Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄՈՒ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԴԵՄ



«Հիշում ենք եւ հպարտանում» խորագիրն էր կրում ապրիլի 29-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում կազմակերպված մեծարման ցերեկույթը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վետերան բժիշկներին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնվեր ծառայության համար գերատեսչական մեդալներ հանձնեց Մեծ հայրենականի մասնակից վետերան բժիշկներին:

Հայրենական պատերազմի վետերան, բժշկական ծառայության մայոր Սուրեն Ստեփանյանի բնակարանում ենք: Սեղանին գրքեր, ամսագրեր, փաստաթղթեր են` վետերանի մարտական ուղու մասին պատմող վկայություններ: Ավելի քան խոսուն են վետերանի զինվորական համազգեստին փակցված 35-ից ավելի շքանշաններն ու մեդալները՝ Կարմիր աստղի 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, Քյոնիգսբերգի գրավման, «Առողջապահության գերազանցիկ» եւ այլն…

Սուրենը 18-19 տարեկան էր, երբ հայտնվեց պատերազմի թոհուբոհում:

-Բելառուսի Վիտեբսկ քաղաքում էր,- հիշում է վետերանը,- ներկայացա գլխավոր բժիշկ Սմիրնովին եւ զեկուցեցի, որ բժշկական տեխնիկումը կարմիր դիպլոմով ավարտել եմ եւ եկել ռազմաճակատ: Ասացի, որ դեռ փորձ չունեմ, միայն տեսականորեն եմ լավ տիրապետում մասնագիտությանս եւ խնդրեցի` առայժմ առաջին գիծ ուղարկել, որպեսզի անհրաժեշտ փորձառություն, հմտություն ձեռք բերեմ: Նա ընդառաջեց ինձ:

Հենց առաջին օրն իսկ նորաթուխ բժիշկն ընկնում է դիպուկահարների կրակոցների տակ: Մահը սուրում էր շուրջբոլորը, ավելի մեծ էր մեռնելու հավանականությունը, քան ապրելու, բայց…

-Վստահ էի, որ ինձ ոչինչ չի պատահի, չեմ զոհվելու, թեև ընկերներս ինձ ձեռք էին առնում, հոգուս հետ խաղում էին` ասելով. «Ռմբակոծության տակ կընկնես, եւ ամենամեծ կտորը ականջդ կմնա»: Բայց ես պատասխանում էի. «Միեւնույն է, չեմ մեռնելու, անգամ չեմ էլ վիրավորվելու: Ես մարզիկ եմ, ո՞նց կմարզվեմ, եթե վիրավորվեմ: Չե՞ք հավատում՝ ով ողջ կմնա՝ կհամոզվի…»:

Սուրեն Ստեփանյանը կռվում է Մերձբալթյան առաջին եւ Բելառուսական ռազմաճակատներում: Նրանց դիվիզիան առաջինը մտավ Արեւելյան Պրուսիա: Դաժան կռիվ էր Քյոնիգսբերգի համար: Քաղաք-ամրոցի գրավումը հանձնարարվում է Հովհաննես Բաղրամյանին, որն էլ անթերի իրականացնում է այն:

-Մենք երկու ամիս չէինք կարողանում գրավել Քյոնիգսբերգը, – հիշում է բժիշկ վետերանը:- 700-ից ավելի ինքնաթիռ մի քանի օր անընդմեջ ռմբահարում էր քաղաքը: Եվ երբ բունկերից սպիտակ դրոշը պարզած դուրս եկավ պարետը` Օտտո ֆոն Լյաշը, նա իր քաղաքը չճանաչեց` ավերակների կույտ էր….

Իսկ պատերազմի ժամանակ բժիշկներն ամենուրեք էին՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում, պարտիզանական ջոկատներում, նրանք կռվում էին երկու ճակատով՝ թշնամու դեմ եւ մահվան դեմ:

-Ամեն գումարտակ ուներ իր սանիտարական դասակը: Մեր խնդիրն էր առաջին բուժօգնությունը ցուցաբերել, փրկել վիրավորի կյանքը: Խտրականություն չէինք դնում թշնամու զինվորի և մերոնց միջև. ով ավելի ծանր էր, նրան էինք առաջին օգնությունը ցուցաբերում: Մեր բուժելուց հետո թշնամու զինվորին կարող էին դատել, գնդակահարել, բայց մենք բժշկի մեր մարդկային ու մասնագիտական պարտքն էինք կատարում:

Աստված խնայում է Սուրեն Ստեփանյանի կյանքը: Նա ողջ-առողջ, ինչպես սիրտը վկայում էր, տուն է վերադառնում, ընտանիք կազմում, շարունակում աշխատել իր մասնագիտությամբ…

-Տղաս նույնպես բժիշկ է, աշխատում է Մոսկվայում: Ասում է՝ հայրի՛կ, 100-ամյակդ մեծ շուքով ենք նշելու:

-Բա 100-ից հետո՞, -կատակում եմ ես:

-Ժամանակի դեմ ամեն ինչ անզոր է,- տխուր դառնությամբ խոստովանում է վետերան բժիշկը,- ընկերներս վաղուց չկան: Առաջ հավաքվում էինք, հիշում պատերազմական օրերը, արցունք ու ժպիտ խառնվում էին իրար….

Հրաժեշտ եմ տալիս ծերունազարդ զինվորին, քաջառողջություն մաղթում ու, իհարկե, մեկ անգամ էլ շնորհավորում պաշտպանության նախարարի ձեռքով հանձնված մեդալի համար…

-Միայն թե այլեւս պատերազմ չլինի, պատերազմ չլինի…,- հնչում է բժիշկ վետերանի հրաժեշտի խոսքը:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Ճակատագրեր


07/05/2015