ԹԵ ԻՆՉՊԵՍ ՕՍՄԱՆԱՑԱՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿՈՎԿԱՍԸ կամ ԹԱԹԵՐՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՆ
Մոսկովյան հանրահայտ՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին հետաքրքրել է կովկասյան տարածաշրջանի, մասնավորապես՝ Արեւելյան Կովկասի (Ադրբեջանի Հանրապետություն, Դաղստան) ազգային կազմը, այդ տարածքները բնակեցնող բնիկ ազգային կազմավորումների խնդիրները: Քանի որ խոսքը մեր անմիջական հարեւանների մասին է, եւ վերոհիշյալ հարցադրումները կարեւոր նշանակություն ունեն նաեւ մեզ՝ հայերիս համար, մեր թերթի ընթերցողներին ենք ներկայացնում ճանաչված արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ռուսական թերթին տված պարզաբանումների առավել հետաքրքրող հատվածները:
♦ Արևելյան Կովկասի՝ Ադրբեջանի Հանրապետություն և Դաղստան, պատմությունը ամբողջովին ներծծված է Իրանով դեռևս իրանական պետականության սկզբնավորման ժամանակներից սկսած: Բոլոր դեպքերում, մ.թ.ա. 6-րդ դարի սկզբներին արդեն Դարեհ 1-ի իշխանությունը տարածվում էր հիշյալ շրջանների վրա: Իրանական աշխարհի հետ անմիջական շփումները շարունակվել են ընդհուպ մինչև Ղաջարական հարստության օրերը՝ 19-րդ դար: Այնպես որ՝ բազմադարյան սերտ շփումների արդյունքում իրանական ազգային տարրը, ավելի ճիշտ՝ հարավ-արևմտյանը՝ պարսկականը, դարձավ Արևելյան Կովկասի էթնիկ-մշակութային ներկապնակի աչքի ընկնող գույնը:
Շիրվանշահերի պետությունը, հակառակ հարստության արաբական ծագմանը, իր էթնոմշակութային բնութագրով իրանական էր: Այդ իսկ պատճառով էլ Հարավային Կովկասում Շամախին դարձավ պարսկալեզու գրականության և մշակույթի կենտրոնը:
♦ Թալիշների՝ հնագույն կադուսների հետնորդների, բնակության տարածքները հիմնականում ընդգրկել են ներկայիս Ադրբեջանական Հանրապետության հարավային մասը և Իրանի հյուսիսը՝ Գիլանի նահանգը: Իսկ թաթական (դարձյալ իրանալեզու) խոսվածքները սահմանափակվում են Ապշերոնի թերակղզով և Ադրբեջանի կենտրոնական հատվածով: Այդ մասին են վկայում տեղանուններն ու ջրանունները, որոնք այդ հանրապետության հարավում հիմնականում թալիշական ծագման են, կենտրոնական հատվածում՝ թաթական, ինչպես, ասենք, այդ երկրի գլխավոր քաղաքային կենտրոնի՝ Բաքվի անվանումը:
Այնպես որ՝ ամենայն վստահությամբ կարելի է նշել, որ Ապշերոնի թերակղզում, ինչպես նաև հարավային Դաղստանում, Դերբենդում, Մախաչկալայում այսօր ապրող ադրբեջանցիները թրքախոս դարձած թաթ-մահմեդականներն են, որոնք ընդհուպ մինչև 19-րդ դարի սկիզբը խոսում էին դեռևս իրենց մայրենի լեզվով, այսինքն՝ պարսկերենով: Պետք է ասել նաև, որ լեզվի փոփոխությունը տեղի է ունեցել հստակորեն ծրագրված քաղաքականության շնորհիվ, որը իրականացել է ներկայիս Ադրբեջանի, Խորհրդային Ադրբեջանի, ինչպես նաև ցարական Ռուսաստանի քաղաքական ղեկավարության միջոցով: Անդրկովկասի՝ Ռուսաստանին միանալուց հետո ցարական իշխանությունը վարում էր (ժողովրդի գիտակցությունը օսմանիզացնելու միջոցով), տարածաշրջանը իրանական մշակութային կողմնորոշումից հեռացնելու քաղաքականություն: Այդ պատճառով էլ տեղաբնիկ իրանալեզու և կովկասալեզու ազգությունների մեջ բոլոր հնարավոր ձևերով ներդրվում էր թյուրքերենը և պայմաններ ստեղծվում դրա տարածման ու ամրակայման համար:
♦ Ինձ համար ուղղակի հայտնություն էր Ադրբեջանում բնակվող թաթերի ազգային ինքնագիտակցության բուռն վերելքը, որ նկատվում է վերջին ժամանակներս: Խոստովանեմ, մինչ այդ ես թաթերին համարում էի ազգային ինքնագիտակցության տեսակետից «հանգած» էթնիկ տարր: Պարզվում է՝ ո՛չ, ազգային ոգին անթեղված է եղել թաթերի հոգու խորքում՝ բարենպաստ «եղանակի» սպասումով: Ըստ երևույթին, թաթերի վերջին ժամանակների քաղաքական աշխուժությունը հիմնականում պայմանավորված է թալիշական ազգային-ազատագրական շարժման վերածնունդով:
♦ Երևանում «Կովկաս-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտ» ստեղծելն ու ունենալը եղել է իմ վաղեմի երազանքը: Մանրամասների մեջ չխորանալով՝ ասեմ, որ սա հերթական վերլուծական կենտրոնը չէ բնավ, այլ հենց զուտ ակադեմիական ինստիտուտ, որը զուգահեռ զբաղվում է նաև կիրառական խնդիրներով: Բազում ծրագրեր ունենք, որոնցից մեկը ռուսերենով «Կովկաս-Կասպիականի բանբեր» միջազգային գիտական տարեգրքի և «Կովկաս-Կասպիականքի» փոքրածավալ մենագրությունների շարքի հիմնումն է, որոնք արդեն իսկ լայն արձագանքի ու դրվատանքի են արժանացել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային գիտական շրջանակներում:
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Տարածաշրջան