Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ



20 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 4-ին ՀՀ կառավարությանը կից ստեղծվեց Պաշտպանության կոմիտե (Պաշտկոմ)։ Պաշտկոմին թույլատրվել էր ունենալ 45 աշխատող (առանց սպասարկման անձնակազմի), առաջարկվել էր կառուցվածք՝ ղեկավարություն, գլխավոր շտաբ, էկոնոմիկայի եւ տեխնիկայի վարչություն, կադրերի բաժին։ Ներքին հրամանով գլխավոր շտաբում ստեղծվել էր օպերատիվ վարչություն՝ 2-րդ կամ հետախուզական բաժին, մարտական եւ արտազորային պատրաստության բաժիններ, իսկ էկոնոմիկայի եւ տեխնիկայի վարչությունում՝ էկոնոմիկայի, տեխնիկայի եւ սպառազինության բաժիններ եւ ֆինանսական բաժանմունք։
Պաշտկոմի գլխավոր խնդիրն էր համախմբել բազմաթիվ, ինքնուրույն, հայրենասիրական ոգով տոգորված ինքնապաշտպանական ջոկատները (ԻՋ), 1990թ. սեպտեմբերին ՆԳՆ ստեղծված հատուկ գունդը եւ հինգ հատուկ վաշտերը, կուսակցությունների ռազմականացված ստորաբաժանումները եւ դրանք բոլորը ղեկավարել մի կենտրոնից։ Ի սկզբանե ոչ բոլորն էին համաձայն այդ գաղափարին՝ չէին ուզում կորցնել ձեռք բերած համբավը, ինքնուրույնությունը, բայց հետագայում հաղթեց ողջախոհությունը։
Մայիս-հունիս ամիսներին Պաշտկոմի հանձնաժողովները աշխատեցին ՀՀ հարավային եւ հյուսիսային սահմանամերձ շրջաններում, ուսումնասիրեցին եւ գնահատեցին ԻՋ դիրքերի ընտրությունը, ինժեներական կառույցները, մասնագետները անցկացրին պարապմունքներ եւ ցույց տվեցին համապատասխան օգնություն, ծանոթացան հրամանատարների հետ, լսեցին նրանց առաջարկությունները։ Կազմվեց համընդհանուր պլան եւ ներկայացվեց առաջարկություն ՀՀ կառավարությանը՝ դիրքերում հերթապահությունը կազմակերպելու եւ ԻՋ-երի թիկունքային ծառայությունները, տեխնիկասպառազինական հարցերը կազմակերպելու եւ հոգալու մասին։ Ամենօրյա կապը դիրքերի եւ սահմանամերձ շրջանների հետ հնարավորություն էր տալիս ընդունել ճիշտ որոշումներ եւ շտկել սխալները։
Շատ բարդ ներքաղաքական իրավիճակի եւ պատերազմական գործողությունների պայմաններում Պաշտկոմը իր ներդրումն ունեցավ ազգային միասնության, կայունության ապահովման գործում։ Համակարգվեցին աշխատանքները զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների, պատանդ վերցվածների ընտանիքների հետ։ ԻՋ-ից, ԶԿ-ից, տեղական մարմիններից հավաքագրվեցին եւ ի մի բերվեցին բոլոր տվյալները, ներկայացվեցին առաջարկություններ լուծման համար։
Պաշտկոմ էին դիմում սահմանամերձ բնակավայրերի ղեկավարները՝ Արծվաշենից, Տավուշի շրջանի Այգեպարից, Գորիսի շրջանի Վաղատուրից, Մեղրիից եւ այլ բնակավայրերից, խնդրում ուժեղացնել պաշտպանությունը, վերացնել անասնագողությունը, պայմաններ ստեղծել բերքահավաքի համար։
Համատեղ, կոորդինացված աշխատանքները հանրապետական զինկոմիսարիատի եւ այլ կառույցների հետ հնարավորություն ընձեռեցին ստեղծելու հայ սպաների ցուցակը ամբողջ ԽՍՀՄ-ում՝ խմբավորելով ըստ մասնագետների եւ զորատեսակների, ինչը հետագայում օգտակար եղավ պաշտպանության նախարարության կազմավորման ժամանակ։ 7-րդ գվ. բանակի շտաբի միջոցով կայուն կապ ստեղծվեց ՌԴ գլխավոր շտաբի, գլխավոր կադրերի վարչության, նախկին հանրապետությունների զինկառույցների հետ, լուծվեցին մի շարք անհրաժեշտ հարցեր, ԲՌՈՒՀ-ում սովորող հայ երիտասարդները կանգնած էին հեռացման շեմին՝ կենտրոնից ֆինանսավորումը դադարեցվել էր։ Պաշտկոմի շնորհիվ այդ պրոբլեմները շտկվեցին՝ մինչեւ նոր միջպետական համաձայնագրերի կնքումը։ Հետագայում մի շարք գեներալներ եւ սպաներ վերադարձան ՀՀ եւ մասնակցեցին ԶՈՒ ստեղծմանը եւ հզորացմանը։
Բազմաթիվ հրատապ խնդիրները լուծելու համար Պաշտկոմը գործուղում էր անհրաժեշտ պահեստի սպաներ եւ մասնագետներ, որոնց թվում էին փոխգնդապետ Սեյրան Աթանեսյանը Ալավերդուց, գիտաշխատող սակրավոր ավագ լեյտենանտ Արա Մուրադյանը ԳԱ-ից, փոխգնդապետ Ռոստոմ Մկրտումյանը, փոխգնդապետ հրետանավոր Հայկ Մանուկյանը եւ ուրիշներ։
Հիմք ընդունելով այլ հանրապետություններում գործող օրենքները՝ Պաշտկոմում մշակվել էին ՀՀ մի շարք օրենքների նախագծեր եւ ներկայացվել Գերագույն խորհրդի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովին. «Զինապարտության մասին», «Պաշտպանության մասին», «Սահմանի մասին» եւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքների նախագծերը։
ՀՀ կառավարության 28.01.1992թ. որոշման համաձայն՝ Պաշտկոմը լուծարվեց, նրա հաշվեկշռի ֆինանսական միջոցները, տեխնիկան, սպառազինությունը ու նյութական միջոցները փոխանցվեցին նորաստեղծ պաշտպանության նախարարությանը։
ՀՀ կառավարության 13.12.1993թ. որոշման համաձայն՝ բոլոր սպաների համար, որոնք շարունակել են ծառայությունը ՊՆ եւ ԶՈՒ կազմում, Պաշտկոմում աշխատած ժամանակը համարվում է զինվորական ծառայություն։
Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) 50-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով Պաշտկոմի 44 անդամ եւ ԻՋ-ի 34 հրամանատարներ եւ շտաբի պետեր պարգեւատրվել են հուշամեդալներով։

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Պատմության էջերից


12/05/2011