Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԽՏ ՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ



Սուրիկ եղբայրս կնոջ՝ Վարդուշի հետ Դաշքեսանի Խաչակապ գյուղի մեր հայրական տանն էր: Օր օրի սպասում էինք եղբորս առաջնեկին: Լարված օրեր էին: Սումգայիթի, Բաքվի ջարդերից հետո օդը լցված էր ատելությամբ: Երբ հարսիս ծննդաբերության ցավերն սկսվեցին, մի կերպ հասցրինք Դաշքեսանի հիվանդանոց, որտեղ չկարողանալով օգնություն ցուցաբերել, խորհուրդ տվեցին հասցնել Գանձակ՝ Կիրովաբադ,- պատմում է Վալյա Մալխասյանը,- Աստծո կամքով, մեծ դժվարությամբ, բարի մարդկանց օգնությամբ մի կերպ տեղ հասանք: Դաժան օրեր էին, ուշ ժամ էր: Ադրբեջանցի մանկաբարձուհիները երբ իմացան, թե որտեղից եւ ինչպես ենք եկել-հասել, զարմանքից քար կտրեցին. «Ճանապարհին ո՞նց չեն բռնել, ի՞նչ բախտ ունեք», «Հայ մանկաբարձները մեր կանանց, երեխաներին շատ են օգնել: Էս խառը օրերին ափսոս թողին-հեռացան: Մենք նրանց արածը ո՞նց մոռանանք»: Ծննդատան պատուհանները ծածկեցին վարագույրով, որ դրսից ոչինչ կասկածելի չթվա, ու դժվարությամբ, մեծ չարչարանքով ծնվեց եղբորս առաջնեկը՝ Արմենը: Չեմ կարող երախտագիտության խոսք չասել ադրբեջանցի այդ կանանց հասցեին, ովքեր վտանգելով կյանքը, օգնեցին մեզ:
Երբ սկսվեցին Գանձակի (Կիրովաբադ) ջարդերը՝ Վարդուշ մայրը երեք ամսական Արմենի հետ ուղղաթիռով եկավ Վարդենիս: Անցան պատերազմական օրերը, եղբայրս ունեցավ եւս երեք զավակ՝ Անդրանիկ, հետո Նարեկ ու Գեւորգ զույգերը: Ապրում են Բյուրեղավանում: Երբ հասավ Արմենիս զինվոր դառնալու տարիքը, մեկնեց ծառայության սահմանային զորամաս: Մովսեսի դիրքերում զոհվեց ադրբեջանցի նշանառուի գնդակից…
Ինչ ճանապարհ, ինչ կարճատեւ կյանք, ինչ բախտ ու ճակատագիր…
Այդ կույր գնդակը գուցե իր ծնունդը ընդունած ազերի մանկաբարձուհու որդու արձակածն էր՝ ինչ իմանաս…
Հուղարկավորված է Բյուրեղավանի գերեզմանատանը: Բյուրեղավանի դպրոցում, որտեղ սովորել էր Արմենս, հիմա նրան նվիրված անկյուն կա…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Հոգևոր-մշակութային


12/05/2011