուլում զուգահեռաբար ընթացող միջոցառումները՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները և Գալիպոլիի ճակատամարտի շքերթը հակադրվել են իրար ոչ միայն բովանդակությամբ, մասնակիցների և հրավիրվածների ցուցակներով, այլ նաև իրենց ռազմաքաղաքական և մարդասիրական նշանակությամբ: Եվ եթե թուրքական իշխանությունների կողմից անցկացվող տոնակատարությունը նպատակաուղղված էր ծառայեցվելու պաշտոնական Անկարայի այժմեական նեղ աշխարհաքաղաքական շահերին և նկրտումներին, ապա Հայաստանը հանդես է եկել որպես մարդու իրավունքների իրավացի պաշտպան, ցեղասպանությունների, քսենոֆոբիայի, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ջատագով:
Թուրքական իշխանությունների ժխտողականությունն այս տարի հասել է դրսևորման գագաթնակետին և ստիպել կեղծել նույնիսկ համաշխարհային պատմությունը՝ Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օրը տեղափոխելով ապրիլի 24-ին: Ակներև է, որ նման քայլով Անկարան ձգտում էր շեղել աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից: Սակայն թուրքական այս արկածախնդրությունը մատնված էր պարտության առաջին իսկ օրվանից: Թուրքիայում հաշվի չէին առել, որ միջազգային հանրությունը հավատարիմ է համամարդկային արժեքներին, որ դեռ թարմ է Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի և այլ ցեղասպանությունների հիշողությունը: Միաժամանակ, Գալիպոլիի ճակատամարտին նվիրված այս միջոցառմանը, որը այլ կերպ, քան «շոու» անվանել չի կարելի, մասնակցել են այն երկրների առաջնորդները, որոնք կա՛մ չէին ցանկանում փչացնել հարաբերություններն Անկարայի հետ, կա՛մ ժամանակին եղել են նման հանցագործությունների իրականացնողները:
Այս տեսանկյունից զավեշտալի է Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզի մասնակցությունը տոնակատարությանը: Թերևս Լոնդոնը նման քայլով փորձել է հակադրվել Անտանտի երբեմնի դաշնակից Ռուսաստանին և Ֆրանսիային, որոնց ղեկավարները ժամանել էին Երևան, կամ էլ ռազմաքաղաքական շահերը դրդել են անտեսել նույնիսկ այն փաստը, որ Գալիպոլիի ճակատամարտում զոհվել է բրիտանական կայսրության շուրջ 50 հազար զինվոր: Հատկանշական է, որ 1915թ. Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին նաև Մեծ Բրիտանիան էր, որ դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող ցեղասպան քաղաքականությունը, սակայն Երևանում պաշտոնական պատվիրակությունը ներկայացված էր միայն անգլիկան եկեղեցու հոգևորականների մակարդակով:
Ճակատագրի հեգնանքով՝ տոնակատարություններին մասնակցելուց հրաժարվել են Թուրքիայի երբեմնի դաշնակից պետությունների` Գերմանիայի և Ավստրիայի ղեկավարները: Ավելին, այդ երկու երկրների խորհրդարանները Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես էին եկել համապատասխան դատապարտող հայտարարություններով: Փաստացի, ոչ այնքան պաշտոնական էր նաև ԱՄՆ ներկայացվածությունը՝ դեսպանի մակարդակով, այն դեպքում, երբ Երևան ժամանած ԱՄՆ պատվիրակությունը, որը ղեկավարում էր պետության երրորդ դեմքը համարվող ֆինանսների նախարարը, հատուկ նշանակված էր նախագահ Օբամայի կողմից:
Անդրադառնալով Գալիպոլիի միջոցառմանը, ասենք, որ այն անբովանդակ էր նաև արված հայտարարությունների և ընդունած հռչակագրերի առումով: Թե՛ նախագահ Էրդողանը, թե՛ վարչապետ Դավութօղլուն կրկին անգամ ամբիոնն օգտագործել են հակահայկական, ժխտողականության ոգով հայտարարությունների համար, դրանք համեմելով այն երկրների հանդեպ մեղադրանքներով, որոնք չէին ներկայացել Ստամբուլում կամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ համապատասպան հայտարարություններով էին հանդես եկել:
Ներկայումս Հայաստանից զատ այդ երկրի դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես խզված են Եգիպտոսի, Սիրիայի, Վատիկանի, Ավստրիայի, Իսրայելի հետ: Ժխտողականության այս քաղաքականության հետևանքով արդեն այսօր Թուրքիան սկսել է քաղաքական լուրջ կորուստներ կրել: Նախագահների Երևան ժամանելն ապացուցել է, որ չնայած իրենց միջև ներկայումս առկա խնդրներին, այդ երկրները ոչ միայն հավատարիմ են իրենց երբեմնի դաշնակցային ոգուն, այլ նաև՝ համամարդկային արժեքներին: Ապրիլի 22-ից 23-ը Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովում ընդունված բանաձևով, Ծիծեռնակաբերդում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով Հայաստանը կրկին անգամ վերահաստատեց, որ ցեղասպանությունների դեմ, մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարի առաջամարտիկներից է, որ հայ ժողովուրդը այսուհետ ևս մշտապես կանգնելու է նրանց կողքին, ովքեր տառապել են մարդկության դեմ գործված հանցագործություններից, որ ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է լինելու:
Այդ առումով խիստ կարևոր է Նախագահ Սարգսյանի հետևյալ ուղերձը. «Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին ու նրա զոհերին՝ Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի և արդարության հաղթանակն է անհանդուրժողականության ու ատելության հանդեպ»: Եվ եթե Ստամբուլում փորձում էին աշխարհաքաղաքական ինչ-որ հավասարակշռություն պահպանել, ապա Երևանում՝ փաստել, որ մարդու կյանքից, արժանապատվությունից և ազատությունից այն կողմ ոչինչ գերակա չէ: Ուստի՝ Ստամբուլի և Երևանի միջոցառումներն անհամեմատելի են:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ