Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մենք ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ կառուցողական երկխոսության



Հայաստանը նախապայմաններ ԱՌԱՅԺՄ չի առաջադրում

Հատվածներ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի թուրքական «Հյուրիեթ» պարբերականին տված հարցազրույցից

♦ Իմ իսկ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին զմռսված սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը:

♦ Ցավոք, Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը: Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին հերթին Հայաստանը կարող է նախապայմաններ ներկայացնել, բայց մենք, առաջնորդվելով տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ձևավորման տեսլականով, առայժմ դա չենք անում:

♦ 6 տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք:

♦ Ինչպես մենք չենք փակել հայ-թուրքական սահմանը, այնպես էլ մենք չենք փակել հաշտեցման դուռը: Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով ցավոք կորցրինք ընձեռված հնարավորությունը մեր ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հարցում:

♦ Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսվելու և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու, ինչպես նաև հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կերտման տեսլականով առաջնորդվելու դեպքում մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության:

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ռազմաքաղաքական


30/04/2015