ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԻ ԳՐՔՈՒՄ
«Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանին հանդիպեցի իր աշխատասենյակում, որն ավելի շատ պատկերասրահ էր հիշեցնում՝ գրքերով ու կտավներով: Առաջին իսկ հայացքից զգացվում է մտավորական տիրոջ շունչը, որովհետեւ գրքերն իրենց ներկայությամբ այդ են հուշում եւ նաեւ խոսում են, որ հեղինակողը, լույս ընծայողը հայրենասեր մի անհատ է, որի խոնարհ լռությունը իրենց վկայությամբ դարձնում են աղաղակող: Մ. Բարխուդարյան՝ «Արցախ», Ս.Սարգսյան՝ «Հայկական բանակ», «Հայուհիներ» (2 հատորով), «Հայկազունք»: Հայազգի զորավարներին նվիրված գրքերն անչափ շատ են, եւ դժվար է թվարկել բոլորը: Եվ սակայն բոլորն էլ տպագրված են մի համոզմունքով՝ մոռացության քողից վեր հանել եւ ընթերցողի (նաեւ ռուսալեզու) սեղանին դնել մեր մոտ ու հեռավոր անցյալի պատմությունները: Այցիս նպատակն է լուսաբանել հարգարժան հեղինակի Մեծ Հայրենականի 70-ամյակի նախաշեմին տպագրած «Герои Армяне» ստվարածավալ գիրքը: Սա եզակի մի աշխատություն է, որն այժմ դրված է ընթերցողի սեղանին:
Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը՝ թերթելով գիրքը, զարմանք-հիացմունքով հեղինակին ասել է. «Կեցցե՛ս, Արկադի՛, դու մնայուն գործ ես կատարել: Այս ծավալի աշխատանք մի ամբողջ գիտական հիմնարկ այդքան սուղ ժամանակում դժվար թե գլուխ բերեր: Այս գիրքը նույնպես վկայությունն է, որ մեր պատմության ընթացքում մեծ է եղել անհատի դերն ու նշանակությունը»:
Շնորհավորում ենք հեղինակին այս գրքի լույսընծայման համար: Եվ մինչ իրեն լսելը, ուզում եմ մեջբերել Ավետիք Իսահակյանի այս խոսքերը.
-Մեր հոյակապ մութ խուցերի մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով եւ տքնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն…
-Չորս տարի առաջ հրատարակեցինք «Հայուհիներ» երկհատորյակը: Այն հին ժամանակներից մինչ մեր օրերը մեծ ճանաչում ունեցող աշխարհով մեկ սփռված հայուհիների մասին է: 12 բաժնից բաղկացած գրքի առաջին հատորը ներառում է դիցուհիներ, սրբեր, պետական, հասարակական, ռազմական գործիչներ, գիտության, գրականության բնագավառի ներկայացուցիչներ: Իսկ երկրորդ հատորում՝ արվեստի, մարզաշխարհի կանայք են: Այս գրքի գոյությունն էլ ինձ հուշեց այս գաղափարը. մեր բոլոր հերոսներին հավաքել մի գրքում: Առանձին հերոսների մասին գրքեր կան, ինչպես, օրինակ՝ «Հայաստանի ազգային հերոսներ» (հեղ.՝ Ավագ Հարությունյան) եւ «Արցախի հերոսներ» (հեղ.՝ Սենոր Հասրաթյան): Բացակայում էին խորհրդային ժամանակաշրջանի հերոսները, աշխարհի տարբեր երկրների բարձրագույն պարգեւի ասպետները, 3 աստիճանի մարտական փառքի հերոսները: Եվ ես փորձեցի այդ ամենը հրատարակել մի գրքով: «Հայ հերոսներ» գրքում նրանք 288-ն են՝ մեկ էջ կենսագրականով եւ լուսանկարով: 299 Սոցիալիստական աշխատանքի հերոսներ, որոնք առանձնապես հարուստ կենսագրական չեն ունեցել: (Պատերազմի ժամանակ, երբ տղամարդկանց թիվը քիչ էր, կանայք էին իրենց ուսերին կրում աշխատանքի ծանրությունը): Աշխատանքի հերոսի կոչումն ստեղծվել է 1931թ., եւ նույն թվից էլ Հայաստանում ունեցել ենք աշխատանքի հերոսներ: Իսկ 1938թ.-ի դեկտեմբերի 27-ից այն անվանակոչվեց՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս: Առաջին հերոսը Մերժանյանցն է, որն ստեղծել է նաեւ ԽՍՀՄ հերոսի «Ոսկե աստղը»: Գիրքն ունի 14 բաժին: Սկսվում է ԽՍՀՄ հերոսներով, որոնցից առաջինը Կարապետ Սիմոնյանն է, ստացել է 1948թ., մասնակցել է Հայրենական եւ Ֆիննական պատերազմներին: Ընդգրկված են 104 հերոսներ, որոնցից 101-ը այդ կոչմանն արժանացել են պատերազմի ժամանակ, երեքը՝ պատերազմից հետո (պատերազմի մասնակից չեն): Հետո գալիս են Մարտական փառքի շքանշանի բոլոր ասպետները: Պարգեւատրման համակարգը եռաստիճան է: Երրորդ աստիճան ստացել է պատերազմի 1.000 000 մասնակից: Առաջինը եղել է հայ Գեորգի Իսրայելյանը՝ ծնունդով ղարաբաղցի: Գրքում կան նաեւ տարբեր երկրների բարձրագույն պարգեւների արժանացած ասպետներ: Այն կազմված է այբբենական կարգով, ձեւավորված գունավոր նկարներով: Ընդգրկված են. Իտալիայից՝ Մկրտիչ Դաշտոյանը, ԱՄՆ-ից՝ Էռնեստ Դերվիշյանը, Ֆրանսիայից՝ Միսաք Մանուշյանը, Ֆաշիստական Գերմանիայից՝ Պերճ Զուդերման Դավթյանը, Չեխոսլովակիայից՝ Արտեմ Պետրոսյանը, Թուրքիայից՝ Սարգիս Թորոսյանը, որը երեք անգլիական նավ է խորտակել, Լատվիայից՝ Րաֆֆի Իսաջանյան՝ դաշնակահար, կոմպոզիտոր: Հետո Հայաստանի Ազգային հերոսների շարքն է սկսվում: Նրանք 15-ն են, որոնցից 14-ը հայ են: Առաջինը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն է ստացել, երկրորդը՝ Վիկտոր Համբարձումյանն է, որը նաեւ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է: Վ.Սարգսյանը, Մ. Մելքոնյանը, Յու. Պողոսյանը նաեւ Արցախի հերոսներ են: Նրանք 22-ն են եւ հիմնականում՝ պատերազմի մասնակիցներ:
Արցախից հետո Ռուսաստանի Դաշնության հերոսներն են՝ թվով հինգը, որոնցից Արթուր Չիլինգարովը նաեւ ԽՍՀՄ հերոս է: Գրքում ընդգրկված են Ուկրաինայի, Աբխազիայի հերոսները: Աբխազական պատերազմում 1992 թ.-ից գործել է առանձին հայկական ջոկատ «Բաղրամյան» անվանումով: Հայորդիները պաշտպանել են իրենց ընտանիքը, գյուղերը: Աբխազիայից 18 հերոս կա:
Գրքում տեղ են գտել նաեւ Պետրոս Առաջինի օրոք ստեղծված «Սուրբ Անդրեյ նախավկայի» շքանշանի ասպետներ, որն, ի դեպ, համարվել է բարձրագույն պարգեւ: Այդ պարգեւին Միջին Ասիայից եւ Կովկասից արժանացել են 7 հոգի: Դրանք են՝ գեներալներ Վասիլի Բեյբութով, Միխայիլ Լորիս-Մելիքով, Լեւոն Մելիքով, երեք կաթողիկոս՝ Մ.Խրիմյան, Ն. Աշտարակեցի, Եփրեմ Ձորագեղցի եւ լուսավորության նախարար Իվան Դելյանովը: Գրքում կան նաեւ ազգությամբ հայ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի Սոցիալիստական աշխատանքի հերոսներ, որոնցից 12-ին հատկացված է մեկ էջ լուսանկարով, իսկ մնացածը ներկայացված են ցուցակով: 1939թ. «Աշխատանքի հերոս» կոչումը անվանափոխվեց «Սոցիալիստական աշխատանքի հերոս»-ի: Այն շնորհում էր Մոսկվան: Գրքում ընդգրկված Սոցիալիստական աշխատանքի 62 հերոսները ներկայացված են մեկ էջով, 254-ը՝ ցուցակով:
1974 թ. ստեղծվեց «Աշխատանքային փառքի շքանշանի լրիվ ասպետներ» կոչումը: Գրքում 4-ի կենսագրականն է: Հետո գալիս են Բուլղարիայի Սոցիալիստական աշխատանքի հերոսները, որոնք երկուսն են:
Այսքանը գրքի մասին: Ասեմ, որ Մարտական փառքի բոլոր հերոսների նկարները վրձնել է նկարիչ Խորեն Հակոբյանը: Որոշել եմ դրանք հանձնել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին:
-Պարոն Ասրյան, Մեծ հաղթանակի 70-ամյակին եւ Եղեռնի 100-ամյա տարելիցին նաեւ այս գիրքը եկավ ասելու, որ մենք, չնայած մեզ բաժին հասած դաժան ճակատագրին, պիտի քայլենք մեր հերոս նախնիների ճանապարհով…
-Վառ ապացույցն այն է, որ «Հայ հերոսներ» գրքի շատ հերոսներ ծնունդով Արեւմտյան Հայաստանից են, ինչպես նաեւ Եղեռնից վերապրածների զավակներ, որոնք բնակություն են հաստատել ԽՍՀՄ տարբեր երկրներում, Հայաստանում, Արցախում…
Հայաստանի Ազգային հերոսներից հետո գրքում Արցախի հերոսներն են, որովհետեւ Հայաստանը եւ Արցախը անբաժանելի են, ընդհանուր մեկ հայրենիք, երկու պետություն… Մենք հերոս ժողովուրդ ենք, դրա համար էլ այսօր կանք:
-Պարոն Ասրյան, ոչ պակաս կարեւոր է, որ գիրը կմնա հիշատակող նաեւ այն բարերար հովանավորներին, ովքեր օգնեցին գրքի հրատարակմանը, կարեւորեցին հայրենանվեր այս գործը եւ այս օրերին: Նրանց վարքը նույնպես հայրենանվիրում է…
-Գրքում ե՛ւ էջերով, ե՛ւ ցուցակով ներկայացված են բարերար հովանավորները, որոնց եւս մեկ անգամ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել: Երբ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից իմացան, որ նման գործ ենք ձեռնարկում, բարերարներ Սերգեյ Ալեքսանդրի Կարաօղլյանը եւ Հրաչյա Միսակի Պողոսյանը օգնության ձեռք մեկնեցին: Հետո եղան բարերարներ նաեւ Երեւանում: Հրանտ Վարդանյանը, Տեր եւ Տիկին Կառլեն եւ Սառա Եսայանները, որոնք Երեւանում՝ Նոր Նորքի առաջին զանգվածում, ստեղծեցին Նանսենի թանգարանը: Օգնություն եղավ նաեւ «Փյունիկ» հիմնադրամի կողմից: Ուզում եմ իմ եւ ոչ միայն իմ, այլեւ մեր ժողովրդի անունից շնորհակալական խոսք ասել բոլոր նրանց, ովքեր օգնել են այս գրքի հրատարակմանը: Պիտի ասեմ, որ մեր օրերում դա նույնպես հերոսություն է:
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից