ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Մանկության տարիներին մեր տանը երեխաների համար ամենաարգելված իրը հայրիկի պատերազմական օրագիրն էր: Ընդամենը մի քանի անգամ է հայրս մեզ ցույց տվել իր օրագիրն ու պարգեւները եւ կցկտուր ինչ-որ բաներ պատմել: Այդ րոպեները մեզ համար շատ խորհրդավոր էին, բայց եւ անհասկանալի, քանի որ նրա պատմությունները ժլատ էին ու կիսատ: Հիմա եմ հասկանում, որ պատերազմական ապրումները դեռեւս թարմ էին նրա հոգում, եւ նա չէր ցանկանում իր երեխաներին սարսափեցնել դրանցով, իսկ գեղեցկացնել ու քաղցրացնել` չէր կարող բնավորության բերումով: Նա իր քչախոսությամբ ու զսպվածությամբ մանկուց մեր մեջ սերմանեց պարտքի եւ պատասխանատվության զգացում:
Հիշում եմ նաեւ, որ 60-ականներին Երեւանի Արվեստի աշխատողների տանն ինչ-որ պատերազմական ֆիլմի ցուցադրություն էր: Այնքան զվարճալի էր, այնքան ծիծաղեցինք: Իսկ հայրս դժգոհ էր. «Պատերազմում ծիծաղելի չէ՛ր… մենք մահվան հետ էինք կռիվ տալիս»: Անշուշտ, տարիների հետ հասկացանք նրա դժգոհության պատճառները: Տարիքի հետ ծնողներիդ կյանքին սկսում ես նայել ոչ թե որդիական դիրքերից, այլ դիտարկում ես այն որպես առանձին մարդկային ճակատագիր: Ապրածդ տարիներն են ստիպում համեմատել քեզ՝ անհոգ 18 տարեկանիդ նույն տարիքի զինվոր հորդ հետ: Երբ լրացել էր եղբորս 18 տարին, նա հարցրել էր հորս` «Ի՞նչ էիր դու ուզում 18 տարեկանում»: Նա պատասխանել էր. «Ցեխաջրի մեջ վիրավոր պառկած` մի կում սառը ջուր էի երազում»:
Հայրս մեզ հետ չէ արդեն 14 տարի: Եվ հիմա իմ ձեռքերում է այդ խորհրդավոր օրագիրը: Գրառումները հայրս սկսել է 1945թ. հուլիսի 22-ից, Չեխոսլովակիայում, Պրահայից 45 կմ հեռավորության վրա գտնվող Չեռնոկովիցա գյուղում: Համառոտ այսպիսին է նրա մարտական ուղին. 18-ամյա Սամվել Աբելի Իվանյանին զորակոչել են իր հարազատ Զանգեզուրից, 1943թ. հոկտեմբերի 2-ին (նրա հայրը ռազմաճակատում էր 1942թ.-ի սկզբից): Դիլիջանի պահեստային գնդից դեկտեմբերի 25-ին ներգրավվում են հրետանային դիվիզիա, փետրվարի 12-ին արդեն Զապորոժիեում էր, իսկ մարտի 7-ին առաջին անգամ վիրավորվել է… (Մինչեւ հիմա աչքիս առաջ է բեկորային վնասվածքից մնացած հսկայական սպին նրա գոտկատեղին… Այդ սպին ինձ համար պատերազմի դեմքն է): Մանրամասներ կան սակրավորի՝ Ղրիմից Եվրոպա անցած ուղու եւ հոսպիտալների մասին: 1945թ.-ի մարտի 12-16-ը նա մասնակցում է լեհական Ռիբնիկ քաղաքի ազատագրմանը, մայիսի 1- 4-ը գտնվում է Բեռլինից 45 կմ հեռու, իսկ Հաղթանակի լուրը լսում է Դրեզդենում:
Կարո՞ղ էր արդյոք պատկերացնել 20-ամյա ազատարարը, որ 30 տարի անց կդառնար Ռիբնիկի պատվավոր քաղաքացի: Հազիվ թե: Օրագրում ապագայի մասին ոչ մի բառ չկա: Գրառումները միայն այն մասին են, թե ինչ հրամաններ են ստացել եւ ինչպես են դրանք իրականացրել, ինչպես են ականապատել ու ինչպես ականազերծել, ինչպես էին ամեն տեղից սուլոցով թռչում գնդակներն ու արկերը, ինչպես էին աչքի առաջ զոհվում մարտական ընկերները, ինչպես էին կատարում ամենօրյա ծանր շինարարական-վերականգնողական աշխատանքները, որոնց համար շքանշաններ չեն շնորհում, բայց որոնք, ըստ էության, պատերազմի ամենաանբաժան մասն են:
Օրագրում գրված է նաեւ, թե ինչպես էին մարտի ժամանակ ռազմական գործին անտեղյակ պատանիներն իրենք իրենց համար գոյատեւման կանոններ մշակում. «Պետք է ո՛չ վախենալ, ո՛չ էլ վախը մոռանալ…», որ ներսումդ նստած մարդը թույլ չի տալիս մոռանալ, որ ռազմագերին նույնպես մարդ է, եւ հանձն ես առնում նրանց թիկունք ուղեկցել ամեն տեղից սուրացող գնդակների տակ, թե ինչպես են առավոտյան հարձակման համար գիշերային ականազերծումն իրականացնող սակրավորներ Իվանյանը, Միկոլայչուկը եւ Խիլչենկոն մթության մեջ անցնում թշնամու պաշտպանական գիծը եւ հազիվ են կարողանում վերադառնալ երկու կողմերի խաչաձեւ կրակահերթերի տակ. «Սողում էինք, ինչպես սատանա…՛»:
Շատ վառ պատկերացնում եմ հարձակումից առաջ հորս նկարագրած հրետանային նախապատրաստության պատկերը. «Առավոտյան ժամը 6-ին արկերը շրմփացին… պայթյուն, ծուխ, փոշի: Թվում էր, թե ոչ մի մարդ չի կարող փրկվել: Բայց եւ հետաքրքիր էր նայել, թե ոնց են դեռ չլուսացած օրվա մթնում արկերը թռչում լուսավոր պոչերով եւ ինչպես էին պայթում… մեկը պայթեց, իսկ մյուսը՝ ավելի ահեղ, երրորդը` ավելի…. 7-8 րոպեից վերջացավ «արտպոդգոտովկան», եւ սկսեցին երգել գնդացիրները, ինչպես երկու սիրահարներ այգու զանազան կողմերից…»:
Ինչ խոսք, գեղեցիկ է գրել… Ահա մի դրվագ. «Մեր հետեւում շոսսեն էր, համարյա փակ էր ճանապարհը: Երկու կողմերի ծառերը բեկորներից կոտրատված, թափված էին ճանապարհին… ափսոս էին»: Եվ կամ. «Մենք գտնվում էինք Բենեշեւից 1,5 կմ հեռու մի լճի մոտ: Լճի մոտ` պալատ: Էնտեղ ապրել էր չեխ թագավորը: Լավ էր կառուցված, մեծ այգի ուներ, լավ արձաններ, վարդեր, ինչքան ուզես»: Հայրս միշտ էլ սիրում եւ գնահատում էր գեղեցիկը: Երբեմն նրան հարցնում էինք. «Ինչո՞ւ բժիշկ դարձար: Դու իսկական գրականության մարդ ես»: Պատասխանում էր. «Էդքան վերքերով՝ դառնալու էի բժիշկների մշտական այցելուն… Ավելի ճիշտ էր ինքս բժիշկ դառնայի»:
Մեր սիրելի տոնը՝ մայիսի 9-ը, նշում էինք որպես հորս երկրորդ ծննդյան օր: Եվ հիշում եմ նաեւ, թե ինչ ամոթ էինք զգում հորս առաջ, երբ անկախության առաջին տարիներին մի քանի տարով «չեղյալ համարեցին» Հայրենական պատերազմի Հաղթանակի օրը… Հիշում եմ, թե ինչ տարակուսանքով էր հայրս վերաբերվում այն փաստարկներին, թե իբր, դա մեր ազգային պատերազմը չէր, եւ «իզուր եք դրան մասնակցել»: Փառք Աստծո, ուշքի եկան եւ վերականգնեցին տոնը: Խե~ղճ, խե~ղճ մեր հայրերի սերունդ… Ներե՛ք մեզ, մեր հայրե՛ր, որ մեզ պատուհասած գազանա-բազարային կապիտալիզմի պայմաններում չկարողացանք ապահովել ձեր խաղաղ ու արժանապատիվ ծերությունը, ինչի մասին հաստատ երազել էիք խրամատներում եւ յուրաքանչյուր հաղթական մարտից հետո:
Օրագրում հայրս գրել է պատերազմի մասին, ամեն տուն ներխուժած եւ միլիոնավոր ճակատագրեր խեղած պատերազմի մասին: Նրա պարգեւները բավական ծանրակշիռ են՝ «Կարմիր աստղի» շքանշան (19-ը սեպտեմբերի 1945թ.), «Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի» եռամեդալ…
Իսկ ամենամեծ պարգեւը Հաղթանակն էր:
Եվ քանի դեռ ապրում են իմ հասակակիցները, որոնց հայրերն առնականացել են արկերի սուլոցների տակ, Հայրենական պատերազմը կընկալվի որպես սեփական ցավ: Եվ եթե նույնիսկ ծերության տարիներին հիշողության կորստից մոռանանք՝ ով ում հետ էր կռվում եւ ինչի համար, արյունը թույլ չի տա մոռանալ, որ քո հայրն էլ է մասնակցել այդ կռվին: Եվ հարգելով քո հորը՝ երբեք չես մոռանա նրա պատերազմն ու նրա Հաղթանակը:
Լիա ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում