Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԼԱՆՉԻՆ



Թուրքերի հետախուզությունը ճշտել էր ջոկատների հերթափոխության ժամերը: Ճիշտ է, նրանք անընդհատ կրակում էին հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն կրակն ուժեղանում էր հատկապես այդ ժամերին: Արկերի պայթյուններից բլուրն օրորվում էր, ցնցվում` կարծես երկրաշարժ լիներ, բայց տղերքը շան տեղ չէին դնում: Նրանք իրենց փորձից գիտեին, որ բլրի գագաթին խփելը համարյա անհնարին բան էր. արկերը կա՛մ բլրից առաջ էին պայթում, կա՛մ հետ: Հանգիստ, առանց շտապելու հերթապահող ջոկատի տղերքը դուրս էին գալիս խրամատներից, հավաքում զենք-զինամթերքը, գիշերվա համար հետները վերցրած տաք հագուստը, աման-չամանը ու գնում հանգստի: Նրանց փոխարինողները նույնպես հանգիստ, ծիծաղելի պատմություններ պատմելով, կատակելով ու ծիծաղելով, գրավում էին դիրքերը, զենքերը տեղադրում:

Այս անգամ նրանց ուրախության առարկան ավտոմեքենայի վարորդն էր, որը բարձունքի ստորոտից առաջ չեկավ, եւ իրենք ստիպված էին մնացած ճանապարհը ոտքով անցնել: Մեկ շաբաթվա համար սննդի պաշարով, զենք-զինամթերքով բեռնավորված, դժվար էր այդ ճանապարհն անցնելը, բայց ամբողջ ընթացքում կատակում էին, տնքալով, վարորդին հայհոյելով առաջ շարժվում:

Վարորդը ջոկատից չէր: Արցախ մեկնելուց մեկ օր առաջ գնացին մոտակա ավտոպարկից մեքենա վերցնելու: Պետը համաձայնեց, բայց ասաց, որ պետք է վարորդը գա հետները: Սկզբում զարմացան, որ վարորդն իր կամքով կռվի դաշտ էր գալիս, բայց երբ գաղտնիքը բացվեց, զարմանքը վերածվեց ուրախության: Այդ օրերին Քարվաճառի շրջանը նոր էր ազատագրվել: Հեքիաթանման պատմություններ էին պտտվում մայրաքաղաքում Քարվաճառի աննկարագրելի հարստությունների մասին:

Պետը վարորդին ասել էր. «Մեքենան կլցնես ու ետ կգաս»: Իսկ բանից անտեղյակ, հարստանալու հնարավորությունից ոգեւորված վարորդը «փստացրել» էր այդ մասին: Մինչեւ Արցախ հասնելը տղերքը «քեֆ» էին անում, ծիծաղում, միամիտ վարորդին տարբեր պատմություններ պատմում գրաված թուրքական գյուղերի ու իրենց թալանի մասին: Վարորդի անունն էլ կնքել էին «Թալանչի»:

Առաջին օրը, երբ պատրաստվում էին մեկնել դիրքերը, դեռ վարորդը չէր պատկերացնում գլխի գալիքը: Հեռվից միայն պայթյունների որոտն էր լսվում: Սակայն դիրքերին մոտենալով` ընկան կրակի տակ: Արկերը պայթում էին բոլորովին մոտ: Ոչ ոք չէր կարող գուշակել, թե ե՞րբ, ո՞ր արկը կարող էր ընկնել մեքենայի վրա:

Խցիկում, վարորդի կողքին նստած հրամանատարը տեսավ նրա դեմքին հայտնված վախը, մտածեց` սա էլ զինվորացու չէ: Այդպիսիններին էլի էր տեսել` եկել էին ու մի քանի օր հետո վերադարձել Երեւան: «Սրանից էլ բան դուրս չի գա»,- ասաց ինքն իրեն:

Հրամանատարը դեռ մտքերի մեջ էր, երբ հանկարծ վարորդն արգելակեց մեքենան ու կրծքով ընկավ ղեկին:

-Հը՞… ի՞նչ պատահեց, – հարցրեց հրամանատարը:

-Չէ՛…,- վարորդը վախեցած աչքերով նրան էր նայում:

Հասկացավ, որ համոզելն անիմաստ է:

Ստիպված էին իջնել մեքենայից: Կատակում էին, ձեռք առնում:

-Բա թալա՞նը… խալինե՞րը…,-փռթկացնում էին,- պետդ քեզ գործից կհանի, ա՛յ ախպեր:

Վարորդը կծկված, մի բուռ դարձած, մեղավոր հայացքով նայում էր քրքջացող տղերքին:

-Կգնաս, հրետանու մոտ կմնաս,- խիստ, կոշտ ձայնով ասաց հրամանատարը:

Բեռնավորված ջոկատը շարժվեց դեպի բլրի գագաթը: Թալանչու բախտն անընդհատ չէր բերում: Երկրորդ օրը տղերքից մեկը վիրավորվեց: Ստիպված էին շալակած ցած իջեցնել բլրից: Վիրավորն արնաքամ էր լինում, ցավերին չէր դիմանում: Համարյա վազում էին: Կատակը փոխարինվել էր հայհոյանքով: Հայհոյում էին Ցռան Վերգոյին ու վազեցնում ցավերից տնքացող վիրավորին:

Հրամանատարն ասաց.

-Ա՛յ ախպեր, քո պատճառով քիչ էր մնացել մեր ընկերը մեռներ: Ուրեմն` կամ գալիս, մնում ես դիրքերում, կամ մեքենան հանձնում ես մեզ, վերադառնում Երեւան:

Թալանչին չուզեց թողնել մեքենան: Ինչ-որ տեղ նաեւ հույսը չէր կորցնում, թե ազատ օր կունենան, կգնան հեքիաթային հարստությունների քաղաք Քարվաճառ, եւ բարձած մեքենայով կվերադառնա պետի մոտ:

Մեքենան կանգնեցրին մի ապահով տեղ: Հրամանատարը վարորդին ուղարկեց հապշտապ կառուցված հյուղակ, որտեղ հանգստանում եւ քնում էին գիշերը հերթապահած մարտիկները: Հապշտապ կառուցված հյուղակը մի կերպ պաշտպանում էր արեւից ու անձրեւից, բայց տանկի կամ հրանոթի արկի դեմ անզոր էր: Ննջացող մարտիկները մի աչքը կիսաբաց անելով` ժպտացին անկյունում կծկված Ցռան Վերգոյին ու էլի խռմփացրին: Մի քանի ժամից հրետակոծությունը սաստկացավ: Քարվաճառի ուղղությամբ հակահարձակման փորձ անող իրենց ստորաբաժանումներին օգնելու համար թուրքերը նոր գրոհի էին պատրաստվում: Ջոկատի մարտիկները խրամատներում նստած սպասում էին հրետանային նախապատրաստության ավարտին:

Հրամանատարը հանկարծ հիշեց վարորդին, նրա վախից դուրս չռված աչքերը ու դուրս թռչելով խրամատից, վազեց դեպի հյուղակը: Երբ կռանալով ներս մտավ, տեսավ ծնկած, սարսափից դողացող վարորդին: Կարծեց, թե վախից խելքը գցել է: Գիշերվա արթուն հերթապահությունից հոգնած` տղերքը հանգիստ, անվրդով խռմփացնում էին:

Բլուրն ամեն պայթյունից հետո ցնցվում էր, կարծես ուր որ է` ոտքիդ տակից փախչելու էր: «Իսկ էս անդարդները խռմփացնում են»,- ժպտաց հրամանատարը,- ես ձեր անդարդ ցավը տանեմ»: Հրեց, արթնացրեց նրանց, ապա բռնելով վարորդի ձեռքից, կանչեց.

-Վազիր ինձ հետ… խրամատում ավելի ապահով է:

Վազեցին դուրս:

Վարորդը երկար ժամանակ լուռ կծկված էր խրամատում: Երբ հրետակոծությունն ավարտվեց, թուրքերը գրոհեցին:

Երեկոյան կողմ ամեն ինչ ավարտվեց: Թուրքերը մի քանի զոհ տալով՝ նահանջեցին: Խաղաղություն իջավ: Ջոկատի մարտիկները պատմում էին կռվի մանրամասները, գլուխ գովում, ծիծաղում, միմյանց ձեռք առնում:

Վարորդի կապ ընկած լեզուն նույնպես բացվեց.

-Հրամանատա՛ր, խնդրում եմ, ինձ տուն ուղարկիր: Մեքենան ձեզ մնա, միայն թե` թող ես գնամ…

-Բա թալա՞նը,- փռթկացրին տղերքը:

-Զանգիր շեֆիդ, թող գա, միասին կգնաք Քարվաճառ: Ափսոս ա էդ հարստությունը կորչի իզուր,- ասում էին ու ծիծաղում:

Թուրքերն իրենց մեռելներին էին քարշ տալիս: Իսկ իրենք ո՛չ զոհ ունեին, ո՛չ վիրավոր: Ու դրանից երջանիկ էին:

Թալանչին դափ-դատարկ վերադարձավ Երեւան: Իսկ տղերքը կատակելու լավ թեմա ունեին: Կռվում էին, վիրավորվում, զոհվում, բայց կատակն անպակաս էր: Երկար ժամանակ հիշում էին Թալանչի Ցռան Վերգոյին ու քահ-քահ ծիծաղում:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Հոգևոր-մշակութային


07/05/2015