ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԵՐԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Բալխաշ քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում սկսվել են հանրապետության ռազմաօդային ուժերի, ռազմական ավիացիայի թռիչքային անձնակազմերի հավաքներ:
Հավաքների նպատակն է անձնակազմերի նախապատրաստումը խմբային թռիչքների: Նրանք պետք է իրականացնեն ձևավորված շարասյունային թռիչքներ Հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթի ընթացքում:
Հարկ է նշել, որ հավաքների ժամանակ չվերթներն իրականացվում են մի քանի ինքնաթիռներից կազմված խմբերով, ցածր բարձրությունների վրա, այնպիսի պայմաններում, որոնք առավել նույնական են շքերթի ժամանակ ակնկալվող պայմաններին: Նմանատիպ չվերթների ժամանակ օդաչուներին տրվում է հնարավորություն զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները:
♦♦♦
Բելառուսի զինծառայողները եռանդուն պատրաստվում են Մինսկի կայազորի առաջիկա տոնական շքերթին: Արդեն անցկացվել են մի քանի մարզումներ: «Մեր հիմնական խնդիրն է ապահովել շքերթի մեխանիզացված շարասյան որակյալ ուսուցումը, որպեսզի նրանք կարողանան Հաղթանակի օրը Մինսկի բնակիչներին և հյուրերին ցույց տալ իրենց ռազմական ողջ վարպետությունը»,- նշել է հյուսիսարևմտյան օպերատիվ հրամանատարության գեներալ-մայոր Անդրեյ Նեկրաշևիչը: Իհարկե, շքերթի ընթացքում ամենայուրահատուկն ու տպավորիչը կլինեն Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի ռազմական տեխնիկան, ինչպես նաև նորագույն նմուշները, որոնք շուտով կմատակարարվեն հանրապետության զինված ուժեր: Հատկանշական է, որ Հաղթանակի շքերթը կանցկացվի տարածաշրջանային խմբավորման զորքերի կազմում գտնվող ռուս զինծառայողների հետ համատեղ և կդառնա առավել ընդգրկուն: Միայն մեխանիզացված շարասյան կազմում բելառուսական կողմից կլինի շուրջ 210 միավոր տեխնիկա և 600 զինծառայող: Ռուսական զինված ուժերից շարասյան կազմում կլինի շուրջ 50 միավոր տեխնիկա և 120 զինծառայող:
Թարգմ. Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Ռազմական